[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

ՙԱԱ՚

Հադրութի շրջանի Տող գյուղի արվեստի դպրոցի սաները մշտապես մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող մրցույթներին և գրավում առաջնային տեղեր: Դպրոցն առաջին անգամ մասնակցեց ՙԱրտ Մյուզիք՚ արվեստի միջազգային մրցույթ-փառատոնին, որը Հայաստանում անց է կացվում 10-րդ անգամ: Փառատոնը հեղինակություն է ձեռք բերել կազմակերպական բարձր մակարդակի և անվանակարգերի բազմազանության շնորհիվ:

2019թ. փառատոնին, որը Երևանում մեկնարկեց մարտի 17-ին, հայտ էին ներկայացրել 1300 մասնակիցներ ոչ միայն Հայաստանից և Արցախից, այլև աշխարհի այլ երկրներից:
Տողի արվեստի դպրոցից մասնակցելու հայտ էին ներկայացրել 10 սաներ, նկարչություն անվանակարգում` 8 (յուրաքանչյուրը` 2-ական աշխատանքով), ժողովրդական երգ անվանակարգում` 1 հոգի, ազգային նվագարաններում` 1 շվիահար: Նշենք, որ մրցույթին մասնակցելուն օժանդակել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը:
Նկարչություն անվանակարգում Տողի արվեստի դպրոցի գեղարվեստական բաժնի նկարչության 2-րդ դասարանի սան Մարիամ Շաբուրյանը (1-ին տարիքային խումբ) արժանացել է Գրան պրիի, իսկ ժողովրդական երգ անվանակարգում 1-ին մրցանակ է շահել Նարե Ստեփանյանը (2-րդ տարիքային խումբ), որը հանդես եկավ Ներսես Շնորհալու ՙՆոր ծաղիկ՚ շարականի և հայկական ժողովրդական երգերի կատարմամբ:
Դպրոցից ուղարկված մյուս մասնակիցը` շվիահար Գեորգի Հայրապետյանը (3-րդ տարիքային խումբ) հանդես կգա ապրիլի 4-ին:
Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Սուսաննա Բալայանը, սաների ձեռք բերած հաջողությունն արդյունք է դպրոցի մանկավարժներ` գեղանկարիչ Առնոլդ Մելիքսեթյանի և երգիչ Մարատ Հարությունյանի տքնաջան և նվիրված աշխատանքի:
ՙԱրտ Մյուզիք՚ արվեստի միջազգային փառատոնը Երևանում կտևի մինչև ապրիլի 8-ը: