[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ ԿՆՇԱՆԱՎՈՐՎԻ ԱՆՎԱՆԻ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ

Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 ՙԹատրոնը՝ որպես փոխըմբռնման և ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման միջոց՚ նշանաբանի ներքո դեռևս 1961 թվականից մարտի 27-ը նշվում է որպես Թատրոնի միջազգային օր ։ Նպատակը` ազգերի միջև խաղաղության և բարեկամության ամրապնդումն է, աշխարհի բոլոր թատերական գործիչների համագործակցությունը։ 

Ինչպես է Թատրոնի միջազգային օրը նշվում Արցախում և ինչ նորություններ ունի Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը . այս և թատերական ներկայիս կյանքի մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել ենք մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։

- Ինչպե՞ս է Արցախում նշվում Թատրոնի միջազգային օրը ,և ինչո՞վ է այն առանձնանում Ձեզ համար ։
- Ընդհանրապես, թատրոնն իր բնույթով այնպիսի կառույց է, որի ամեն օրն է տոն. փորձեր, ներկայացումներ, պրեմիերաներ, աշխույժ եռուզեռ ու առօրյա։Թատրոնի միջազգային օրվա նշանավորմանը յուրաքանչյուր տարի յուրովի ենք փորձում ներկայանալ ։ Օրն, իհարկե, տոնական տրամադրությամբ է դիմավորում թատրոնի անձնակազմը։ Անձամբ, կարծում եմ, որ տոնը արտիստի մեծարման, թատրոնի նվիրյալների ու թատերասերների օրն է։ Այս տարի Արցախում մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օրը, կնշանավորվի մայր թատրոնի երկու լեգենդար դերասանների` Բենիկ Օվչյանի (100) և Թամարա Մելքումյանի (105) հոբելյաններով։ Արցախի հանդիսատեսն առ այսօր խոր ակնածանքով ու սիրով է հիշում մեծանուն դերասաններին, ինչպես նաև մայր թատրոնի այդ ժամանակաշրջանի աստղաբույլին։ Տարբեր երկրներում յուրովի է նշվում Թատրոնի միջազգային օրը. նոր ներկայացնումներ, շքերթներ, հոբելյաններ, այնուհանդերձ, այս օրը համախմբում է աշխարհի բոլոր թատրոնները։
-Թատրոնն այսօր ունի՞ հանդիսատեսի պակաս։
-Այդ առումով մեր ունեցած վիճակագրությունն ուրախացնող է. թատերասերների թիվն շարունակ աճում է։ Մեր հանդիսատեսը բարձրաճաշակ է, պահանջկոտ ու հավասարակշիռ։ Թատրոնն այսօր սահմանել է մի նշաձող, որը, համոզված եմ, շեշտակի զարգացում է ապահովելու մեր արդեն իսկ ունեցած ձեռքբերումների համար։ Կարծում եմ` մեր գործունեության մեջ ակտիվությունը երևի թե արդեն նկատելի է, որն արտացոլվում է թե՜ ներկայացումների որակական չափանիշներով, թե՜ կազմակերպական աշխատանքներով և թե՜ ԶԼՄ-ներով ու սոցցանցերով թատրոնի գործունեության ու կարևորության մասին լուսաբանումներով։ Ամսական կտրվածքով 8-9 ներկայացում ենք բեմադրում՝ կոմեդիաներ, դրամաներ, արդի, դասական ստեղծագործություններ, մանուկ հանդիսատեսի համար նախատեսված ներկայացումներ։
-Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում։
-Այս տարի ունենք մի կարևոր նախաձեռնություն, որը, հուսամ, կհաջողենք. Ցանկանում ենք բեմադրել Արցախյան ազատամարտին նվիրված ներկայացում։ Իհարկե, ներկայացմանը հուզիչ պահեր լինելու են, բայց փորձելու ենք հնարավորինս նոր լույսի ներքո ներկայացնել թեման։ Բեմադրությունը ներկայացվելու է զոհված ազատամարտիկ Արմեն Ավագյանի դուստր, արցախցի գրող Հերմինե Ավագյանի ՙՊատերազմ...Աչքեր... Ծաղիկներ՚ գրքի մոտիվներով։ Արդեն իսկ, գրքի՝ ՙԼուսաբացից առաջ՚ պատմվածքի մոտիվներով բեմագիրը պատրաստ է, աշխատում ենք փորձերի վրա։ Ներկացումը նախատեսում ենք հանդիսատեսի դատին հանձնել ընթացիկ տարվա մայիսին, ինչ-ինչ խնդիրների պատճառով եթե չհաջողվեց, ապա`սեպտեմբերին։ Այդ առումով ունենք բեմահարթակի և տեխնիկայի հետ կապված խնդիրներ։ Այնուամենայնիվ, եթե հաջողենք, բեմադրությունը կդառնա Ստեփանակերտի մայր թատրոնի այցեքարտը։
- Այս տարի հյուրախաղեր նախատեսվու՞մ են։
- Առաջիկայում Արցախի և Հայաստանի մշակութային գերատեսչությունների համատեղ նախաձեռնությամբ նախատեսում ենք երևանյան բեմում հանդես գալ ՙՏմբլաչի Խաչանը՚ ներկայացմամբ։ Միջազգային բեմ դուրս գալու համար կատարելագործման անհրաժեշտություն առայժմ կա։ Ներկա պահին այդ փուլում ենք։