Logo
Print this page

ՙԵՍ ԿՌՎՈՒՄ ԵՄ ՈՒ ԿՐԱԿՈՒՄ ԵՄ ՉԱՓԱԾՈ...՚

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Կոմիտաս Հակոբյան։ Ազատամարտիկ-բանաստեղծ, ով ասպարեզ մտավ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարիներին, կամավոր զինվորագրվեց հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, մասնակցեց մարտական գործողություններին` դրսևորելով անկոտրում ոգի, հասուն կամք։ Ստեղծագործեց ընդամենը 2-3 տարի։ Զգացվում էր օժտվածությունը, ինքնատիպ ձեռագիրը։ 1993-ին, երբ որոտում էին հրանոթները, լույս տեսավ առաջին գիրքը` ՙԳոյության պատրանք՚ խորագրով, որն արժանացավ արվեստագետների ուշադրությանը։ Սերո Խանզադյանը գրեց. ՙԾավալով սրտի պես փոքր, բայց սրտի պես կյանք ու ոգի կենդանի պահող բանաստեղծական այդ պատառիկները համազգային արժեքներ են։ Հասուն ոգի, արթուն միտք, մարտական կամք, հաղթանակի հավատ, նաև` ջահել սրտի սեր։ Սեր խրամատում, մահվան երկյուղը վանող աստվածային սեր՚։

1997-ին հետմահու լույս տեսավ Կոմիտաս Հակոբյանի երգերի գիրքը՝ ՙՆվիրում՚ խորագրով, 2017-ին՝ առաջին գրքի խորագիրը կրող ՙԳոյության պատրանք՚ ժողովածուն, որտեղ տեղ են գտել բանաստեղծություններ, մարտական գրառումներ, նաև անտիպ բանաստեղծությունները, հարազատների, մարտական ընկերների, ժամանակակիցների հուշերը։
Կ. Հակոբյանի և՜ ստեղծագործությունները, և՜ ապրած կյանքը խորհրդանիշ են անձնազոհության, նվիրումի, հայրենիքի, օջախի, ծննդավայրի, սիրած աղջկա հանդեպ։
Ծնվել է 1972թ. հունիսի 1-ին, ԼՂԻՄ Մարտունու շրջանի Քերթ գյուղում, մտավորականի ընտանիքում։ Հայրը հետաքրքիր, բարի ու ազնիվ մարդ էր, եղել է գյուղի կոլտնտեսության նախագահը։ Մայրն իսկական հայ կնոջ կերպար էր` գեղեցիկ, բարի, ազնիվ, եղել է գյուղի գրադարանավարուհին։ Ընտանիքում, որտեղ մեծանում էին 7 երեխաներ, հարգի էր գիրն ու գրականությունը։ Կոմիտասն ավարտել է տեղի միջնակարգը, նույն թվականին ընդունվել է Սեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրության բաժինը։ Բանաստեղծական շարքերով հանդես է եկել ՙԽորհրդային Ղարաբաղ՚ թերթում, ՙԱրցախ՚ ամսագրում։
ԼՂՀ գրողների միության անդամ է 1994-ից (հետմահու)։ 2004-ից Կոմիտաս Հակոբյանի անունով է կոչվում հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը։ Հետմահու պարգևատրվել է ՙԱրիության համար՚ մեդալով։ Զոհվել է 1994-ի մայիսի 5-ին, երբ ինստիտուտում նախապետական քննություններն էին ընթանում։ Դասախոսները նշանակել են ՙգերազանց՚, դիպլոմը հանձնել ծնողներին։ Ժամեր էին մնում տուն վերադառնալուն, հաղթանակի բերկրանքը վայելելուն։ 22 տարեկանում ընդհատվում է մարտիկ-բանաստեղծի կյանքը Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի պաշտպանական թեժ կռիվների ժամանակ։
Ներկայացնենք անցած մարտական ճանապարհը։ Մինչև կանոնավոր բանակի ստեղծումը մասնակցել է պաշտպանական և ազատագրական մի շարք գործողությունների, որտեղ ձեռք է բերել բավարար պատրաստականություն։ Երբ ձևավորվեց Մաճկալաշենի գումարտակը, Կոմիտասն անդամագրվեց նորաստեղծ այս ստորաբաժանմանը։ Նրան վստահում էին և՜ հրամանատարությունը, և՜ ընկերները։ Մասնակցել է Ամարասի պաշտպանական մարտերին, Դիվանլար և Ղաջար գյուղերի ազատագրման գործողություններին, Մարզիլուի, Ամիրանլարի, Գևորգավանի թշնամական հենակետերի վերացմանը, Ֆիզուլու, Աղդամի շրջանների ազատագրությանը։ 1993 թվականին Կոմիտասն իր մարտիկների հետ առաջինը բարձրացավ Ֆիզուլու բարձունքներից մեկը։ Մաճկալաշենի գումարտակի հրամանատարությունը նրան նշանակում է վաշտի հրամանատարի տեղակալ, նա ստանում է սպայական կոչում։
22-ամյա Կոմիտասի քաջությունն ու անձնազոհությունն առանձնապես ցայտուն բացահայտվում է 1993թ.-ի դեկտեմբերից սկսած։
Ավագ սերնդի գործն ու սխրանքը շարունակեցին 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսները։
Ժամանակակիցները Կոմիտասի մասին։
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ.-Ես ինչ կարող եմ գրել քո մասին, Կոմիտաս։ Դժվարանում եմ ինքս ինձ խոստովանել, որ դու զոհվել ես։ Երբ Ստեփանակերտի փողոցներում հանդիպում էինք, դու քաշվելով մոտենում էիր, քո բանաստեղծության չբացված երակների ոսկին էիր պարզում, ու Արցախին այնպես էիր սազում քո զինվորականացված բանաստեղծությամբ, քո գրած ու չգրած սիրերգերով։ Մենք սպասում էինք քո նոր գրքին, որովհետև քեզ նման տաղանդներ հաճախ չէ, որ ծնվում են։ Եվ մեր մխիթարությունը քո հերոսության մեջ մշտապես ապրող Արցախն է ու Արցախի սրտում քո անունը՝ բանաստեղծության խորհրդով։ Դու քո երգով ու սխրանքով ցույց տվեցիր, թե ինչպես է լինում, որ վերջից գալիս ու դառնում են առաջինը։
Մետաքսե.- Աշխարհի գոյակցության այս անթափանց թոհուբոհի մեջ Կոմիտասը թափանցող ոգի էր, որից ճառագում էին հույս ու ազնվություն, դառնում օրհներգ ու պատրանք, հոգևոր սպեղանի, որով խրամատների մեջ ամոքվում էին հավատավոր ու սիրահար սրտերը։ Նրա տողերը թևավորում էին մարտական ընկերներին։ Բանաստեղծ-զինվորի ստեղծագործական աշխարհն իր խարույկն ունի, որ հրավառել է սեփական արյան կարմիր գնդիկներով, որոնք, մեկիկ-մեկիկ բոցավառվելով, պիտի լուսավորեն աստղերի միջով ձգվող նրա հավիտենական ճանապարհը։
Ռոբերտ ԵՍԱՅԱՆ.- Կոմիտաս Հակոբյանի կյանքի ճանապարհը պատգամ է, սերունդներին հղված խոստովանություն։ Նա իր կարճ, բայց իմաստավոր կյանքով գրեց մի ստեղծագործություն, որ կոչվում է... անմահություն։ Նրա բանաստեղծությունները, որ հոգու թրթիռներ են, արտացոլում են մաքառման ոգու փիլիսոփայությունը։
Ժաննա ԲԵԳԼԱՐՅԱՆ.- Նրա հորինվածքի մեջ աստվածային բան կա։ Ավելի շատ անակնկալի բերող։ Թեև բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն անվանել է ՙԳոյության պատրանք՚, բայց նրա գոյությունը պատրանք չէ։ Նա շոշափելի իրականություն է՝ բանաստեղծական իր բնույթով հանդերձ։ Կ. Հակոբյանի ֆիզիկական չգոյությունը պայմանական է։ Նա հավերժ ներկաների մասնիկն է արդեն, բացարձակ ներկան։
Ներկայացնում ենք Կոմիտաս Հակոբյանի բանաստեղծություններից։

 

...Հույսի ճիչը պիտի խլացնի հավերժ
Խուլ ոռնոցները յաթաղաններ ծնող,,,


Կոմիտաս ՀԱԿՈԲՅԱՆ


ԱԶԱՏԱՄԱՐՏ
Տանկերը հռնդում են
Բիրտ կուսակցությունների
Մեղքերը քավելու համար։
Հայ կարոտ ձեռքը
Կիսալուսնաձև կեռերն է ջնջում
Հայոց-հայատառ-հայ խաչքարերից։

Աչքերիս մեջ՝ անձրև։
Արև՝ իմ աչքերում։
Շփոթվել է ժամանակը։
Շփոթվել է այնպես, ինչպես
Եղանակը իմ աչքերում։
...Ես կռվում եմ
Ու կը-րա-կում եմ չափածո,
Տեղը պահում հանգն ու վանկը։
Տեր իմ Աստված,
Այս ի՞նչ եղավ.
Շփոթվել են
Իմ գրիչն ու ավտոմատը։
ՔԵԶ
Այս գիշեր դարձիր անքնությունս,
Մի բան կպատմեմ
Խրամատային իմ առօրյայից։
Արի մեկտեղվենք
Ու կռվենք մեկտեղ,
Դու ես զինվորիս
Կիսողը ցավի։
ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ ԱՐՑԱԽ
Քո երկնքում ամեն օր
հույսի աստղեր են ծնվում,
որոնց արձագանքն այստեղ...
օրորոցներ են։
Դու՝ լեռնացող երազ,
կորստյան մոխիրներից
կարկառված քարերդ
վիմագիր կոչեր են,
որ ոգեշնչում են կյանքդ...
Մենք կանգուն ենք անգամ
տագնապոտ օրերի
երախի մեջ,
քանի դեռ
մեր երակներում
հորդում է մեր նախնիների
գոյատենչ արյունը։
ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ
Ծառերի վրա
լույսն է ուշաթափվել։
Քամին բերում է
Գիշերահավի ձայնը։
Կտուրների վրա
Հավաքված մարդիկ
ասում-խոսում են.
-Բարեբախտաբար այսօր
կրակոցներ չեղան,-
քնում են։
Գյուղը հառաչում է երազի մեջ
-Օրեր են, կանցնեն...
Արևածագին զարթնում են բոլորը,
իսկ տղերքը
սարից դառնում են տուն։

1988
Մղձավանջային քնից մահաբեր
Կարկառվեց նորից ցոլքը երազի,
Որ ընծայել են մեր նախնիները
Մեզ դեռ առաջուց։

Ու լեռնաշխարհիս կապարե կուրծքը
Միջնադարի պաղ շղթան թոթափել
Եվ աստվածաշունչ կանչով ազգատենչ
Ծանուցագիր է հղել զարթոնքի։
Եվ հույսը ընդդեմ կացին ու սրի,
Արյան հետքերը լիզելով դարձյալ,
Բոլորանվեր տենչերը ուսած
Իր հոգու երգն է հյուսել վերստին։

...Հույսի ճիչը պիտի խլացնի հավերժ
Խուլ ոռնոցները յաթաղաններ ծնող,
Վայրահաչոցը պիտ գահավիժի
անդունդներն անտակ,
Ու գալիքաեռ երազով օծուն
Հողի հայացքը հաղթության շիթեր
պիտի ներշնչի։

* * *
...Սև անգղերը շանթահարում են
քո կապույտ լռությունը,
դարավերջի արկ ու հրթիռները
քրքրում են քեզ.
Բայց, երկիր իմ,
խրամատում համառ է զինվորդ։

* * *
Նորից մի հիշողություն՝
Անցած սիրո պես հարազատ,
Նորից կարոտ, կարոտ փխրուն,
Անդրադարձի հայելիներ երազահան։
Հետո կրկին՝ հուշեր, հուշեր...
Որ երազող հայացքի պես կղզիացած,
Ետ են տանում ժամանակի սլաքները
Ու սուզվում են անցյալի մեջ
ոստայնացած։
Եվ վայրկյաններ վերապրումի,
Վաղնջական հույզեր ճերմակ։
Հետո կրկին՝ սերե՛ր, սերե՛ր,
Եվ աչքերիս դեմ կարկառված
Առարկաներ պաշտամունքի՝
Դեմքե՛ր, դեմքե՛ր...
Նորից մի հին հիշողություն,
Նորից կարոտ, կարոտ փխրուն։

***
Թարմություն է ներշնչում
հողի հայացքը նորից,
Ու կանաչը վերստին
վեհապետն է բնության,
Իսկ աչքերս պատկերդ
քանդակում են օդի մեջ,
Ու կիսվում եմ ես նորից
լռության հետ անթերի։

Ետ եմ տանում հուշերիս կծիկը
դեռ մխացող,
Անակնկալ հայտնվում
առանցքներում հանդիպման,
Ու մղումով մի ներքին
մերձենում եմ կոպերիդ,
Եվ շուրթերս աննահանջ
հայցվորներ են համբույրի։

Բայց տենչերիս ճեղքերից
պատրանքներ են ծորում ցած,
Ու սսկվում եմ ես նորից
դառնության մեջ խորշելի,
Ու էությամբ փարվում եմ
մոռացումի անցքերին,
Որ հավերժի գրկի մեջ
ապաստանի մեր սերը։

Ու կիսվում եմ ես նորից
լռության հետ անթերի,
Իսկ աչքերս պատկերդ
քանդակում են օդի մեջ,
Ու կանաչը վերստին
վեհապետն է բնության,
Թարմություն է ներշնչում
հողի հայացքը նորից։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.