ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ` ՙՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՎ՚
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և ՙԱրցախի Հանրապետության ռուսական համայնք՚ հասարակական կազմակերպության համատեղ ուժերով ապրիլի 20-25-ը Արցախում անցկացվում են միջոցառումներ` ՙՀպարտանում ենք մեր բարեկամներով՚ ընդհանուր խորագրով: Մեկնարկը տրվել է Բերձորի Վ. Թեքեյանի անվան հ. 1 միջնակարգ դպրոցում, որտեղ ՙԻմ ընկերը՚ խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ է կազմակերպվել` նվիրված գրող Աշոտ Բեգլարյանի և ռուս գրող Վիկտոր Կոնոպլյովի ծննդյան 50-ամյակներին:
Նույն օրը ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում տեղի է ունեցել հանդիպում ռուս գրողի հետ:
Միջոցառումների շարքը շարունակվել է Ստեփանակերտի Ալ. Գրիբոյեդովի անվան հ. 3 միջնակարգ դպրոցում, որտեղ ՙՊատմական լավատեսը՚ թեմայով բաց դաս է կազմակերպվել Ա. Բեգլարյանի ստեղծագործությունների հիման վրա: Օրվա երկրորդ կեսին դպրոցի դահլիճում կազմակերպվել է գրական-երաժշտական ցերեկույթ` նվիրված Վ. Կոնոպլյովի ծննդյան 50-ամյակին` ՙԵս ռուս եմ, ես սիրում եմ հայերին նույն սիրով, ինչ սիրով իմ ազգակիցներին՚ խորագրով: Միջոցառմանը ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ԱՀ Նախագահ Բ. Սահակյանի անունից ՙԵրախտագիտություն՚ մեդալ է հանձնել Վ. Կոնոպլյովին` հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ակտիվ մասնակցության համար:
Ապրիլի 25-ի միջոցառումները շարունակվել են Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան հ. 2 հիմնական դպրոցում` նվիրված հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիին` ՙՊարուրված մեր պատմությամբ և մշակույթով՚ խորագրով:
Երեկոյան Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում ՙԲարդու և կեչու արանքում՚ խորագրով տեղի կունենա գրական-երաժշտական երեկո` նվիրված լրագրող, բանաստեղծ Սեյրան Կարապետյանի ստեղծագործություններին: