ՙՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ. ՄԱՐԴԸ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ՚
Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ
Հայ իրականության մեջ թումանյանագիտությունն սկզբնավորվել է 1890-ական թվականներին` մեծ բանաստեղծի երկերի առաջին և երկրորդ ժողովածուների տպագրությունից անմիջապես հետո։ Ճիշտն ասած, այս դիտարկումը պարզապես խորհրդանշական ենք համարում, որովհետև 1890-ականներին եղած արձագանքները մի կողմից բանավոր-դրական էին, մյուս կողմից` հարձակողական-վիրավորական։ Դրական արձագանքները Մեծ Լոռեցին ստացել էր Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում սովորող հայ ուսանողներից, իսկ բացասական-անիմաստ-վիրավորական կարծիքները` գրականության վերաբերյալ պահպանողական-քարացած հայացքների տեր Ռ. Դրամբյանի և ոմն Ս.Հ.-ի կողմից։ Մենք Ս. Հ. ենք գրում այն առումով, որ Թումանյանը արհամարհանքով այդպես է կոչել նրան։
Թումանյանագիտությունը բառի բուն իմաստով հիմնադրվել է հենց իր` Թումանյանի կողմից։ Նա ստիպված հանդես եկավ բթության դեմ բանավեճային պայքարով։ Բանն այն էր, որ ոմն Ռուբեն Դրամբյան 1909թ. հուլիսի 28-ին ՙՄշակ՚-ի 162-րդ համարում հանդես եկավ ՙԳրական մեծությունները` բանագող՚ հոդվածով, որտեղ պնդում էր, թե իբր Թումանյանն իր ՙԾիտիկը՚ հեքիաթը վերցրել է Ս. Հայկունու ՙԱշըղ Ահլոր՚ առակից` չհասկանալով ժողովրդական բանահյուսության նշանակությունը գրավոր գրականության զարգացման ճանապարհին։ Եվ Մեծ Լոռեցին 1909թ. գրեց պատասխան խոսք ՙՈչ գրական ոչնչությունները` քննադատ՚ խորագրով, որը տպագրվեց ՙՄշակ՚ թերթի 1909թ. 169-170-րդ համարներում, որտեղ մատնանշում էր Ռ. Դրամբյանի տգիտությունը։
Թումանյանագիտությունը միաժամանակ ունեցել է գրականության փիլիսոփայությունը հասկացող գործիչներ, որոնք ճիշտ են գնահատել Թումանյան-անհատականության տեղն ու դերը հայ նոր գրականության ասպարեզում։ Դրանցից են Ա. Տերտերյանը, Մ. Աբեղյանը, Վ. Տերյանը, Պ. Մակինցյանը, Լ. Շանթը, Վ. Ահարոնյանը և ուրիշներ։
Նշենք, որ 1920-ական թվականների սկզբին դարձյալ հնչել են անլուրջ կարծիքներ Մեծ Լոռեցու ստեղծագործության վերաբերյալ` առանձնապես կապված նոր գրականության զարգացման ասպարեզում անցյալի գրական ժառանգության ժխտման սկզբունքների հետ, ինչն իր արտահայտությունը գտավ նաև Չարենցի խմբագրած ՙԵրեքի դեկլարացիայի՚ մեջ, որտեղ Թումանյանը համարվում էր գեղջուկ բանաստեղծ, որից սովորելու ոչինչ չունեն, Ավ. Իսահակյանի պոեզիան գնահատվեց որպես մանր-բուրժուական քաղքենիական ապրումների արտահայտություն, իսկ Վ. Տերյանի քնարերգությունը` թոքախտավոր։
Իհարկե, Չարենցը շատ արագ զգոնացավ` բարձր գնահատելով մեր ազգային հանճարին և 1933թ. գրեց.
Ես կարդում եմ նրան ու ասում.-
Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր`
հավասար նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ,
մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել
իրար հետ քեֆի նստելիս։
Եվ այսպես, 1930-ական թվականների սկզբին Չարենցի աստղալից հոգու Կաթնծիրում փայլատակեցին Մեծ Լոռեցու անունն ու հավերժության օրհներգի սրտապարար տողերը։ Բայց աղքատիկ վիճակում էր թումանյանագիտությունը։ Երախտագիտությամբ նշենք, որ 1934-ին Ե. Չարենցի խմբագրությամբ Պետհրատը Երևանում հրատարակեց Թումանյանի Երկերի ժողովածուն։ Ինչ վերաբերում է թումանյանագիտությանը, նշենք, որ 1925թ. տպագրվել է Թ. Ավդալբեկյանի ՙՀայ գյուղը Հովհաննես Թումանյանի երկերում՚ գրքույկը` ընդամենը 48 էջի սահմաններում։ Ու միայն այդ։ Եվ երբ այս օրերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ աշխարհում նշվում է Մեծ Լոռեցու ծննդյան 150-ամյակը, ծանոթանում ես մի լուրջ ուսումնասիրության հետ` հրատարակված Բոստոնում 1936-ին` Վարդգես Ահարոնեան ստորագրությամբ, սիրտդ երախտագիտության ու հրճվանքի զգացումով է լցվում։ Հիացմունքդ ու հպարտությունդ եռապատկվում են, երբ տեսնում ես, որ այդ աշխատությունը վերահրատարակվել է Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության կողմից` 2019-ին։
Վ. Ահարոնյանի սույն գիրքը կրում է ՙՀովհաննես Թումանեան. մարդը և բանաստեղծը՚ վերնագիրը։
Վ. Ահարոնյանն աշխարհասփյուռ հայության շրջանում ճանաչված է եղել որպես հասարակական գործիչ, իրավաբան, գրող և մանկավարժ։ Առաջին Հանրապետության շրջանում նա վարել է հանրապետության դատախազի պաշտոնը։ Որպես գրող ստեղծագործել է երիտասարդ տարիքից, ինչպես նաև հրատարակել է ՙՅովհաննես Թումանեանը. մարդը և բանաստեղծը՚ (1936), ՙՐաֆֆի. կեանքը՚ (1936), ՙԱնդրանիկ. մարդը և ռազմիկը՚ (1957) գրքերը։
Ուսումնասիրության մուտքում հեղինակը Հովհ. Թումանյանին համարում է հայ գրականության ամենակարկառուն դեմքերից մեկը, որի կյանքն ու գործը սերտորեն կապված են 20-րդ դարի առաջին քառորդի հայոց գեղարվեստական խոսքի զարգացման հետ։ Եվ ոչ միայն այդ։ Ինչպես նշում է հեղինակը, ՙՈւսումնասիրել Հովհ. Թումանյանի կեանքն ու գործը, կը նշանակեր մինչև մի որոշ աստիճան ուսումնասիրած լինել այդ քառորդ դարի մեր գրական, մասամբ և հասարակական կեանքը՚։
Խրախուսելի ու լիարժեք գործ է կատարել Վ. Ահարոնյանը։ Ձեռնամուխ լինելով Մեծ Լոռեցու մասին նման աշխատություն ստեղծելուն մի այնպիսի ժամանակ, երբ հայրենիքից հեռու, ձեռքի տակ չունենալով անհրաժեշտ նյութեր, որոնց մեջ կարևոր մասը Թումանյանի դեռևս չտպագրված նամակներն ու հոդվածներն են, նշանակում է ստեղծել աննախադեպ, բազմաշերտ մի կենսամատյան։ Եվ ինչպես խոստովանում է հեղինակը, ինքը ՙջանացել է տալ Հովհ. Թումանեանի գրավիչ անձնավորութեան և հետաքրքրական կեանքի պատկերը այն չափով, ինչ չափով որ երկարամեայ անձնական ծանօթութիւնը մեծ բանաստեղծի հետ օգնել է գծելու այդ պատկերը։ Այս գիրքը գրելու համար հեղինակը ունեցել է միայն մեկ արժանահավատ աղբիւր` սեփական յիշողութիւնը՚:
Հովհ. Թումանյանի և Վ. Ահարոնյանի ընտանեկան մտերմությունն ու շփումները Թիֆլիսում հնարավորություն են ընձեռել հեղինակին ստեղծել կենդանի, թրթռուն պատմություն` լույսով, բույրով, խինդով, վշտով և հմայիչ խոսքով ու տաղով հագեցած այն կյանքը, որ պատկանել է Մեծ Լոռեցուն։
Գիրքը բաղկացած է երկու գլխից` ՙՄարդը՚ և ՙԲանաստեղծը՚ խորագրերով։ Տարբեր ենթավերնագրերի տակ հեղինակն առաջին գլխում ներկայացնում է Թումանյանի ծննդավայրը` Լոռին, բանաստեղծի հոր` Տեր Թադևոսի ընտանիքը, անդրադառնում է Թումանյանի` դեպի գիրքն ունեցած սիրուն, բնութագրում բանաստեղծի ժամանակը, առաջին գործը` ՙՇունն ու կատուն՚։ Այնուհետև հետաքրքիր ու պատկերավոր լեզվով հիմնավորում է, որ Թումանյանը բանաստեղծ էր նաև կյանքի մեջ։ Հենց դրա շնորհիվ նա հռչակվել էր նաև որպես Ամենայն հայոց թամադա։ Ուշագրավ են Հովհաննես Թումանյանի և Խրիմյան Հայրիկի հանդիպումներին նվիրված պատումները։
Էջ առ էջ, ինչպես ծիածանի համադրված երանգները, հեղինակը ներկայացնում է Թումանյանի այցելությունը հարազատ Լոռի, նրա վաստակը, հանդիպումը Սիամանթոյի հետ, վերջինիս անմիջական գնահատականները Մեծ Լոռեցուն։ Այսպես, կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի տանը հանդիպելուց հետո Վ. Ահարոնյանը և Սիամանթոն Թումանյանին ուղեկցում են իր տուն։ Թումանյանը հիացրել էր Սիամանթոյին իր իմաստուն զրույցներով։ Ու երբ հասնում են Մեծ Լոռեցու տուն, հրաժեշտից հետո Սիամանթոն շշնջացել է. ՙԱս ի՛նչ զարմանալի մարդ է սա մեր Թումանեանը… ջրվեժի նման կը հոսի, կը հոսի անդադար, և ծիածանը, որ կամար կը կապէ իր վրա…՚։
Վ. Ահարոնյանը ներկայացնում է նաև Հովհ. Թումանյանի այցելությունները պատերազմի դաշտ` Արևմտյան Հայաստան։
Գրքի հեղինակը հայտնում է, որ 1915-ի ամռանը Հովհ. Թումանյանը գնացել է նաև Վան։
Հեղինակը պատմական իրադարձությունների իմացությամբ պատկերում է այդ ծանր օրերը և Հովհ. Թումանյանի` Ամենայն Հայոց բանաստեղծի նվիրումը հայ որբերին փրկելու գործում։ Նա կարողանում է համոզել կաթողիկոսին` բացել նորակառույց վեհարանի դռները ու տեղավորել գաղթականներին։
Ականատեսի ճշմարիտ պատումով հեղինակը նկարագրում է Վերնատան ստեղծումն ու գործունեությունը, ապա ՙՀովհ. Թումանյանը և Հ. Յ. Դաշնակցության դատը՚ բաժնում վկայում, որ 1908-ի և 1909-ի ընթացքում ռուս կառավարությունը ձերբակալեց և դատի հանձնեց 100-ից ավելի հայ մտավորականների և ժողովրդական ռազմիկների։
1908-ի ձերբակալվածների մեջ էին Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը և 1909-ին` նաև Վ. Ահարոնյանը։
Թումանյանագիտությունը 1936թ. հետո զարգացման հարուստ ճանապարհ է անցել։ Տպագրվել են մի քանի տասնյակ գիտական աշխատանքներ և ուսումնասիրություններ։ Մաքուր խղճով ու ամենայն իրավունքով կարող ենք հաստատել, որ Վարդգես Ահարոնյանի ՙՀովհաննես Թումանեան. մարդը և բանաստեղծը՚ ուսումնասիրությունը ճշմարիտ թումանյանագիտության գրանիտե հիմնաքար է։ Այն մշտապես հետաքրքրելու է ոչ միայն թումանյանագետներին, այլև Մեծ Լոռեցու գրական ժառանգության սիրահարներին։