ՙՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՈՎ՚
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և ռուսական համայնքի համատեղ ուժերով ապրիլի 20-25-ը Արցախում անցկացվեցին միջոցառումներ` ՙՀպարտանում ենք մեր բարեկամներով՚ ընդհանուր խորագրով: Մեկնարկը տրվեց Բերձորի Վ. Թեքեյանի անվան հ. 1 միջնակարգ դպրոցում, որտեղ ՙԻմ ընկերը՚ խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ կազմակերպվեց՝ նվիրված արցախցի գրող, լրագրող, թարգմանիչ Աշոտ Բեգլարյանի և ռուս գրող, Արցախի բարեկամ Վիկտոր Կոնոպլյովի ստեղծագործություններին: Գրողները պատմեցին, թե ինչպես է սկիզբ առել իրենց ծանոթությունը 13 տարի առաջ վիրտուալ ձևով, որը հետո վերաճել է մեծ բարեկամության՝ ընդգրկելով մեծ շրջանակ: Նույն օրը ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ռուս գրողի հետ:
Միջոցառումների շարքը շարունակվեց Ստեփանակերտի Ալ. Գրիբոյեդովի անվան հ. 3 միջնակարգ դպրոցում, որտեղ ՙՊատմական լավատեսը՚ թեմայով բաց դաս կազմակերպվեց Ա. Բեգլարյանի ստեղծագործությունների հիման վրա: Միջոցառման կազմակերպիչ, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Աթաջանյանը, արժևորելով գրողի ստեղագործությունը, ասաց, որ նրա թեմատիկան հիմնականում պատերազմն է: Աշակերտները հատվածներ կարդացին նրա ՙկՐպՏՊՏսպվՌպ՚ գրքից, հարցեր ուղղեցին գրողին: Ա. Բեգլարյանը պարզաբանեց, որ ինքը պատերազմը մերժում է՝ պատերազմի մասին գրելով, բայց քանի դեռ մեր հակառակորդը չի հրաժարվում իր ռազմատենչ քաղաքականությունից, մեր ինքնությունը, անկախությունը պահելու համար ինքնաձիգը չպետք է զենքը վայր գցենք ձեռքներիցս:
Օրվա երկրորդ կեսին դպրոցի դահլիճում կազմակերպվեց գրական -երաժշտական ցերեկույթ` նվիրված Վ. Կոնոպլյովի ծննդյան 50-ամյակին` ՙԵս ռուս եմ, ես սիրում եմ հայերին նույն սիրով, ինչ սիրով իմ ազգակիցներին՚ խորագրով: Միջոցառման կազմակերպիչ, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Ստելլա Առաքելյանը և դպրոցի աշակերտները ներկայացրին ռուս գրողի կենսագրությունը, Հայաստանի ու Արցախին նվիրված նրա բանաստեղծությունները: Նրա ստեղծագործությունները հայերեն թարգմանած՝ բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանն ընդգծեց, որ շատ է պատշաճում Վ. Կոնոպլյովին տված՝ ՙՀայ ժողովրդի ռուս որդի՚ գնահատականը: Երախտագիտութուն հայտնելով ամեն անգամ Արցախում ստացած ջերմ ընդունելության համար՝ Վ. Կոնոպլյովն ասաց, որ ինքը շատ հպարտ է Արցախ աշխարհին և արցախցիներին անձամբ ծանոթանալու համար:
Միջոցառմանը ներկա ՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ելույթ ունենալով, նշեց, որ Արցախի ժողովուրդը երախտագիտությամբ է լցված իր ճակատագրով ու ցավով տառապող և հաջողություններով ուրախացող յուրաքանչյուր ազգի հանդեպ: Նա Կոնոպլյովի հետ Արցախի կապը համարում է բարեկամական, իսկ արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի հետ ընկերությունը հոգևոր և մշակութային հիմքի վրա առաջացած եղբայրական հարաբերությունների ամրապնդում երկու ազգերի միջև: Ն. Աղաբալյանը ԱՀ Նախագահ Բ. Սահակյանի անունից ՙԵրախտագիտություն՚ մեդալ հանձնեց Վ. Կոնոպլյովին` հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ակտիվ մասնակցության համար:
Միջոցառման հաջորդ վայրը Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան հ. 2 հիմնական դպրոցն էր, որտեղ ռուսաց լեզվի մեթոդմիավորման նախագահ Քրիստինե Գրիգորյանի ղեկավարությամբ աշակերտների ուժերով ՙԳերված մեր պատմությամբ և մշակույթով՚ խորագրով դաս-հուշ ներկայացվեց՝ նվիրված հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիին, որը երկրային կյանքին հրաժեշտ է տվել այս տարվա մարտի 5-ին: Մարդ, որն իր կյանքի 50 տարիները նվիրել է Հայաստանին ու հայ ժողովրդին, նրա պատմության, մշակույթի, կրոնի ուսումնասիրությանը, ստեղծել ֆիլմեր, գրքեր, այդ թվում՝ Արցախի մասին(ՙԱրցախի հոգևոր գանձերը՚): Դասին ներկա հյուրերի թվում էր ԱՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, որը հուշի պատառիկ ներկայացրեց մեծ մարդու հետ իր բարեկամությունից:
ՙՀպարտանում ենք մեր բարեկամներով՚ միջոցառումների շարքը եզրափակվեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կազմակերպված՝ ՙԲարդու և կեչու արանքում՚ խորագրով գրական-երաժշտական երեկոյով՝ նվիրված արցախցի լրագրող, բանաստեղծ, ՙՎեստնիկ՚ հեռուստածրագրի խմբագիր Սեյրան Կարապետյանի ստեղծագործական գործունեությանը: Վերջին երկու տարում լույս են տեսել ռուսալեզու հեղինակի երեք գրքերը, որոնցում ամփոփված են բանաստեղծություններ, մանրապատումներ, խտացված մտքեր: Երեկոն, որը վարում էր վաստակավոր մանկավարժ Վերա Խաչատրյանը, անցավ անբռնազբոս, հեղինակի և հանդիսատեսի հետ ջերմ երկխոսության մթնոլորտում: Լրագրող Ս. Կարապետյանը նորովի ներկայացավ հանրությանը՝ երգող, արտասանող, քնարական հոգով:
Արցախի գրողների միության անունից նրան ԳՄ անդամության տոմս հանձնեց գրչընկեր Դավիթ Միքայելյանը: Երեկոյին նրա բանաստեղծությունների արտասանությամբ հանդես եկան հ. 3 դպրոցի սաները: Երգչուհի Սոֆի Մելքումյանը կատարեց ռոմանսներ (նվագակցող՝ Նադեժդա Հակոբյան):
Ս. Կարապետյանին շնորհավորեցին ռուսական համայնքի ղեկավար Գալինա Սոմովան, որը նաև նրան հանձնեց խորհրդանշական հուշանվեր՝ ՙՎեստնիկ՚-ի հեռարձակման 10-ամյակի կապակցությամբ, Վ. Կոնոպլյովը, Ս. Խանյանը, գրողի որդի Վալերին՝ իր հեղինակած չափածո խոսքով, ուրիշներ:
Հանդիսատեսներից հեղինակի հետ երկխոսության մեջ մտածների թվում ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի նկատառմամբ՝ խորհրդային տարիներին Արցախը հենց նրանով է առանձնացել, որ, ենթարկվելով ազգային ճնշման, կարողացել է ոչ միայն պահել իր ինքնությունը, այլև ռուսաց լեզվի միջոցով հաղորդակցվել աշխարհի հետ, և այսօր էլ չի շեղվում այդ գծից:
Երեկոն և ՙՀպարտանում ենք մեր բարեկամներով՚ միջոցառումը եզրափակեց այն համակարգող և գլխավոր կազմակերպիչ, ԱՀ ԿԳՍՆ ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ Ռուբեն Օսիպովը: ՙԱրցախցիներս սիրում և գնահատում ենք մեր երկիրը, մեր մայր լեզուն՝ հայերենը, բայց նաև բաց ենք աշխարհի առաջ, հարգում և ընդունում ենք նրանց, որոնք անտարբեր չեն Արցախի ճակատագրի հանդեպ՚-ասաց նա, մասնավորապես կարևորելով ռուս ժողովրդի լավագույն մտավորականների՝ հայերի հետ դարավոր բարեկամության ավանդույթներն այսօր շարունակող Վ. Կոնոպլյովի ներդրումը այդ կապերը ամրապնդելու և զարգացնելու գործում: