[ARM]     [RUS]     [ENG]

ՓՈՐՁՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 altՄոտ մեկուկես ամսից հանրակրթական դպրոցներում կսկսվեն ավարտական, պետական ավարտական, միասնական քննությունները։ Ապրիլի 21-ին և 22-ին ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից 9-րդ և 12-րդ դասարաններում անցկացվեցին փորձնական քննություններ բոլոր առարկաներից (յուրաքանչյուր դպրոցում մեկ առարկա, որն ընտրվել է վիճակահանությամբ)։ 

ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանի տեղեկատվությամբ, փորձնական քննություններն ըստ էության չեն տարբերվում իրական քննություններից։ Դրանց անցկացման գլխավոր նպատակն այն է, որ շրջանավարտը լրիվ կարգով անցնի գործողությունները՝ մուտքի հերթապահին անձը հաստատող փաստաթուղթը ցույց տա, վիճակահանությամբ խումբը,  նստարանը որոշի, ամենակարևորը՝ ձևաթուղթը լրացնի, որպեսզի տեխնիկական  առումով սխալներ չլինեն, տիրապետի առաջադրանքների լուծման պատասխանները ձևաթղթում անսխալ մտցնելուն։ Հնարավոր է՝ շրջանավարտն առաջադրանքը ճիշտ լուծի, բայց անբավարար կամ ցածր գնահատական ստանա պատասխանները ձևաթուղթ սխալ տեղափոխելու պատճառով։ Եվ որպեսզի նման դեպքերը բացառվեն, և շրջանավարտները հոգեբանորեն պատրաստվեն, քննաշրջանից առաջ ահա այսպիսի գլխավոր փորձ է անցկացվում։ Բացի այդ, փորձարկվում են նաև բոլոր նրանք, ովքեր, ուղղակի կամ անուղղակի  ձևով մասնակցում են  քննությանը՝ սկսած նախասրահի հերթապահից մինչև քննասենյակի կազմակերպիչները։ 
ԳԹԿ-ն դեռևս հունվարին բոլոր դպրոցներին տրամադրել է ուղեցույցներ, ծրագրերի և շտեմարանների հիման վրա կազմել թեստերը։ Չնայած փորձնական քննության ժամանակ աշակերտների գիտելիքները չեն ստուգվում (գնահատականները դասամատյան չեն մտցվում), միևնույն է, աշխատանքները ԳԹԿ-ն ստուգում և վերլուծության է ենթարկում, թե ինչ թերություններ են արձանագրվել, ինչի վրա ուշադրություն պետք է դարձնել մինչև իրական քննությունները։ 
Այս ուսումնականում  2032 շրջանավարտ կավարտի 9-րդ, 1732-ը՝ տասներկուերորդ դասարանը։
 
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ