ՀԱՆԴԻՊՈՒՄ, ՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ ՈՒՆԵՐ
Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ
Վերջերս ՀՀ գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործության տանը տեղի ունեցավ Երիտասարդ գրողների 17-րդ համաժողովը, որին մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Հայաստանի մարզերից և Արցախից։ Համաժողովի նպատակն է ապահովել գրական կյանքի աշխույժ ընթացքը։ Այս նշանակալի իրադարձությունն ամեն տարի համախմբում է երիտասարդ և ավագ սերնդի գրական մշակներին, որոնց շփումներն ու փորձի փոխանակումը, գրական ու գրականագիտական խնդիրների քննարկումները միտված են ստեղծագործական նոր որոնումների, գրական դաշտի ընդլայնմանը, շնորհալի ստեղծագործողների հայտնաբերմանն ու ճանաչմանը։
Համաժողովին այս տարի Արցախից մասնակցել է բանաստեղծուհի Սոնա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ, ում հետ զրույցում անդրադարձել ենք գրական գործընթացներին, խնդիրներին ու նորույթներին, որոնք տեղ են գտել համաժողովի օրակարգում:
-Սոնա, ինչո՞վ էր առանձնանում Երիտասարդ գրողների հերթական՝ 17-րդ համաժողովը։
-Ընդհանուր առմամբ, ամեն տարի նորույթ և հետաքրքրություն է իր մեջ ունենում, ինչն էլ հաճելի ու արդյունավետ է դարձնում ստեղծագործողների հանդիպումները։ Երիտասարդ գրողների 17-րդ համաժողովը տարբերվում էր և’ մասնակիցների բավականին ընդգրկուն կազմով, և’ կազմակերպական մոտեցմամբ։ Այս տարի դիպուկ էին ընտրված խմբային հանդիպումները? արձակ, չափածո, թարգմանություն, հրատարակություն։ Նման ձևաչափը թույլ տվեց անհատապես ճանաչել և վերլուծել երիտասարդ գրողին, տարվա նրա գրական հունձքը։
-Ի՞նչ խնդիրներ է լուծում համաժողովը երիտասարդական գրականության մեջ։
-Հանդիպումների նպատակը ստեղծագործական ու ճանաչողական բնույթ է կրում։ Նաև վարպետության դասերի, քննարկումների, ընթերցումների միջոցով վեր ենք հանում ոլորտում արդի խնդիրները, առաջարկում լուծման տարբերակներ։ Այս տարի, օրինակ, համաժողովի քննարկման նյութ ծառայեցին՝ գրականագետներ Արմեն Ավանեսյանի և Արքմենիկ Նիկողոսյանի ՝ ՙԱրդի հայ երիտասարդական գրականության դիմապատկերի ուրվագծեր՚ և ՙԱրդի պատմվածքի խնդիրները՚ զեկուցումները, ինչպես նաև գրահրատարակչական ոլորտում առկա խնդիրներին վերաբերող տեղեկատվությունը ։
- Ինչո՞վ եք կարևորում ամենամյա համաժողովը երիտասարդ գրողների և առանձնապես արցախցի ստեղծագործողների համար։
-Այս դեպքում բնակության և ստեղծագործելու վայրը կապ չունի։ Կարևորն այն է, որ ստեղծվում է համահայկական գրական միջավայր, որտեղ հնարավորություն կա ճանաչելու իրար ոչ միայն անձնապես, այլ նաև գրականությամբ։ Ընթերցել և հասկանալ միմյանց, ստեղծել գրական ժամանակ. ահա թե ինչ կարևորության էին մեր քննարկումները։ Եվ շատ կարևոր է լսել նաև գրաքննադատներին, հրատարակիչներին, նախարարության ներկայացուցիչներին, լրագրողներին, որոնց տեսադաշտում հայտնվել կամ չես հայտնվել, ովքեր միշտ նոր առաջարկներ և հնարավորություններ ունեն գրողի համար։
- Իսկ ինչպե՞ս կարող է արցախցի երիտասարդ ստեղծագործողը համաժողովին մասնակցելու հայտ ներկայացնել ։
-Այսպիսի միջոցառումներ շատ հաճախ է կազմակերպվում և’ Հայաստանի, և’ Արցախի գրողների միությունների կողմից? ծաղկաձորյան, գանձասարյան խորհրդակցությունների տեսքով, ինչպես նաև որևէ մեծանուն գրողի նվիրված արվեստի օրերի ու փառատոնների ձևաչափով։ Երկու կողմն էլ պարտադիր ներկայացուցիչներ ունենում են։ Իսկ նոր անունների և մասնակիցների ընտրության հարցում կողմնորոշվում ենք գրական մամուլում հայտնված, ինչպես նաև Գրողների միության շրջանային մասնաճյուղերի կողմից երաշխավորված անուններով։
-Հետաքրքիր կլիներ լսել Ձեր դիտարկումների արդյունքներն ու եզրահանգումներն Արցախում ստեղծվող երիտասարդական գրականության վերաբերյալ։
-Ես տեսնում եմ կայծեր՝ այս ու այն կողմ բոցկլտացող, բայց դրանք միասնական կրակ չեն դառնում։ Բազմաթիվ շարունակական միջոցներ ու հնարավորություններ ենք ձեռնարկել Արցախի գրողների միության կողմից մեր երիտասարդ ստեղծագործողներին համախմբելու նպատակով։ Այդուհանդերձ, մի տեսակ սառը վերաբերմունք եմ տեսնում նրանց կողմից։ Ինձ մտահոգում և անհանգստացնում է այն, որ իրենք իրենց սկսնակ չեն համարում և վիրտուալ տիրույթը կարևորում են գրական իրականությունից։ Կազմակերպում ենք գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ, բայց` ոչ մի մասնակցություն։ Այդ էր պատճառը, որ այս տարի ևս այդպես էլ չկողմնորոշվեցինք նոր ստեղծագործողի ասպարեզ բերելու և ծաղկաձորյան համաժողովին մասնակցության հայտ ներկայացնելու համար։