ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Հուլիսի 3-ին Ստեփանակերտի պատկերասրահում բացվեց Հայաստանի նկարիչների միության և Դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ, դիզայներ Արթուր Մանուկյանի անհատական ցուցահանդեսը: Ներկա էին ԱՀ ՄԵՀԶ փոխնախարար Մելանյա Բալայանը, Արցախի նկարիչների միության անդամներ, Ստեփանակերտի արվեստասեր հասարակության ներկայացուցիչներ:
Պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանն իր խոսքում կարևորեց Արթուր Մանուկյանի ներդրումը պլակատի ժանրում` շեշտելով, որ դրանք պահանջված են հասարակության կողմից, քանի որ քաղաքական թեզիսներ է արտացոլում լակոնիկ ու գեղագիտական լեզվով:
ԱՀ ՄԵՀԶ փոխնախարար Մ. Բալայանն իր ելույթում շնորհավորեց Ա. Մանուկյանին Արցախում կազմակերպված առաջին անհատական ցուցահանդեսի առթիվ և շնորհակալություն հայտնեց հեղինակին բովանդակալից ցուցադրության համար:
Գյուրջյանի անվան կիրառական արվեստի ինստիտուտի ռեկտոր, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը կարևորեց հեղինակի ստեղծագործական մոտեցումները պլակատի ժանրում` նկատելով, որ ցուցահանդեսը բավականին թարմ տպավորություն է թողնում, չնայած այն փաստին, որ ժանրը մոռացված է այսօրվա իրականության մեջ: Անդրադառնալով նաև գրաֆիկական գործերին` քանդակագործն ընդգծեց, որ հեղինակի աշխատանքներն աչքի են ընկնում իրենց կոլորիտով, ճաշակով ու էքսպերիմենտալ ուղղվածությամբ:
Միջոցառմանը ներկա էր արվեստաբան Տաթևիկ Համբարձումյանը, ով մասնակից է Շուշիում այս օրերին անցկացվող ՙԲրուտ Արտ՚ կավագործության միջազգային սիմպոզիումին: ՙԱյսպիսի ցուցահանդեսները,- շեշտեց նա,- մեծ կարևորություն ունեն, և դրանք այն թելն են, որ կապում են Հայաստանի ու Արցախի մշակույթները: Փոխադարձ այցելություններն ու նման եզակի ցուցադրությունները մեծ կարևորություն են ներկայացնում նմանատիպ աշխատանքների լուսաբանման, տարածման համար՚: 19-րդ դարի վերջին ծնունդ առած պլակատ արվեստի տեսակը, նկատում է նա, անցնելով երկար ճանապարհ, ամենևին էլ չի կորցրել իր արդիականությունը, թեկուզև մեր օրերին նոսրացել են արվեստի այս տեսակով զբաղվող հեղինակի շարքերը: Պլակատը կարևոր առաքելություն է իրականացնում հասարակության լայն զանգվածների շրջանում, շարունակեց իր միտքն արվեստաբանը, և Արթուր Մանուկյանն այն եզակիներից է, ով զբաղվում է ուրույն լեզու և կոնկրետ հարցադրումներ ունեցող արվեստի այս տեսակով:
Արթուր Մանուկյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ներկաներին` ջերմ ընդունելության համար և նշեց, որ աշխատանքներում ներկայացված են տարբեր իրադարձությունների նկատմամբ իր տեսլականն ու ընկալումը: ՙԻմ ընկալմամբ,- խոստովանում է նա,- պլակատը գեղարվեստական այն միջոցն է, որն իրեն հատուկ շատ լակոնիկ, բայց, միևնույն ժամանակ, դիպուկ արտահայտչամիջոցներով խոսում է տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Իսկ պլակատի ժանրում գործող նկարիչն այն արվեստագետն է, ով բոլորից շուտ է արձագանքում այդ երևույթներին, բարձրաձայնում և նույնիսկ շատ դեպքերում տալիս լուծումներ՚:
Տեղեկացնենք, որ ցուցահանդեսը կտևի 2 շաբաթ: