ԿՅԱՆՔԻ ՄԻ ԿԵՍԸ` ԼՈՒՅՍ ԵՎ ԹՌԻՉՔ, ՄՅՈՒՍ ԿԵՍԸ` ԼՌՈՒԹՅՈՒՆ, ՄԵԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Անցած կիրակի Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի պետական կամերային նվագախումբը կախարդական մի երեկո պարգևեց մայրաքաղաքի երաժշտասեր հասարակությանը: Կամերային նվագախմբի` մաեստրո Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ, և ՀՀ վաստակավոր արտիստ, հայտնի ասմունքող Սարգիս Նաջարյանի համատեղ ուժերով հանդիսատեսին ներկայացվեց գրական-երաժշտական կոմպոզիցիա` նվիրված Մեծն Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: Այն մեծ տպավորություն գործեց հանդիսատեսների վրա:
Ծրագրում ընգրկված էին Կոմիտասի երգերը` կամերային նվագախմբի համար մշակված, և նրա կյանքի, ստեղծագործական ուղու մասին պատմող դրվագներ` ասմունքողի սրտահույզ, խորաթափանց ձայնով համեմված: Հիասքանչ մեղեդիների նրբագույն կատարումներն ու հուզիչ պատմությունները, մեկը մյուսին լրացնելով, միահյուսում էին Կոմիտասի կյանքի և ստեղծագործական ուղու հենքը` լի թե՜ լուսավոր ու պայծառ և թե՜ դրամատիկ ու ողբերգական էջերով: Նրա կյանքի մի կեսը լույս և թռիչք էր, մյուս կեսը` լռություն, մեծ լռություն, իրավացիորեն նկատում է Սարգիս Նաջարյանը:
Կոմիտասը, մեկ անգամ ևս հիշեցնենք, հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Նա հայ ազգային երաժշտության մեջ արեց այն, ինչը Մեսրոպ Մաշտոցն արեց հայոց լեզվի ու գրականության համար, պնդում է Սարգիս Նաջարյանը` հենվելով մյուս հայ մեծերի` Կոմիտասի արարչագործությանը տված գնահատականներին: ՙՀայ ժողովուրդը Կոմիտասի երգերի մեջ գտավ և ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը,- մեջբերում է ասմունքողը Վազգեն 1-ին Կաթողիկոսի ասածից:- Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի: Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ` հավիտյան՚:
Սարգիս Նաջարյանը Կոմիտասի կերպարը ներկայացնում էր այնպես, ինչպես նա եղել է իրականում? ըստ արխիվային նամակների, հուշերի, մենախոսությունների: ՙԻնձ պետք էր Կոմիտասի կերպարը, անձը ներկայացնել, որովհետև Կոմիտաս անունը տալիս բոլորը պատկերացնում են խելագարված մարդ, արյուն և մահ: Ինչո?ւ: Դա այդպես չէ,- բեմից բարձրաձայնում է Սարգիս Նաջարյանը և հաստատում:- Կոմիտասը հրաշք է եղել: Ես ձգտել եմ առաջին պլան մղել Կոմիտաս մարդուն: Արժեքը և արժանիքն այստեղ Կոմիտասն ինքն է՚: Մարդ, ով ժողովրդի ապրելու ուժը տեսնում էր միայն սիրո մեջ: ՙՍիրեցեք զիրար, որպեսզի ապրեք՚,- մեջբերում է Ս. Նաջարյանը: ՙՆա չէր խելագարվել,- պնդում էր կոմիտասագետը:- Նա պարզապես լռել է` խռովելով այս դաժան, մութ, անարդար աշխարհից՚: Լռության 20 երկար տարիներ: Եվ 1935-ին նա մահացավ Փարիզի հոգեբուժարաններից մեկում: Իսկ 1936-ին նրա աճյունը տեղափոխեցին Հայաստան, և հավերժի Ճամփորդը գտավ իր տեղը հայրենիքում. դառնությամբ, բայց նաև պայծառ մի շեշտադրումով երեկոն ամփոփում է Սարգիս Նաջարյանը:
Հուզիչ էր նաև երեկոյի երաժշտական ավարտը. հնչեց Կոմիտասի ազգային օրհներգը` որպես հավերժական օրհնության խորհրդանիշ` ի բարօրություն հայ ժողովրդի:
Ինչպես ծնվեց նման ծրագիր պատրաստելու, այն հանդիսատեսին ներկայացնելու գաղափարը: ՙԾրագիրն այս ծնվել է վաղուց, շա~տ վաղուց,- խոստովանում է Ս. Նաջարյանը:- Երբ 6-րդ դասարնում մայրիկիս հետ այցելում էի եկեղեցի Պատարագ լսելու, անկեղծ ասած` չէի հասկանում, թե ինչ է պատարագը, բայց երաժշտական այդ ելևէջները, մեղեդիներն ինձ պաշարում էին անպատմելի մի զգացումով: Ես հետո հասկացա, որ իմ հոգու խորքում մի փակ դուռ կա, որ պիտի բացվի: Եվ դա հոգևոր աշխարհին միանալու դուռն էր: Հետո պատմություններ` Հենրիկ Մալյանի ՙԿոմիտաս՚ չավարտված ֆիլմի հետ կապված: Ինձ ընտրեցին նրա դերակատարման համար: Ֆիլմը ինչ-ինչ պատճառներով կիսատ մնաց: Մի քանի ամիս աշխատեցի Կոմիտասի արխիվում` նրա կյանքին վերաբերող նյութերի ուսումնասիրման նպատակով: Կոմիտասն իմ մեջ եղել է, բայց ես չեմ իմացել: Կոմիտասը յուրաքանչուրիս մեջ է ապրում: Շատ բաներ կան մեր հոգու մեջ, բայց մենք չգիտենք, չենք գիտակցում: Դրանք պետք է բացել, բացահայտել: Եվ դրա լավագույն առիթը եղավ Մալյանի ֆիլմը, որն, ինչպես ասացի, ինչ-ինչ պատճառներով ավարտին չհասցվեց: Հետո երեք հեռուստաֆիլմեր նկարահանեցի Կոմիտասի մասին, բացի այդ, 23 մեծածավալ հաղորդում ռադիոյի համար, որոնք պահպանվում են ֆոնդում: Այսպես շարունակվեց, և Կոմիտասը դարձավ իմ արյունը, իմ եղբայրը, հարազատը, իմ տան անդամը: Այո, այդպես կլինի մինչև իմ կյանքի վերջը՚:
Համոզված ենք` Կոմիտասը միշտ կմնա հայ ժողովրդի հետ և կապրի մեր մեջ` այսպիսի հիասքանչ գրական-երաժշտական երեկոներով, համերգներով, նրա ստեղծագործության իմացությամբ, կատարմամբ, նրա անունով դպրոցներ, թանգարաններ անվանելով, նրա պատգամներն իրականացնելով, նրա գաղափարները կրելով: Այս ճշմարտության մեջ կարելի է համոզվել` տեսնելով դահլիճից հեռացվող հանդիսատեսների թախիծով պարուրված, բայց և լուսավորված դեմքերը:
;