ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄՈՎ
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
ք. Ասկերան
Ասկերանի մշակույթի տան բակում հանդիսավոր արարողություն էր. շրջանի 29 նորակոչիկներ եկել էին համալրելու ԱՀ ՊԲ շարքերը։ Այստեղ էին նրանց հարազատները, ընկերները, հավաքվել էին հպարտության վեհ զգացումներով:
Նորակոչիկների հարազատները վստահ էին, որ տղաները մեծ պատասխանատվությամբ են կատարելու հայրենիքի հանդեպ սրբազան պարտքը, քանզի թե՜ ընտանիքներում և թե՜ դպրոցներում ստացել են հայեցի դաստիարակություն։ Նրանց մեջ սերմանվել է սեր, նվիրվածություն դեպի հայրենի հողը, ամուր հիմքերի վրա է դրվել ռազմահայրենասիրական ոգին։
Նորակոչիկներին բարի ճանապարհ մաղթելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, Ասկերանի շրջանը սպասարկող հոգևոր հովիվ Տեր-Մեսրոպ Խունոյանը, ուրիշներ:
Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ Ասկերանի զինկոմ Արծվիկ Գաբրիելյանը: Նա հորդորեց
պատվով կատարել իրենց պարտքը, ականջալուր լինել ավագների խոսքին, հպարտորեն կրել հայրենյաց զինվորի կոչումը:
Շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի սրտի խոսքը հուզմունքով էր պատած.
- Ամեն անգամ ձեզ հանդիպելիս հպարտություն եմ զգում? Այս անգամ հպարտությանս ավելացել է նաև հուզմունքը, քանի որ այս հանդիպումն առանձնահատուկ է և իր խորհուրդն ունի։ Դուք գնում եք համալրելու Պաշտպանության բանակի շարքերն ու փոխարինելու այն տղաներին, ովքեր արդեն կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ և սպասում են ձեզ։ Այսօրը ամենահիշարժանն է լինելու ձեր կենսագրության մեջ, դուք դա երբեք չեք մոռանա, որովհետև սա առաջին երկարատև բաժանումն է լինելու ձեր հարազատներից։ Դուք գնում եք ծառայելու հայրենիքին, պահպանելու մեր պապերի ու ծնողների արյունով ազատագրված հայրենիքի սահմաններն ու փխրուն խաղաղությունը: Իսկ դա ամենաբարձր առաքելությունն է:
Նորակոչիկներին շնորհավորեցին և բարի ճանապարհ մաղթեցին շրջանի հոգևոր հովիվ Տեր-Մեսրոպ Խունոյանը և Ասկերանի ՄԵ կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը։
Բարի ծառայություն և բարի վերադարձ, տղանե՜ր...