ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՙԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ՚ ՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Ալիսա ՍԱՐԳՍՅԱՆ
Շուշիի տեխնոլոգիական համալսարան են այցելել Երևանի ՙԵրիտասարդների հնարավորությունների ակումբ՚ հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ։
Ողջունելով համալսարանականներին՝ կազմակերպության նախագահ Տիգրան Ավագյանը ներկայացրել է ակումբի գործունեության հիմնական նպատակը, այն է՝ ապահովել բուհ-ուսանող-գործատու կապը, ոչ ֆորմալ կրթությամբ տալ պրակտիկ գիտելիքներ և ապահովել պայմաններ փորձի փոխանակման համար: ՙԱռաջին անգամ ենք Արցախում։ Այցի նպատակն է երիտասարդներին տեղեկացնել, որ մասնակցեն թե՜ տեղական և թե՜ միջազգային տարբեր ծրագրերի, քանի որ երիտասարդների պասիվություն կա, և ակնհայտ է, որ նույն անձինք են մշտապես մասնակցում այդ ծրագրերին։ Արցախի՝ որպես պետություն չճանաչված լինելը, ցավոք, խոչընդոտում է արցախցի երիտասարդի մասնակցությանը միջազգային տարբեր ծրագրերի՚,-նշել է կազմակերպության ղեկավարը։
Հանդիպմանը հյուրերն անդրադարձել են գրագետ կերպով CV կազմելուն, կազմակերպություններին հղված մոտիվացիոն նամակների կառուցվածքին ու բովանդակության շարադրմանը, պատասխանել ներկաներին հուզող հարցերին։
ՙԵրիտասարդների հնարավորությունների ակումբ՚ կազմակերպության այցին աջակցել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը։