ԵՐԱԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՄԵՆ ՄԱՐԴ ԶԲԱՂՎԻ ԻՐ ՍԻՐԱԾ ԳՈՐԾՈՎ
Վարդգես ՕՎՅԱՆ
Մանկության տարիներին նկարում էի որտեղ պատահի՝ գրքերի շապիկների տակ՝ սկզբում և վերջում տեղադրված սպիտակ էջերին, մեր հին, անշուք տան պատերին կպցրած էժանագին ՙօբոյին՚, այն տարիներին հազիվ ձեռքս ընկնող դեղնասպիտակ թղթերի վրա և հորս նոթատետրերի դեռևս ՙխոպան՚ տարածքներում...
Մեր ազգուտակը կարծում էր, թե անպայման նկարիչ եմ դառնալու, ոմանց կարծիքով՝ անպայման ու հաստատ հայտնի նկարիչ, որովհետև տաղանդավոր հորս տղան եմ։ Այդպես էին կարծում մինչև այն օրը, երբ միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեցի Ստեփանակերտի մանկավարժականի բանասիրական, ավելի ճիշտ՝ հայոց լեզվի և գրականության բաժինը։
Գեղանկարչությունից բացի սիրում եմ նաև երաժշտություն, հատկապես դասական, հատկապես ազգային, ժողովրդական, երբեմն նաև՝ էստրադա, բայց ոչ երբեք ռաբիս, որից սարսափելի ալերգիա ունեմ դեռևս մանկության տարիներից, երբ հայտնվում էի ծանոթ-բարեկամների հարսանիքներում ու պարտադիր մեծ փորով երգիչների կլկլոցից սրտխառնուք էի զգում։
Սիրում եմ թատրոնը, կինոն։ Մանկությանս տարիներին, Հովհաննես Շիրազի մանկության ընկեր, հանրապետության ժողովրդական արտիստ, ճանաչված ռեժիսոր Հովհաննես Կարապետյանը նույնիսկ փորձում էր ինձնից դերասան կերտել, բայց քանի որ այդ տարիներին աներևակայելի ամաչկոտ էի ու հազիվ հնարավոր լիներ ինձ դուրս բերել թեկուզ կիսադատարկ դահլիճի դեմ-դիմաց, ձեռ քաշեց իր մտադրությունից։
Լինելով բանասեր, ի տարբերություն աշխարհի բանասերների առնվազն 95 տոկոսի, մեծ հակում ունեմ դեպի ֆիզիկան ու տեխնիկական սարքավորումները՝ սկսած փոքրիկ ռադիոընդունիչից, մինչև հեռուստացույց։ Դեռ մանկության տարիներից ամեն ինչ քանդում էի, քանի որ ինձ աներևակայելի հետաքրքրում էր, թե ինչ կա այս կամ այն սարքավորման ներսում ու ինչպես են դրանք աշխատում։ Հիշում եմ, այն ժամանակ արդեն Արցախում ճանաչված ու սիրված գրող հայրս՝ Վազգեն Օվյանը, որ ֆուտբոլի ու հատկապես ՙԱրարատի՚ մոլի երկրպագու էր, ինչպես ասում են, կրակն էր ընկել պարբերաբար փչացող, պատկառելի գեղեցիկ արկղ հիշեցնող մեր ռադիոընդունիչի ձեռքին, որով ֆուտբոլային ռեպորտաժներ էր լսում, ու արդեն բազմաթիվ վարպետներ էր հրավիրել՝ ռադիոընդունիչը կարգի բերելու, հերթական հիասթափությունից հետո ասաց՝ ՙՎարպետների սարքելուց հետո հազիվ մեկ-երկու շաբաթ է աշխատում, ոնց որ արդեն լրիվ անպետք է դարձել, վերցրու, ինչ ուզում ես՝ արա՚։ Ես՝ յոթերորդ դասարանցիս, քաղաքի բոլոր հայտնի վարպետներից հետո գործի անցա և հորս անփոխարինելի ընկեր ռադիոն սարքեցի։ Ու այլևս այն չխափանվեց, մինչև հորս մահից տարիներ հետո մի օր հասկացանք, որ այն վաղուց իր դարն ապրել է, և անիմաստ է զոռով քարշ տալ 21-րդ դար։
Սիրում եմ նաև... Անկեղծ ասած շատ բան եմ սիրում, ու այդ ՙշատ բաների՚ մեջ անսահման մեծ ու անփոխարինելի տեղ է գրավում Գրականությունը։ Հատկապես 5-6-րդ դասարանից հրաշալի ընթերցող էի, իսկ 8-րդ դասարանում թերևս ավելի շատ գեղարվեստական գրքեր էի ընթերցել, քան լեզվի և գրականության շատ ու շատ ուսուցիչներ։ Ուսանողական տարիներին ես, որ դպրոցում դասերից երբեք փախած չկայի, սկսեցի պարբերաբար փախչել ձանձրալի ու անհետաքրքիր դասախոսություններից՝ գրքեր կարդալու համար, ու արդեն անսխալ գիտեի, թե մեր դասախոսներից ով է կարդացել իր կողմից դասավանդվող առարկայի այս կամ այն հեղինակի ՙվերլուծվող՚ գիրքը...
Ու մի օր էլ պարզեցի, որ գրիչը ձեռքիս շարժվում է, սկսում է ինչ-որ նախադասություններ գրել, որոնք վերջում դառնում էին երգիծական կամ զարմանալիորեն լուրջ պատմվածք ու նովել...
Օրերը գումարվում՝ ամիսներ են դառնում, ամիսները՝ տարիներ։ Տարիներն անցնում են, և ես մեր պատմվածքներ ու հոդվածներ եմ գրում, մերթ` հրապարակախոսական հոդվածներ։ Երբ քաղաքական թեմաներից, հրապարակախոսական հոդվածներից հետո անցնում եմ գրականության և էլեկտրոնային կայքերում կամ պարբերական մամուլում տպագրում իմ գրական ստեղծագործություններին, դրանցից ավելի շատ ոգևորվում են արվեստ ու գրականության երկրպագու իմ ընթերցողները, իսկ ընթերցողների մի մասը հաստատ դժգոհում է՝ պահո՛, բա դրա ժամանա՞կն է, քաղաքական, սոցիալական խնդիրները թողած, դու էլ գեղեցիկ պատմություններով ես տարվել...
Երբ կրկին անցնում եմ քաղաքական թեմաներին, զգում եմ, որ այս անգամ էլ մտքում ինձնից դժգոհում են գրականության ու արվեստի երկրպագուները, որոնց մեջ Մոցարտը դեռ չի մեռել. ՙԱխր կարգին գրիչ ունես, ընթերցողներ ունես, ինչո՞ւ ես իզուր ժամանակդ վատնում էդ բաների վրա։ Գործ չունես դրանց հետ, թքի՜ր էդ բոլորի վրա և գրականությամբ զբաղվիր...՚։
Ու ահա, ես ստիպված եմ բավարարել թե՜ մեկ, թե՜ մյուս կողմի ինձ ծանոթ ու անծանոթ մարդկանց, համախոհների, համակիրների կամ պարզապես ընթերցողների պահանջները՝ մերթ ներկայանալով որպես գրող, արձակագիր, մերթ նավարկելով ներքաղաքական փոթորկուն ջրերում։
Բայց, մեր մեջ ասած, հոգուս խորքում դեռևս երազում եմ այն օրը, երբ յուրաքանչյուրը կզբաղվի իր սիրած գործով։
;