ՓՈՔՐ ԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈԳՍԵՐԸ…
Լուսինե ՇԱԴՅԱՆ
Մշակութային կյանքի հետ կապված խնդիրներն Արցախի մի շարք գյուղերում բազմաթիվ են ու բազմաշերտ: Խնդրահարույց է պատկերը նաև Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքում: Դեռևս 1950- ական թվականներին կառուցված շինությունը երբևէ չի վերանորոգվել: 2014 թվականից գյուղի մշակույթի տան տնօրենն է Վեներա Այվազյանը, ում հետ զրուցեցինք հենց աշխատանքի վայրում:
Ներս մտնելով ակումբ՝ ուշադրությունս սևեռվեց հետաքրքիր մի նրբության վրա. չնայած կիսախարխուլ ու անշուք տեսքին` մշակութային օջախն ուներ ընդգծուն ոճավորում ու հարդարում: Երբ այդ մասին բարձրաձայնեցի, զարմացա տնօրենի պատասխանից: Պարզվում է՝ երեք տարի առաջ հենց այստեղ էին տեղի ունեցել իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի հայ-իրանական համատեղ արտադրության ՙԵվա՚ նոր դրամատիկական ֆիլմի նկարահանումները: ՙՆկարահանումները մեր գյուղում տևել են 14 օր, իսկ երեք օր շարունակ նկարահանման հրապարակի էր վերածվել հենց մեր ակումբը՚,- հպարտությամբ ու ոգևորված պատմում է Վ. Այվազյանը: Ինչ խոսք, իսկապես ուրախալի և ոգևորող հանգամանք է: Բայց այն, որ նկարահանումների հետ ավարտվեց նաև մշակութային աշխուժությունը, ցավալի է:
Մեր զրուցակիցը շեշտեց, որ գյուղում տիրող պասիվ մշակութային կյանքն էապես պայմանավորված է շենքային պայմաններով ու բնակչության սակավ թվով: Ու չնայած վերոհիշյալ խոչընդոտներին, փորձում են հնարավորինս աշխուժացնել մշակութային կյանքը: Համագործակցում են գյուղի դպրոցի հետ, կազմակերպում համատեղ միջոցառումներ, որոնք, սակայն, ակումբի դահլիճի պայմաններից ելնելով, առավել հաճախ տեղի են ունենում դպրոցում: Այստեղ են գործում նաև նկարչության ու երգի խմբակները: ՙԵթե մշակույթի տունը թեպետ ո՜չ հիմնովին, գոնե կոսմետիկ վերանորոգվեր, համալրվեր անհրաժեշտ գույքով, երաժշտական գործիքներով, ժամանցային խաղասեղաններով, պատկերը լրիվ այլ կլիներ՚,- ասում է տնօրենը: Նա նաև վստահեցնում է, որ, թեկուզ սակավ, բայց արվեստասեր բնակիչներ ունի Լուսաձորը: Տիրող իրավիճակից ցավ ապրող տնօրենը չի հանձնվում, անընդհատ ծրագրեր է նախաձեռնում և որոշ չափով հետաքրքրություն մտցնում գյուղացիների առօրյայում: Կազմակերպում է գրական երեկոներ, հիշարժան տոներին նվիրված միջոցառումներ: Գյուղի երիտասարդները սիրում են ձմռանը հավաքվել ակումբի վառարանի շուրջ, շփվել միմյանց հետ, իսկ ամռանը, սովորաբար, նրանք շատ բազմազբաղ են. գյուղական հազար ու մի հոգս, տքնաջան աշխատանքով արարվող բարեկեցություն… Այլ կերպ հնարավոր էլ չէ:
Անզեն աչքով էլ տեսանելի էին նաև որոշակի շենքապահպան գործողությունները: Սակայն անձրևաջրերից խունացած պատերը, տանիքն ու պատուհանները փոխել է պետք: Գյուղում իրականացվում են բարեգործական ծրագրեր, բայց, չգիտես ինչու, մշակույթի տունը դեռևս շարունակում է դուրս մնալ բարեգործների տեսադաշտից:
Լուսաձորցիները չեն մոռացել, թե տարիներ առաջ գյուղն ինչ աշխույժ մշակութային կյանքով էր ապրում: Ռիտա Կարապետյանը ծնվել և միշտ ապրել է գյուղում: 1991 թվականից աշխատում է ակումբում: Ակումբի մաքուր տեսքը հենց նրա կատարածի արդյունքն է: Ասում է, որ ակումբում ամեն ինչ իր մանկությունն է հիշեցնում: Այսօր նա երանությամբ է հիշում այդ օրերը, հիշում է խնամքով աշխատող որմնադիրներին: Իսկ ինքն ու հասակակիցները աղբյուրից սառնորակ ջուր էին բերում որմնադիրների համար: Այսօր Ռիտա տատիկն իր թոռնիկներին ու գյուղի մյուս երեխաներին սիրով ու կարոտով է պատմում, թե ինչպիսին էր իրենց մանկությունը, ինչպիսին էր գյուղը տարիներ առաջ: Ու հորդորում. երբ մեծանան, ձգտեն լուծում տալ կենսական նշանակության այդ խնդիրներին: