Logo
Print this page

ՀԱՅԱՍՏԱՆ

Սոկրատ ԽԱՆՅԱՆ

1.
Հայաստան իմ, աշխարհի մեջ մի աշխարհ,
Տիգրան Մեծից մեզ ավանդված սուրբ նշխար։

Մեր երգի հույզ, մեր սրտի հույս Հայաստան,
Մեր աչքի լույս, մեր արշալույս Հայաստան։

Զավակների աննինջ ցավը տանող մայր,
Դարերից գանձ, քարերից հաց քամող հայր։

Մեր կյանքի գուռ, մեր բախտի դուռ Հայաստան,
Մեր ձեռքի թուր, մեր սրտի հուր Հայաստան։

Արցախ ունես, ունես Բեյրութ ու Հալեպ,
Ունես Ջավախք, Լոս Անջելես, Հայաստան։

Կարոտ սրտերն իրար մերող Հայաստան,
Զավակներիդ դու տուն բերող Հայաստան։

Ուր էլ լինենք, դու մեզ հետ ես, Հայաստան,
Եփրատ, Տիգրիս, Արաքս գետ ես, Հայաստան,

Երազներով վառ ու անմար Հայաստան,
Հայոց վահան, հերոսամայր Հայաստան։
2.
Մեր ճամփին եղել ես միշտ մոր պես,
Հոր նման աննկուն ու համառ,
Աղավնի չենք թռցնում դեպի քեզ,
Մեր սիրտն է աղավնի քեզ համար։

Սարերդ բարձր են մեզ նման,
Երկինքդ աստղալից, շողառատ,
Հոգուդ պես երազկոտ մեր ճամփան,
Մեր տենչը` ձյունափառ Արարատ։


Թշնամին դաժան էր, արնախում,
Էրգիրդ դարձրեց հեռաստան,
Մեր սիրտը քեզնով է բաբախում,
Մեր օջախ, մեր արև Հայաստան։

Աղավնի չենք թռցնում դեպի քեզ,
Մեր սիրտն է աղավնի քեզ համար,
Աղավնին չի կորցնում իր բույնը,
Դու մեր բույն, մեր միակ սրբամայր։

3.
Քո դեմ նետած ամեն գնդակ
Անցնում է իմ սրտի միջով,
Դու ապրում ես իմ կրծքի տակ,
Ինձ վեհ պահող քո ջերմ շնչով։

Ինձ չի զոհի ոչ մի գնդակ,
Քանզի քո վառ պատկերն եմ ես,
Դարերի մեջ քանի՛ անգամ
Մենք հառնել ենք փյունիկի պես։

Դու` հայաշունչ երազ ու տենչ,
Դու` Հայկ, Արամ, Նժդեհ, Ավո,
Ես քո գրկում, դու` սրտիս մեջ,
Հավերժածուփ իմ թևավոր։

ԶԱՐՄԱՆՔ

Մեր կորուստների, մեր ցավի դիմաց
Աշխարհն իր խոսքի իլիկն է մանում,
Աշխարհասփյուռ իմ հայ ժողովուրդ,
Ասա, այս ցավին ո՛նց ես դիմանում։
Այդ ի՛նչ սիրտ ունես, ի՛նչ համբերություն,
Որ քո ծով ցավը դնելով մի կողմ,
Մարտնչում ես հար, որ չար աշխարհում
Չլինի երբեք արյան պտտահողմ։
Որ ոչ մի մանուկ որբ չմեծանա,
Որ մարդը դառնա եղբայրը մարդու,
Որ Աստված ինքն էլ մի քիչ մարդանա,
Թե չէ` մարդկանց մոտ խոսքը չի անցնում։

ԵՐԱԶ ԻՐԱԿԱՆ

Առաջին անգամ իմ երազի մեջ
Սիսի սրբատան դուռն էի բացում,
Մոմերը ձեռքիս մտել էի ներս,
Ոչ աղոթող կար ու ոչ հիացում…
Սիրտս վեր թռավ, խփեց պատեպատ,
Գաղթի ճամփա էր և իրարանցում…
Բարձս թրջված էր… ես չէ, իմ սիրտն էր,
Ավերակների վրա էր լացում…

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.