ՆԱԽՇՆ ՈՒ ԳՈՒՅՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶՈՒՄ
Ազգային տարազի բնորոշ հատկանիշներից են զարդանախշերն ու գունային սիմվոլիկան, որոնցում էական դեր են խաղում էթնոմշակութային ավանդույթներն ու սոցիալական միջավայրը։ Գունային գամման, ընդհանուր առմամբ, ինչպես նաև որոշակի գունային համադրումները, արտահայտում էին սեռային, տարիքային ու սոցիալական տարբերությունները։
Հայ կանանց ավանդական հագուստն առանձնանում էր իր գունագեղությամբ ու հարուստ երանգավորմամբ։ Տղամարդկանց հագուստը բազմերանգ էր միայն Արևմտյան Հայաստանի մարզերում, մինչդեռ արևելահայերի շրջանում տղամարդկանց տարազը բնութագրվում էր ընդհանուր զսպվածությամբ ու համեստ գունավորմամբ, որտեղ գերիշխում էին մուգ երանգները` երբեմն սպիտակի համադրմամբ (20-րդ դարի սկզբում քաղաքային ազդեցությամբ)։
Հայկական տարազի գունային գամմայում, մասնավորապես կանանց տարազում, գերիշխում էր կարմիրը՝ մուգ կարմրագույնից մինչև ալ կարմիր, բոցագույն երանգներ։ Կարմիր գույնն օգտագործվում էր ինչպես ներքնաշորի (կանացի շապիկներ, տաբատներ), այնպես էլ վերնազգեստի համար` տղամարդկանց ու կանանց գլխարկներ, գործված գուլպաներ, գոտիներ, կանացի գլխաշորեր, ծածկոցներ, լանջապանակներ, գոգնոցներ։ Վերջինս կարևոր դեր էր խաղում կանաց հագուստի համալիրում` որպես ընտանեկան դրության խորհրդանիշ. պատահական չէ, որ հայերի մոտ ՙկարմիր գոգնոց՚ արտահայտությունը նշանակում էր ՙամուսնացած կին՚։
Կարմիր գույնը լայնորեն օգտագործվում էր նաև ասեղնագործության մեջ, որով զարդարվում էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հագուստը։ Հայերի, ինչպես և շատ ազգերի մոտ, կարմիրը նույնականացվում էր ՙգեղեցիկի՚, ՙլավի՚, ՙտոնականի՚ հետ։ Ժողովրդի պատկերացմամբ, այս գույնը խորհրդանշում էր կյանքը՝ արյուն, արևը՝ կրակ, պտղաբերություն և միաժամանակ ծառայում էր չարիքից, հիվանդությունից ու անպտղությունից պաշտպանելու համար։Կանաչ գույնի հետ կարմիրի համադրումը, առաջին հերթին, առնչվում էր հարսանեական սիմվոլիկային։ Դա իր արտացոլումն է գտել ծիսական հագուստի մեջ, մասնավորապես հարսանեական ուսկապի՝ կոսբանտ կամ ուսբանտ, (կանաչ ու կարմիր ժապավեններից կազմված խաչաձև ուսկապ` փեսայի կրծքի վրա), նարոտի մեջ՝ հյուսված կարմիր-կանաչ թելերով, որը եկեղեցում հարսի ու փեսայի վզից կամ ձեռքից կապում էր քահանան` որպես ամուսնական զույգի ուղիների խաչման, ամուսնության խորհրդանիշ։ Նարոտը հագցնում էին նաև երեխային` մկրտության ժամանակ։ Կանաչի ու կարմիրի համադրումը հայերի մոտ ամուսնության խորհրդանիշ էր, քանի որ ժողովրդական գունընկալման մեջ կանաչը զուգորդվում էր երիտասարդության, գարնան, կանաչի, աճի, նոր սերնդի հետ։ ՙԿարմիր-կանաչ կապել՚ նշանակում էր նշանել, ամուսնացնել, ամուսնացնելու ցանկություն հայտնել։ Կարմիր-կանաչ գունային համադրումը բնորոշ էր նաև մի շարք շրջանների, հատկապես Սյունիքի և Արցախի, կանացի ամենօրյա հագուստի համար (կարմիր ներքնաշորը, վերևի կանաչ արխալուղը)։ Երբեմն կարմիր գույնը հարսանեական ծիսակատարության ժամանակ օգտագործվում էր սպիտակի համադրմամբ. հարսի՝ վերևից կարմիր, ներսից սպիտակ գլխաշորը՝ Շիրակում և Ջավախքում, ինչպես նաև կարմիր-սպիտակ նարոտը` Սասունում։ Շիրակի ու Ջավախքի կանանց տարազում կանաչն իր տեղը զիջում էր կապույտին (մանուշակագույն, մուգ եղրևանագույն)։ Դրանց հետ կարմիրի համադրումը բնորոշ էր ինչպես Հայաստանի, այնպես էլ առաջավոր Ասիայի համար, այն լայնորեն օգտագործվում էր նաև քրիստոնեական սրբապատկերագրության սիմվոլիկայում։ Ամուսնացած կնոջ կարմիր գոգնոցի փոխարինումը կապույտով կնոջ` ծննդաբերելու կարողությունը կորցնելու նշան էր։ Կապույտը, ժողովրդի ընկալմամբ, կապակցվում էր ծերության, մահվան հետ։ Ինչպես և առաջավորասիական մյուս ժողովուրդների, հայերի համար նույնպես կապույտը սգո գույն էր, ընդ որում, կապույտը որպես սգո նշան կրում էին հեռավոր, իսկ սևը` մոտիկ ազգական կորցնելու դեպքում։ Կապույտ գույնին միաժամանակ վերագրվում էր բուժիչ հատկություն և այն լայնորեն օգտագործվում էր ժողովրդական բժշկության մեջ. սև-կապույտ հուռութը մինչ օրս համարվում է չար աչքից պաշտպանվելու միջոց։ Սևն ընկալվում էր որպես ծիսական առումով անմաքուր գույն։ Գունավոր հագուստի փոխարինումը մուգ հագուստով ծերության նշան էր: Սևը սգո ամենատարածված գույնն է հայկական տարազում։ Սուգը արտահայտվում էր, մասնավորապես, գլխաշորի միջոցով։ Տարոնում և Վասպուրականում (Արևմտյան Հայաստան) տղամարդիկ որպես սգո նշան գլխարկների վրա կրում էին սև ժապավեն՝ փուշի։ Կանայք հիմնականում գլխաշորը փոխում էին սև ծածկոցով։ Կարևոր է նշել, որ երիտասարդ կանայք սուգ էին պահում միայն ամուսնու համար, մնացած դեպքերում սուգ պահելն արգելված էր, քանի որ համարվում էր, որ սևը կարող էր զրկել ծննդաբերելու ունակությունից։
Սպիտակը ծիսական առումով մաքուր էր համարվում, այն օգտագործվում էր մկրտության, ինչպես նաև թաղման ժամանակ` որպես թաղման սավան։
Հայկական տարազի գունային գամմայում դիտվում է ընդգծված զսպվածություն դեղին գույնի օգտագործման մեջ։ Այն հանդիպում էր շատ հազվադեպ՝ խլացված երանգներով։ Դեղինը՝ որպես բնության թոշնելու գույն, ընդհանուր առմամբ, ուներ բացասական խորհուրդ, այն կապակցվում էր հիվանդության, լեղու, թույնի հետ, ուստիև վնասակար էր համարվում։ Ծիածանի մեջ դեղինի` սովորականից ավելի հոծ գիծը բացատրվում էր որպես վատ նախանշան (երաշտի, անբերրիության, հիվանդության)։ Դեղինի բացասական ընկալման պատճառով առաջացել են մի շարք արգելքներ, ինչպես, օրինակ, քառասուքի ժամանակ նորածնին այցելելիս ոսկե զարդարանքներ կրելը, ինչը կարող էր դեղնախտով հիվանդանալու պատճառ համարվել։ Սակայն ոսկու փայլի նմանությունը արևի փայլի՝ լույսի հետ, արդարացնում էր ոսկե զարդարանքներ կրելը, ինչպես նաև ոսկեգույն թելի օգտագործումն ասեղնագործության մեջ։
Այսպիսով, հայկական ազգային տարազի գունային գամման կարելի է ներկայացնել դրական (կարմիր, կանաչ, սպիտակ) և բացասական (մուգ մանուշակագույն, դեղին, սև) գույների հակադրման տեսքով։
Տարազի նախշազարդումը վերաբերում է ժողովրդական արվեստի այն ոլորտին, որտեղ դրսևորվում է ժողովրդին բնորոշ դիմագիծն ու ազգային կոլորիտը։ Հայկական տարազի նախշազարդման հին ակունքների մասին վկայում են հնագիտական գտածոները, արձանագրությունները, եկեղեցու պատերի որմնանկարները, շիրմաքարերը, մանրանկարները և այլն։ Հագուստն ու նրա բաղադրիչները, բացի գործածականից, ունեին նաև ծիսական-մոգական նշանակություն։ Հայկական ազգային տարազում, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանաց մոտ, զարդանախշերը հիմնականում զետեղված էին այսպես կոչված ՙմուտքերի՚ շուրջ (վզի, ձեռքի, դաստակի, կողքերի բացվածքների շուրջ, քղանցքի վրա), այսինքն` հագուստի այն մասերում, որոնք ամեն տեսակ ՙանմաքրությունից՚ պաշտպանելու խորհրդանշական գործառույթ ունեին։ Պաշտպանական-մոգական նշանակություն ունեին նաև տղամարդկանց գոտիները հարսանեական ծեսերում, կանացի նախշազարդ գոգնոցները, կրծկալները, ավանդական գործված նախշազարդ գուլպաները (մասնավորապես` հարսանեական արարողակարգում) և այլն։ Զարդանախշերն իրականացվում էին դաջվածքի, ասեղնագործության, գեղարվեստական կարի և գործելու տեխնիկայով։ Գործված, ինչպես և ասեղնագործ հագուստը, այդ թվում և ցանցաձև նախշը, ավանդաբար ունեին պաշտպանական-մոգական նշանակություն։
Հագուստի, մասնավորապես կանացի, զարդանախշերի համար նյութերը հարուստ ու բազմազան էին` բրդե, բամբակե, մետաքսե, ինչպես նաև ոսկեգույն ու արծաթագույն թելեր, փայլազարդեր, ուլունքներ ու կոճակներ, մանր խեցիներ ու անգամ ձկան թեփուկներ։ Խեցիներին ու թեփուկներին (որպես ջրից հանված) վերագրվում էր մոգական ուժ, որը խթանում էր պտղաբերությունը։ Փիրուզից կամ կարմիր մարջանից մանր ուլունքներով զարդարում էին տղամարդկանց գոտիների ծայրերը, կանանց գլխաշորերի ծոպերը։ Ուլունքներով ասեղնագործում էին կանանց գոտիներն ու ճակատնոցները։ Ժողովրդի պատկերացմամբ, դրանք բուժում էին որոշակի հիվանդություններից, պաշտպանում չար աչքից և այլն։