[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻ ՀԵՏ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐն ԱՄՈՒՐ ԵՆ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի (ՀՃԱ) նախագահ Սերգեյ Մինասյանը պարգևատրվել է ՙԱնանիա Շիրակացի՚ մեդալով` Արցախի կրթությանը և գիտությանը մատուցած ծառայությունների համար: Նոյեմբերի 13-ին լրացավ գիտնականի ծննդյան 70-ամյակը: Պետական բարձր պարգևը նույն օրը Ս. Մինասյանը ստացավ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունում` նախարար Նարինե Աղաբալյանի կողմից: Արարողությանը ներկա էին ՀՃԱ Արցախի մասնաճյուղի ղեկավար Արպատ Ավանեսյանը, Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը, նախարարության աշխատակիցներ: 

Շնորհավորելով Ս. Մինասյանին հոբելյանի և բարձր պարգևի համար` Ն. Աղաբալյանն ընդգծեց գիտնականի կյանքի հետաքրքրիր ճանապարհը, պատասխանատու առաքելությունները, որոնցից դուրս չի մնացել Արցախը. ՙԲոլոր այն խնդիրները, որոնցով Դուք զբաղվում եք, անմիջականորեն կապ ունեն Արցախի տնտեսության հետ, և մենք Ձեզնից գիտական թե խորհրդատվական դեռ մեծ ակնկալիքներ ունենք: Ե՜վ հիդրոէներգետիկան, և՜ ռազմարդյունաբերությունը մեր տնտեսության կարևորագույն ուղղություններ են, և Ձեր մասնագիտական ու ակադեմիական գիտելիքներն օգտակար կարող են լինել մեր երկրի զարգացմանը՚:
Երախտագիտություն հայտնելով Արցախի իշխանություններին բարձր պատվի իրեն արժանացնելու համար` Ս. Մինասյանն ասաց, որ հետայսու էլ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիան օգնության ձեռք կմեկնի Արցախի կրթության և գիտության, ինչպես նաև արդյունաբերության զարգացմանը:
Արպատ Ավանեսյանը հոբելյարի հետ գործընկերային երկար ճանապարհ է անցել: Օրվա խորհրդից խոսելուց առաջ նա հետ գնաց ավելի քան 30 տարի` Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կողմից նրա ռեկտոր Յուրի Սարգսյանի նախաձեռնությամբ Արցախում նոր կրթական համակարգ ստեղծելու աշխատանքներին: 1987թ. Ստեփանակերտում ստեղծվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆակուլտետի հեռակա բաժանմունք, որը մեկ տարի հետո դարձել է մասնաճյուղ, երկու տարի անց` Լեռնային Ղարաբաղի համալսարան, որը հետագայում վերանվանվել է Արցախի պետական համալսարան: ՙԱյդ պարագայում դարձյալ մենք նորից մեր հայացքն ուղղեցինք դեպի պոլիտեխնիկական ինստիտուտ և Հայաստանի ազգային ակադեմիա, թե էլ ովքեր և ինչ կարգավիճակով կարող են հանդես գալ Արցախում՚,-վերհիշում է Ա. Ավանեսյանը, որն այդ տարիներին ակտիվորեն զբաղված էր այդ հարցերով: Բնական է, որ առաջինը դիմեցին հայաստանյան ընկերներին, որոնք պատրաստ էին գալ Արցախ և գնդակոծությունների տակ դասավանդել, ստեղծել լաբորատորիաներ, որոնք ըստ օրվա պահանջի աշխատեցին: Նա օրինակ բերեց համալսարանի ներկայիս հանրակացարանի տեղում ստեղծված լաբորատորիան, որտեղ Սերգեյ Մինասյանի գլխավորությամբ զբաղվում էին զրահամեքենաների դիտասարքերի, մարտկոցների շինարարությամբ, զենքի արտադրությամբ: Նշեց, որ պոլիտեխնիկից ու Գիտությունների ազգային ակադեմիայից ներգրավված գործընկերները կարողացան իրենց ավանդը ներդնել այդ ասպարեզում:
Արցախի հետ Ս. Մինասյանի գիտական կապերն ավելի խորացան այստեղ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի մասնաճյուղ բացելով, որն արդեն տասը տարի է, ինչ գործում է: Նշենք, որ ՀՃԱ-ի` հասարակական այս կազմակերպությունում ընդգրկված են տեխնիկական, ինժեներական ուղղության գիտնականներ և մասնագետներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների մի զգալի մասը: Ա. Ավանեսյանը տեղեկացրեց, որ ներկայումս ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի ամբիոնի հետ պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանի մշակած նոր մեթոդով նախատեսում են ձեռնարկել մրգերից նոր մոտեցմամբ չոր նյութեր ստանալու աշխատանքները:
Ս. Մինասյանը հավելեց, որ համագործակցությունը շատ ավելի արդյունավետ է հէկ-երի հետ կապված. ՙՏասը տարվա ընթացքում բավականին աշխատանքներ, նախագծերում որոշակի ներմուծումներ ենք կատարել, որպեսզի էկոլոգիան չխախտվի, սխալներ չլինեն, այլապես ձկների պաշարների հետ կապված որոշակի խնդիրներ են առաջանում՚: Ս. Մինասյանը, որը եղել է քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոնի գլխավոր տնօրեն, ներկայումս` գլխավոր խորհրդական,
ասաց, որ հանքարդյունաբերության ոլորտում նույնպես ուսումնասիրություններ են կատարում` սխալ նախագծեր թույլ չտալու նպատակով:
Հայաստանի ճարտարագիտական համալսարանի էնեգետիկ ոլորտի տնտեսագիտություն և կառավարում ամբիոնի վարիչ, ատոմակայնի կառավարման խորհրդի անդամ և բազմաթիվ տիտղոսներ ունեցող Սերգեյ Մինասյանի համար 70-ամյակը Արցախում նշելը մեծ խորհուրդ ունի. ՙԹեպետ ծննդով Արցախից չեմ, բայց շատ կապված եմ նրա հետ: Հարկ համարեցի ինձ համար այս կարևոր օրն անցկացնել Արցախում` ընկերներիս հետ՚,-ասաց նա: