ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԽՆԴԻՐԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հաշված օրեր են մնացել մինչև Արցախում գործող բուհերի հավատարմագրման հայտագրման ժամկետի ավարտը: Գործընթացը պահանջում է ամբողջությամբ վերլուծել բուհի գործունեությունը բոլոր օղակներում, տեսնել, թե ինչ կարող են անել կրթության որակը բարձրացնելու համար: Արցախի պետական համալսարանում անցած ժամանակահատվածում այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթացել, տարբեր քննարկումներում վեր են հանել բուհի ուժեղ և թույլ կողմերը: ՙԿրթությունը` տնտեսության զարգացման բաղադրիչ՚ թեմայով տնտեսագիտության ֆակուլտետի կողմից օրերս կազմակերպված կլոր սեղանը, որին, բացի համալսարանականներից, մասնակցում էին նաև ԱՀ ԿԳՍՆ և հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներ, այդ շարքի հերթական միջոցառումներից էր:
Թեման արդիական է: Քննարկումը նախաձեռնած` տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռուզաննա Մանգասարյանն ասաց, որ մեր կրթական համակարգը կրում է նախկին` խորհրդային մտածելակերպի և նոր` արևմտյան կրթական տեխնոլոգիաների ազդեցությունը, ինչը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնեցնում նրան, ասել է թե` պետք է կարողանալ ճիշտ ռազմավարություն իրականացնել:
ՙՀամաշխարհային ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գիտակրթական համակարգը ցանկացած երկրի առանցքային հիմնասյուներից է, և պատահական չէ, որ փոքր պետությունները, սահմանափակ ռեսուրսների պայմաններում, խնդիր դնելով արդյունավետ օգտագործել դրանք, շեշտը դնում են ինտելեկտի վրա: Իսկ ինտելեկտի զարգացման հիմնական աղբուրը կրթությունն է՚: Նրա խոսքով, ըստ Համաշխարհային բանկի իրականացրած ուսումնասիրությունների, տնտեսական առաջընթացի 78%-ը կախված է կրթական համակարգի զարգացման մակարդակից, մատուցվող կրթական ծառայությունների որակից: Իսկ ի՞նչ տեղ ունի կրթական բաղադրիչը մեր տնտեսությունում, ի՞նչ հարաբերակցություն մեջ են կրթության որակն ու տնտեսական առաջընթացը:
ԱրՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, որ վերջերս մասնակցել է Հայաստանում ՙԲարձրագույն կրթության՚ նոր օրենիքի շուրջ կազմակերպված քննարկմանը, փաստեց, որ բավականին փոփոխություններ են սպասվում այս բնագավառում, որոնք միտված են նրան, որ լավագույն շրջանավարտները լրացնեն անհրաժեշտ կադրային բազան:
Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները ԱՀ ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ իրականացրել են ընտրանքային հետազոտություն` փորձելով վեր հանել մեր կրթական համակարգին առնչվող հիմնախնդիրները, ներկայացրել են նաև առաջատար երկրների կրթական համակարգերի փորձը, համեմատականներ անցկացրել, թե այդ երկրների ՀՆԱ-ի ինչքան մասն է հատկացվում կրթությանը, և ինչ արդյունքի են հասնում:
Քննարկման մասնակիցներից յուրաքանչյուրն իր տեսանկյունից ներկայացրեց կրթության որակի վրա ազդող գործոնները: Մատնանշվեցին բուհ ընդունվելու համար դիմորդների կողմից մինչև մեկ տասնյակի հասնող մասնագիտությունների հայտագրումը, որի դեպքում առաջնային է ոչ թե մասնագիտական կողմնորոշումը, այլ ամեն գնով բուհ ընդունվելու ցանկությունը, պետպատվերով տեղերի ոչ այնքան նպատակային բաշխվածությունն ու պետպատվերով ավարտածներին տնտեսության պահանջարկի բավարարմանն ուղղելուն գործընթացի ինքնահոս լինելը, կրթական համակարգը պետական պատվերի հիման վրա իրականանալը և մասնավոր հատվածի դուրս մնալը: Մեջտեղ բերվեց նաև չարչրկված փակ շղթան, երբ բուհը դպրոցին է մեղադրում թույլ շրջանավարտներ, իսկ դպրոցը` բուհին` ոչ որակյալ մասնագետներ տալու համար: Արծարծվեց այն հարցը, թե ինչու պետպատվերով ավարտածը տվյալ ոլորտում աշխատանք չի գտնում, կամ էլ չի ցանկանում աշխատել, արտերկրում ուսանածները չեն վերադառնում, կամ` իմա՞ստ ունի վերադառնալ, երբ այստեղ նրանք անելիք չունեն:
ՙՄենք այնքան հարուստ երկիր չենք, որ միայն կրթված քաղաքացիներ պատրաստենք, մենք պետք է նաև մասնագետներ պատրաստենք, որ սպասարկի մեր տնտեսությանը՚,- որպես ամփոփում ասաց քննարկումը նախաձեռնած տնտեսագիտական ֆակուլտետի դեկանը: Պրոռեկտորի կարծիքով` դժվար թե մի քննարկման ընթացքում հնարավոր է խնդրին վերաբերող բոլոր նրբությունները բացահայտել և միանգամից լուծման ուղիներ գտնել: Խնդրի հրատապությունը պահանջում է մշտական ուշադրության սևեռում, օպտիմալ առաջարկների քննարկում և ընդունելի կարգի մշակում: