ԱՐՑԱԽՅԱՆ ՆԱԽՇԵՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ…
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ամանորյա տոների նախօրյակին ԱՀ ՙՄայրություն՚ հասարակական կազմակերպությունը հանդես է եկել գեղեցիկ նախաձեռնությամբ… Դեկտեմբերի 20-26-ը Արցախի սահմանամերձ շրջաններից մի խումբ շնորհալի երեխաներ՝ թվով 10 հոգի, մասնակցել են Մոսկվայում կազմակերպված կիրառական արվեստի ցուցահանդեսին։ Նախքան Մոսկվա մեկնելը` Մեխակավանի, Արա Լեռան, Հադրութի, Տողի, Թաղասեռի, Ջիվանիի, Թալիշի դպրոցականներն իրենց ձեռքի աշխատանքները ցուցադրել են Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (տնօրեն՝ Իրինա Թամրազյան)։ Հենց Հադրութի ՄՊՍ կենտրոնում էլ ցուցահանդեսի մասնակիցների համար կազմակերպվել են վարպետաց դասեր, իսկ նրանց լավագույն ձեռքի աշխատանքներն ընտրվել են մոսկովյան ցուցահանդեսի համար։
Ըստ կազմակերպիչ Հ. Միքայելյանի` ցուցահանդեսը դիտվել է մեծ հետաքրքրությամբ և ունեցել է բացառիկ հաջողություն։ Այցելուները հաճույքով գնել են արցախցի տաղանդաշատ երեխաների հմուտ ձեռքերով պատրաստված արցախյան շող ու նախշով, համ ու հոտով ձևավորված հուշանվերներն ու քաղցրավենիքները։ Հարկ է առանձնացնել նաև երեխաների առատաձեռնությունը, նրանք այցելուներին նվիրում էին իրենց աշխատանքներից արցախյան ժողովրդական գեղեցիկ բարեմաղթանքներով ու հյուրասիրում նրանց, իրենց հետ Մոսկվա հասցրած բերքուբարիքով, նրանց սեղաններից անպակաս էին ժենգյալով հացն ու տնական գաթան։
Ամանորյա տոնական լույսերի մեջ լողացող Մոսկվան մեծ տպավորություն թողեց սահմանամերձ գոտում բնակվող փոքրիկ արցախցիների վրա։ Արցախցի փոքրիկները շրջագայել են Կրեմլում, այցելել ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես (ԺՏՆՑ)։ Հատկապես մեծ էր տպավորությունը Լազարյան Ճեմարանից, երեխաները մեծ հետաքրքրությամբ տեղեկացան Լազարյան եղբայրների պատմությանն ու նրանց ազգանվեր գործունեությանը: Ճեմարանը 1827թ. վերանվանվեց Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի։ Այն ենթակա էր ռուսական կայսրության ժողովրդական կրթության նախարարությանը: Իսկ ովքե՞ր էին հայապահպանության առաջամարտիկներ Լազարյանները… Ուշ միջնադարում հայկական ազնվական շատ տոհմեր անցան Ռուսաստան և ստացան ռուսական արքունիքի ազնվական տիտղոսներ։ Լազարյաններն այդ տոհմերից մեկն էին, որ 18-րդ դարում, Պարսկաստանից տեղափոխվելով Ռուսաստան, այստեղ զբաղվեցին մետաքսի արդյունահանմամբ ու հանքարդյունաբերությամբ և մեծ կարողության տեր դարձան։
Ճեմարանի շենքը 1814¬1816թթ. կառուցեց ռուս անվանի ճարտարապետ Աֆանասի Գրիգորևը։ Դիմորդները հիմնականում հայեր և ռուսներ էին։ Լազարյան ճեմարանն ուսուցչական կադրեր էր պատրաստում հայկական դպրոցների համար։ Այն իրավամբ արժանացել էր ՙՄայր դպրանոց՚, ՙՍերմնացան հայոց դպրոցաց՚ պատվանուններին։ 1921թ. Լազարյան ճեմարանը վերակազմավորվեց որպես Մոսկվայի արևելագիտության ինստիտուտի։ Իսկ ճեմարանի շենքում նույն թվականից սկսեց գործել Հայաստանի մշակույթի տունը, և շենքն իր ունեցվածքով հանձնվեց Հայաստանին: Լազարյան ճեմարանի շենքում նեկայումս տեղակայված է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը։
Արցախցի դպրոցականները Մոսկվային հրաժեշտ տվեցին ստեղծագործական նոր լիցքերով ու ամառային արձակուրդի օրերին կրկին ցուցահանդես բացելու հրավերով:
Պաշտպանության բանակի սպաների ու Արցախյան պատերազմի հաշմանդամություն ունեցող վետերանների երեխաներին Ամանորյա հեքիաթ պարգևողների թվում էին Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԱՀ կառավարությունն ու արտգործնախարարությունը, Մոսկվայում Արցախի ներկայացուցչությունը, ՙԱրարիչ՚ բարեգործական հիմնադրամը, Հադրութի շրջվարչակազմը, բարերար Վիլեն Կարապետյանը։ Միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները հատկապես երախտապարտ են ԱՀ նախագահի խորհրդական, ՙԱպագա սերունդների հիմնադրամ՚-ի նախագահ, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցին, ում հետևողական ջանքերի ու ֆինանսական ներդրման շնորհիվ հնարավոր դարձավ ցուցահանդեսի կազմակերպումը Ռուսաստանի սրտում։ Քրտնաջան ու հետևողական աշխատանքի շնորհիվ կյանքի կոչված համատեղ նախագիծը հաճելի ու անմոռանալի նվեր էր այն երեխաների համար, ովքեր ամեն Աստծո օր իրենց արարչագործ ներկայությամբ ՙոչ՚ են ասում պատերազմին, հոգիներում սեր, հույս ու՜ հավատ, աղոթում խաղաղության համար։
Մոսկովյան այցելության շրջանակներում ԱՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հ. Միքայելյանը մոսկվաբնակ մի խումբ բժիշկների, ովքեր ամեն տարի Արցախի հանրապետական հիվանդանոցում, ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորումում և հանրապետության այլ բուժհիմնարկներում իրականացնում են տարբեր բարդության վիրահատություններ, պարգևատրեց ՙՄայրական երախտագիտություն՚ հուշամեդալով։