ՄԻ ՇԱՏ ԼՈՒՍԱՎՈՐ ԶՐՈՒՅՑ
Կարինե ԴԱԴԱՄՅԱՆ
Հայ գուսան, երգահան, ՙՀայկազունք՚ համույթի ղեկավար գուսան Հայկազունու (Գագիկ Ստեփանի Նազարյան) մասին շատերը գիտեն։ Երևի թե չկա որևէ մեկը, ով ծանոթ չլինի նրա ՙՀայեր, միացե՜ք՚, ՙԳետաշեն՚, ՙՊիտի գնանք՚, ՙՀպարտ գնացեք՚ և շատ ու շատ ուրիշ հրաշք երգերին, երգեր, որոնք Շարժման ակունքներից են սկիզբ առել ու պահանջված են այսօր էլ, որոնց շարքը լրացվում են նույն կշիռն ունեցող նոր երգերով։ Դրանք հավերժական են, ճանաչված ու սիրված, ապրող, ոգի ու շունչ տվող, միշտ արդիական։
Վերջերս շրջանի դպրոցներից մեկում կազմակերպված միջոցառման ժամանակ ես առիթ ունեցա ծանոթանալու գուսանին և նրա հետ ունենալ կարճ, բայց բավականին հետաքրքիր ու լուսավոր զրույց։ Խնդրեցի պատմել իր մասին, իր գործունեության, անփոխարինելի երգերի մասին։
-Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) և ՙԱրծիվ-մահապարտներ՚ գումարտակի ազատամարտիկ, ամենատարեց մահապարտ Սպարտակ Մաթևոսյանի հետ միասին մենք հաճախակի ենք հանդիպումներ ունենում մեր դպրոցականների և զինվորականների հետ։ Նրանք իմ մտերիմ և մարտական ընկերներն են։ Շատ միջոցառումներում միասին ենք լինում, որոնք ունեն ուսուցողական և դաստիարակչական նշանակություն։ Զինվորականի մասնակցությունը և ռազմահայրենասիրական երգերի կատարումները միշտ ոգի և ուժ են տալիս։ 30 տարուց ավելի սերունդ է դաստիարակվել իմ երգերով։ Կոմանդոսը, Սպարտակ Մաթևոսյանը, նաև շատ-շատերն այդ երգերի տակ են գնացել մարտի և նրանց ներկայությունը, նրանց հետ միջոցառումների ժամանակ կողք կողքի լինելը երկուստեք հաճելի է։ Միջոցառումների ընթացքում երգում եմ, անմիջական կապի մեջ մտնում դահլիճի հետ, հաճելի է անցնում։ Տարվա մեջ ես երևի մինչև 100 կրթօջախում եմ լինում՝ տարբեր քաղաքներում, մարզերում, գյուղերում, դրսում, մշակույթի և կրթության օջախներում։ Հրավիրում են՝ մասնակցում եմ։ Ուր գնում՝ իմ երգերով են ինձ դիմավորում։ Դա արդեն ամենախոսուն վկայությունն է այն բանի, որ երգերը կան, սիրում են, որ ապրում է իմ ստեղծած մշակույթը։
Մի քանի անգամ Մարտունիում, զորամասերում համերգներ եմ ունեցել, այս տարի էլ պատրաստվում եմ համերգային նոր շրջագայության, հնարավորինս կընդգրկվեն բոլոր քաղաքներն ու զորամասերը։ Երգացանկը նոր երգերով է համալրված, կլինեն նաև ճանաչված ու սիրված երգեր։
Մասնագիտությամբ շինարար-ինժեներ երիտասարդի համար, ով չէր նվագում, չգիտեր նոտա, չուներ երաժշտական կրթություն, անհասկանալի էր մուտքը երգի աշխարհ, այն էլ՝ հեղինակային երգերով։ Աստվածատուր շնորհքն անսպասելի ու միանգամից իրեն զգացնել տվեց, ու հետո արդեն հարթելով իր ճանապարհը՝ ծավալվեց, գումարվեց, ճանաչվեց ու շարժվում է այսօր էլ։ Ինքնաբուխ էր ամեն ինչ։ ՙՀայեր միացեք՚ երգն առաջին ու ամենահայտնին է, որը նաև Արցախյան շարժման խորհրդանիշներից մեկն է ու ծնունդ առավ անկախության համար ցույցի ելած մեր բնակչության ՙհա-յեր, մի-ա-ցեք՚ վանկարկումի ազդեցության տակ։ Խմորվեց ու միանգամից ստեղծվեց։ Բառերի հետ կապված խնդիր չկար՝ գրեցի, նոտայի հետ կապված մի քիչ դժվար էր, անընդհատ երգում էի, որ չմոռանամ, մինչև ձայնագրեցինք։ Այն միասնության կոչ է, որն այսօր էլ արդիական է։ Գրում եմ նաև պատվերով, պատվերներ շատ եմ ստանում,- պատմում է զրուցակիցս։
- Նոր սերնդին ի՞նչ կմաղթեիք, առանձնապես արցախյան հատվածի։ Սա այն սերունդն է, որ Արցախյան պատերազմի մասին լսում է, կարդում է, բայց, միևնույն ժամանակ, գտնվում է առաջին գծում:
- Ես նոր սերնդին, հատկապես՝ Արցախում ապրող, մաղթում ու կոչ եմ անում՝ երկրից չգնալ, մնալ, ապրել, շենացնել հայրենիքը։ Երջանիկ սերունդ է, հազար տարվա մեջ երջանիկ սերունդներից մեկը։ Մի քանի տասնամյակ հետո, հավատացած եմ, որ աշխարհին էլ հասկանալի կլինի, որ Հայաստանը դրախտավայր է, Հայաստանից լավ երկիր չկա։ Մենք անցել ենք դժոխքի միջով, այսօր պետք է վայելենք մեր դրախտ երկրը։ Ափսոս, որ մեծացանք, կուզեի նորից ծնվել ու վայելել, տեր կանգնել իմ դրախտին։
-Նորից ծնվեիք՝ նույն կե՞րպ կապրեիք։
-Անպայման։ Հայ ժողովրդի վերջին 1700 տարվա պատմության մեջ մեր սերունդը, իմ սերունդն, ամենաերջանիկն է՝ որ տառապանք տեսանք, սովետ տեսանք ու ապրեցինք, պատերազմ տեսանք, բայց նաև հասանք հաղթանակի, վերականգնեցինք ու կառուցում ենք մեր երկիրը։ Ամենաերջանիկ սերունդն ենք, հոգսերով շատ, բայց մեր երկրում։ Ու թող այդ երջանկությունը տարածվի բոլորի վրա, լինի հավերժական։