ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՀԱՄԵՄՎԱԾ ՊԸԼԸ ՊՈՒՂՈՒ ԱՐԿԱԾՆԵՐՈՎ
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Շուշիի ՙՆարեկացի՚ արվեստի միությունը Ամանորի և Սուրբծննդյան տոների նախօրյակին` դեկտեմբերի 25-30-ը և հունվարի 2-5-ը, երեխաների համար կազմակերպել է տոնական միջոցառումներ` համեմված արցախյան հայտնի զվարճախոս Պըլը Պուղու արկածներով:
Թե ինչո՞ւ ամանորյա միջոցառումները համեմվեցին զվարճախոս Պըլը Պուղու արկածներով իմ հարցի պատասխանը` քիչ հետո: Այժմ հետևենք, թե ինչպես էր անցնում նշված օրերից յուրաքանչյուրը:
Հիշեցնենք մեր ընթերցողին` Շուշիի ՙՀեքիաթների տունը՚ կյանքի կոչվեց Շուշիի ՙՆարեկացի՚ արվեստի միության տնօրեն, ռեժիսոր Հայկ Պապյանի մտահղացմանբ և մի խումբ համախոհների ջանքերով, միությանը կից գործում է արդեն մեկ տարուց ավելի: Ունի փոքրիկ դահլիճ` տիկնիկային ներկայացումների համար, և փոքրիկ սրճարան` հետաքրքիր ժամանց անցկացնելու. մի բաժակ սուրճ կամ թեյ ըմպելիս ինչ-որ թեմա քննարկել, համերգ ունկնդրել, ցուցահանդես դիտել:
ՖԲ սոցցանցում տեղադրված հայտարարությունն անսովոր ու ձգող էր. ՙՇուշիի ՙՀեքիաթների տուն՚-ը ներկայացնում է` ՙՊըլը Պուղին եկալ ա մեր տոն ու մըզ հետի պերալ ա մին ուրախ տոն՚ հեքիաթային շրջայցը՚: Հայտարարությանը հետևող հրավերն էլ ավելի ՙջերմացրեց՚ հետաքրքրությունը. ՙՄեր ստեղծագործական թիմը մեծ սիրով ու եռանդով պատրաստում է փոքրիկ հեքիաթային շրջայց Այայի ու Ապայի տուն, ուր Այան ու Ապան ձեզ կներկայցնեն մի անուշ, համով-հոտով հումորային ստվերային տիկնիկային ներկայացում. ՙՊըլը Պուղու արկածները՚, ինչպես և համեղ քաղցրավենիքով, թեյով ու ձեր իսկ ձեռքով թրծված և գունազարդված կավե հուշանվերներով՚:
Եվ այսպես, երբ նշված ժամին մտա ՙՀեքիաթների տուն՚, երեխաներն արդեն նստած էին մի մեծ սեղանի շուրջը և Նախշուն բաջու քույրիկ Հասմիկի (Մարինե Մկրտչյան) ղեկավարությամբ (Այան ու Ապան տանը չէին) պատրաստում էին արցախյան գաթա. ալյուրը միասին մաղեցին ու մի լավ թաթախվեցին (ի՛նչ երջանկություն), ճըղուպուրը ջարդեցին, մանրացրին ու կերան: Մի խոսքով, օգնեցին Նախշուն բաջու քույրիկին ինչով կարողացան: Հետո երեխաները բարձրացան երկրորդ հարկ, որտեղ իրենց համար պատրաստ էր ևս մի մեծ սեղան, որի վրա շարված էին փոքրիկ կավե տնակներ, վրձիններ, ներկեր: Տեսնել էր պետք, թե 2-5 տարեկան մանուկներն ինչ սիրով ու ջանքով էին ներկում տնակի տանիքը, պատուհանները, դռները, պատերը: Չէ՞ որ նրանք գիտեին, որ իրենց համար են ջանում, տնակներն այդ քիչ հետո կհայտնվեն իրենց իսկ տան տոնածառին: Երեխաները վառ գույներով ներկեցին տնակները, իրենք էլ մի լավ թաթախվեցին ներկերով: Ապա իրենց դաստիարակների հետ միասին անցան դահլիճ` դիտելու ներկայացումը:
Ստվերային թատրոնի ՙՊըլը Պուղու արկածները՚ ներկայացման ռեժիսոր Հայկ Պապյանը փոքր-ինչ պատմեց ստվերային թատրոնի և մտահղացման մասին… Եվ ներկայացումն սկսվեց: Թվում էր, փոքրիկները կդժվարանան դիտել ներկայացումը, բայց… հակառակը, նրանք մեծ հետաքրքրությամբ էին դիտում և աշխուժանում թե՜ երաժշտությունից, թե՜ հարազատ բարբառից և թե՜ հերոսների ծիծաղելի գործողություններից, երկխոսությունից:
Հաջորդ միջոցառման վայրը ՙՀեքիաթների տան՚ բակն էր, որտեղ տեղադրված էր տոնածառը և… երեխաներին սպասում էր Նախշուն բաջու քույրիկը` արդեն թխված գաթայով: Երեխաները համտեսեցին գաթան, խմեցին համով հյութեր և… սկսեցին խաղալ ու կանչել Ձմեռ Պապիկին: Նա իրեն երկար սպասեցնել չտվեց, շուտով եկավ, և երեխաները Պապիկի հետ միասին պարեցին, երգեցին, ուրախացան: Դե ինչ Ձմեռ Պապ, որ չուրախացնի փոքրիկներին նվերներով:
Ահա այսքան հետաքրքիր ու համով անցկացրին Հայ ավետարանչականի Շուշիի մանկապարտեզի սաներն իրենց սիրելի դաստիարակների հետ միասին դեկտեմբերի 25-ին ՙՀեքիաթների տանը՚ և, անկասկած, բարձր տրամադրությամբ հեռացան: Շուշիի ՙՆարեկացի՚ արվեստի միության, հատկապես ՙՀեքիաթների տան՚ հետ հանդիպումները մեծ խանդավառության առիթ է դառնում մանկապարտեզ հաճախող երեխաների համար, ասում է մանկապարտեզի տնօրեն Դիանա Մկրտչյանը: ՙԵրեխաները մեծ հաճույքով են գալիս այստեղ, մեծ բավականություն են ստանում Միության կողմից կազմակերպված ցանկացած միջոցառումներից՚,-ընդգծեց նա:
Այսպես, նշված յուրաքանչյուր օր, անգամ օրվա մեջ երկու անգամ, ՙՀեքիաթների տունը՚ հյուրընկալում էր թե՜ Շուշիի մանկական հաստատությունների և թե՜ Ստեփանակերտից ժամանած երեխաներին, որոնք մեծագույն հաճույքով անցնում էին այսպիսի հետաքրքիր տոնական միջոցառումներով, հատկապես դիտում, ունկնդրում սրամիտ Պըլը Պուղու արկածները:
Ինչպե՞ս ծագեց գաղափարը` Պըլը Պուղու և նրանից անպակաս Մելիք Շահնազարի մասին պատմություններն օգտագործել ամանորյա միջոցառումների առանցքում: Հայկ Պապյանը համոզված է, որ մեր երեխաները հոգնել են շաբլոնային Մաշենկայի և Արջի, Միկի Մաուսի անհեթեթ ու անտրամաբանական արկածներից: ՙՊետք է երեխաներին շեղել այդ կլիշե դարձած կերպարներից,- շարունակում է միտքը նա:- Շատ քննարկեցինք և եկանք այն մտքին, որ ինչո՞ւ այդքան հարազատ ու հասկանալի, սրտացավ ու սրամիտ զվարճախոս Պըլը Պուղու կերպարը չօգտագործել ներկայացում բեմադրելու համար: Մտածեցինք, որ լավագույն տարբերակը կլինի դա անել ստվերային թատրոնի միջոցով: Գաղափարը հավանեցինք և սկսեցինք աշխատել՚:
Խոստովանելով, որ թեկուզ արցախյան բարբառի գիտակը չէ, ռեժիսորն, այնուամենայնիվ, համոզված է, որ գաղափարն արդիական ու պահանջված է: ՙԿողքից նայում էի, թե ինչ հաճույք էին ստանում հերոսներին հնչյունավորող դերասանները,- խոստովանում է նա:- Հիմնական աշխատանքն իրենք էին անում, ես պարզապես օգնում էի նրանց՚: Անշուշտ, համաձայնում է նա, տեղացիներին շատ հասկանալի, շատ հարազատ ու հասանելի է Պըլը Պուղու կերպարը, պատմությունները նրա և Մելիք Շահնազարի մասին: ՙՄեր մտահղացումն էլ հենց այն էր, որ ավանդույթները շարունակվեն և այդ մարդու մտածողության, արժեհամակարգի առողջ գենետիկան չընդհատվի: Մի քանի նովելներ ենք բեմադրել: Համոզված եմ, որ թեկուզ նման մարդ իրականում գոյություն ուներ, կերպարը հավաքական բնույթ ունի, և պատմությունները ժամանակի ընթացքում հարստանում էին նոր երանգներով: Կարծում եմ՝ լավ կընդունվի հանդիսատեսի կողմից՚:
Մենք էլ ենք կարծում, որ հանդիսատեսի անպակաս հոսքը վկայում է ներկայացման հաջողության մասին: Մնում է ստեղծագործական խմբին ցանկանալ մի քանի նովելներով չբավարարվել և շարունակել աշխատանքը՝ բեմադրելով այդ բարի ու սրամիտ, խելացի ու համարձակ մարդու մասին նոր ներկայացումներ: