ՙՀԵՌԱՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԻ ԼՈՒՅՍԸ՚
Ն. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Սերժ Առաքելյանն այս գրքում անդրադարձել է ոչ միայն իր մանկության հուշերին, այլև Արցախում և Արցախից դուրս ապրող հայրենակիցներին, պատմություններին, ճակատագրերին: Գրքի հերոսներն իրական մարդիկ են, հայրենի գյուղը շենացնող հասարակ գյուղացիներ, արցախյան ազգային-ազատագրական պայքարին մասնակցած ազատամարտիկներ, կանայք, ովքեր պատերազմի ժամանակ ոչ միայն չլքեցին գյուղը, այլև թևութիկունք եղան իրենց ամուսիններին ու եղբայրներին` իրենց աննկուն ոգով մոտեցնելով հաղթանակը։ Գրքում զետեղված են գրողի վերջին տարիներին գրած վավերագրական ակնարկները, քնարական էսքիզներն ու հրապարակախոսական հոդվածները։
ՙՀեռավոր տարիների լույսը՚ վավերագրական վիպակը բացվում է հեղինակի նախաբանով, որում խոստովանում է, որ հուշագրությունից առաջ օրերով, շաբաթներով շրջել է Արցախում, եղել է հայրենի գյուղում և այլ բնակավայրերում, եղել է նաև Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում, հանդիպել արցախցիների հետ, գրի առել նրանց պատմածները։ Ս. Առաքելյանը պրպտումներ է արել նաև շրջանային ու հանրապետական արխիվներում, օգտվել է գերդաստաններում պահպանված օրագրերից ու տոհմածառերից… Ի մի բերելով այդ ամբողջը` գրքի հեղինակը կատարում է իր ընդհանրացումը. մարդու համար ամենասուրբ բանը հայրենի երկիրն է, և այդ երկիրը շենացնող մարդիկ։ Իսկ կյանքը հիասքանչ են դարձնում հիշողությունները, որոնց մեջ կենդանի, թրթռացող պոեզիայով լի աշխարհ կա, այնտեղ հեռավոր տարիների լույս կա անթեղված, որը շատ է անհրաժեշտ ներկա ու գալիք սերունդներին։
Գրողն ափսոսանքով ու ցավով է նշում, որ ուշ է հասկացել մանկության ու պատանության տարիների հմայքը, երբ արդեն ոտքով դժվարությամբ էր բարձրանում մանկության լեռան կատարը։ Արցախի պատմական Վարանդայի չքնաղ գյուղերից է Խերխանը, ուր անցել է հեղինակի մանկությունը։ Հիշում է, թե ինչպես մանկության լեռան լանջերից մորի ու մասուր է հավաքել, քնել ծաղկած խոտերի մեջ, արթնացել մոր ձայնից, լսել ժողովրդական առասպելներ, որ պատմել է Թադևոս պապը. հին Խերխանը հարթավայրային գյուղ է եղել, բայց թուրք զավթիչներից պաշտպանվելու համար բնակիչները բարձրացել են լեռները, կառուցել նոր Խերխանը, և թշնամին այլևս չի կարողացել ասպատակել գյուղը։ Սաֆոնովյան դաժան ռեժիմի օրերին, երբ հաճախ էին կատարվում խուզարկություններ ՙծայրահեղականներին՚ հայտնաբերելու համար, տղաները թաքնվել էին քարանձավում և փրկվել։ Գյուղը հայրենիքին տվել է գիտնականներ, բժիշկներ ու մանկավարժներ, քաղաքացիական պատերազմի հերոս Հակոբ Մելքումյան, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Փարամազյան, Խորհրդային Միության հերոս Իսահակ Մանասյան։ Մեծ Հայրենականի տարիներին Խերխանը 137 զինվոր է տվել, որից 67-ը չի վերադարձել։
Գրքում տեղ է գտել Փարամազյանների տոհմի պատմությունը, որ տվել է շատ քաջեր ու երևելիներ։ Թուրքերը սարսափահար էին լինում տոհմի նախապապի՝ Փարամազի անունը լսելիս, որ գերբնական ուժի տեր էր։ Նկարագրվում է, թե ինչպես է փախել Շուշիի բանտից, հանդիպել գեներալ Մադաթովին, ով այդ ժամանակ Ղարաբաղում տեղակայված ռուսական զորքերի հրամանատարն էր։ Գեներալը նրան ընդգրկել է իր զորքերի կազմում։ Քաջ արցախցին մասնակցել է ռուս-պարսկական պատերազմին, մարտերում ցուցաբերած արիության համար արժանացել գեներալի խրախուսանքին։ Փարամազյանների գերդաստանից է Սուրենը, ով զրկանքներով լի մանկություն է ունեցել, ով բանաստեղծություններ է գրել հայրենի դաշտերի ու հովիտների մասին, ով անցնելով հայրենական պատերազմի ահեղ փորձությունների միջով, գերի է ընկել, տառապել համակենտրոնացման ճամբարներում, փրկվել Դրաստամատ Կանայանի (Դրո) շնորհիվ, ապրել հայրենի գյուղում ազնիվ ու համեստ կյանքով։ 84-ամյա գիտնական Հրաչիկ Փարամազյանը, յոթանասուն տարի ապրելով օտար ափերում, չի մոռացել ակունքները, չի կտրվել արմատներից, չի կորցրել կապը հայրենի եզերքի հետ։ Այդ տոհմից մեկ ուրիշը՝ Աղալարը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, կռվել ավստրո¬հունգարական ճակատում, հետո բռնել տունդարձի ճամփան, հասել Բաքու, տեսել ու լսել Ստեփան Շահումյանի կրքոտ խոսքը, կատարել նրա հանձնարարականները։ Կյանքի ճանապարհները նրան հասցրել են հայրենի գյուղ՝ Խերխան, իր նվիրումն է բերել պապերի հողը շենացնելու գործին։
Գրքի ՙՄարդկային ճակատագրեր՚ բաժնում Ս. Առաքելյանի ակնարկներն են պատերազմի ժամանակ Արցախ կատարած գործուղումներից՝ ՙԱրցախը կանչում է՚, ՙԱյս հողի քարերն էլ կռվել գիտեն՚, ՙՍտեղծագործական սխրանք՚, ՙՆրանք գիտեն ինչի համար են մարտնչել՚, ՙՍխրանքներով սրբագործված կյանք՚, ՙՆվիրյալը՚, ՙԿարելի է հաղթել միայն ապրելով՚ և այլն:
Ակնարկներն այն մարդկանց մասին են, ովքեր կռվել են, երկիր են պահել, այսօր էլ մնացել են հայրենիքին հավատարիմ նույն զինվորը։ Նրանց համար ամենաթանկը սերն է հայրենի եզերքի նկատմամբ և զոհաբերությունը հանուն այդ սիրո։ ՙԱրցախցու հրեղեն ոգին Սխտորաշենի վիթխարի չինարու արմատի զորությունն ունի։ Առասպելներ ծնող այս փոքրիկ հողն անհնար է նվաճել, քանզի այս հողի քարերն էլ կռվել գիտեն՚,¬ մեջբերումը հեղինակի ընդհանրացումներից մեկն է։
;