ԿՐԹՕՋԱԽՆ ԻՐ ՀԻՆ ՈՒ ԲԱՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մեծ Թաղերի միջնակարգ դպրոցը (տնօրեն` Ռուզաննա Ավետիսյան) միշտ էլ հանրապետության մեծ ու լավագույն առաջադիմություն ունեցող դպրոցների շարքում է եղել։ Միջնակարգ դպրոց հաճախում է 229 աշակերտ, ունի 13 դասարան, ընդ որում` երկու 5-րդ դասարանով։ Նախորդ տարիների համեմատությամբ աշակերտների քանակը մի փոքր նվազել է։ Համեմատության համար նշենք, որ այս տարի 12-րդ դասարանն ավարտելու է 25 աշակերտ, իսկ առաջին դասարան հաճախելու են 15-ը։ Փաստն ինքնին մտահոգիչ է, սա այն դեպքում, երբ գյուղի բնակչությունը չի նվազում… Նշանակում է գյուղի ջահելները չեն ամուսնանում, ամուսնացողներն էլ բավարարվում են երկու երեխայով, լավագույն դեպքում` 3-ով։ Անհրաժեշտ է, որ մարդկանց մտածողությունն ու հոգեբանությունը փոխվի և դա` ոչ միայն Մեծ Թաղերում։
-Երկու 5-րդ դասարանի առկայությունը Մեծ հարսանիքի արդյունքն է,-ասում է դպրոցի տնօրենը, ում չի կարող չմտահոգել երեխաների քանակի անկումը։
Երբ խոսք գնաց աշակերտների առաջադիմության, նրանց կրթական մակարդակի մասին, տնօրենը, զուգահեռներ անցկացնելով ոչ հեռու անցյալի հետ, նշեց, որ ներկայում աշակերտների զարգացածությունը, նրանց աշխարհայացքի ձևավորման ընթացքը մի փոքր այլ ուղղվածություն ունի, ու չգիտես, որն է ճիշտ, իսկ որը` սխալ… Համաշխարհային սարդոստայն կոչվող համացանցն, իր դրական ու բացասական կողմերով հանդերձ, վաղուց մուտք է գործել մեր առօրյան ու այլևս առանց դրա անհնար է դարձել լիարժեք գիտելիքների տրամադրումը։ Այն փոխել ու փոխում է ոչ միայն ուսուցիչների, այլև աշակերտների մտածողությունն ու աշխարհընկալումը։
-Մեր մխիթարությունն ու սփոփանքն այն է,-ասում է Ռ. Ավետիսյանը,-որ մեր սաները, այդ ամենի հետ միասին, հասակ են առնում` տոգորված հայրենասիրական գաղափարներով։ Այլապես աշխարհաքաղաքացի լինելը սպառնում է ազգային մտածողությանն ու արժեքներին։ Ըստ ուսումնական հաստատության տնօրենի` ժամանակներն ու բարքերն իսկապես փոխվել են…Եթե մենք դաստիարակվում, որպես լիարժեք քաղաքացի ձևավորվում էինք գրքերի, ընթերցանության, մեր ուսուցիչների անձնական օրինակի, նրանց ազնվագույն վարք ու բարքի միջոցով, ապա ներկայում այլ է պատկերը, այլ են շրջապատը, սովորությունները, ոչ միայն ներքին, այլև արտաքին ազդակները… Աշխարհը զարգանում է մղոնանոց քայլերով, և այսօր քո սովորածը, վաղն այլևս պետք չի գալիս։ Այդ ամենով հանդերձ, տիկին Ավետիսյանը գտնում է, որ իրենց բարի ավանդույթներով հայտնի կրթօջախն այն դարբնոցն է, որը հուսախաբ անելու իրավունք չունի։ Ճիշտ է, աշակերտներն այսօր քիչ են ընթերցում, բայց տեղյակ են ամեն բնագավառից, աշխարհի անցուդարձից, ու ամեն կերպ փորձում են տիրապետել տեղեկատվական տեխնոլոգիաներին։ Ռ. Ավետիսյանն մտահոգված է, որ աշակերտները խորքային, բազային գիտելիքներ ստանալու փոխարեն գերադասում են մակերեսային տեղեկացվածությունը։ Նրան անհանգստացնում է նաև այն փաստը, որ աշակերտները բևեռացված են, մի մասը շատ ուժեղ է, գիտելիքների հարուստ պաշար ունի, իսկ մյուս մասը շատ թույլ է ու ծույլ, միջին մակարդակը պարզապես բացակայում է։ Դրա դրական կողմն այն է, որ մեծացել է արհեստների հանդեպ սերը, դիպլոմի համար բարձրագույն ուսումնական հաստատության դռները ծեծողների քանակը գնալով նվազում է։ Նրանց աշակերտների մի զգալի մասը գերադասում է լավ արհեստավոր դառնալ, քան մնալ որպես դիպլոմավոր գործազուրկ։
Ինչպիսի՞ դժվարությունների առջև է այսօր կանգնած գյուղական ուսուցիչը, ինչպե՞ս է հաղթահարում իր առջև ծառացած խնդիրները, իմ հարցումներին տիկին Ավետիսյանն պատասխանում է առանց երկմտելու…
-Եթե սիրում ես մասնագիտությունդ, աշխատանքդ, տարատեսակ դժվարությունները նահանջում են… Հետո էլ` մարդուն հեշտ ոչինչ չի տրվում, ժողովրդական ասացվածք կա` մինչև չչարչարվես , գետից ձուկ էլ չես բռնի… Իրենցը ուսուցանելն է, սաների հոգում գեղեցիկը, բարին սերմանելը, նրանց լավ հայ, լավ արցախցի դաստիարակելը։ Գյուղում լինի թե քաղաքում` լավ մասնագետը միշտ էլ հաջողում է։ Տիկին Ավետիսյանի կարծիքով` ոչ հեռավոր անցյալում ուսուցիչը հասարակության մեջ առավել հարգված էր, քան հիմա, նրա խոսքը օրենք էր, հիմա ով ասես, որ ուսուցչին ՙխրատել՚, ՙկարգի հրավիրել՚ չի փորձում։ Խորհրդային ուսուցիչը պաշտամունքի առարկա էր, իսկ հիմա ուսուցչությունն անելը սովորական, շարքային մասնագիտություն է դառել։ Գուցե ուսուցիչներն էլ մեղքի իրենց բաժինն ունեն, բայց այսօր էլ կան, այսպես կոչված, դասական ուսուցիչներ, ովքեր ոչ միայն լավ մասնագետներ են, այլև լավ դաստիարակներ, արդարության ջատագովներ, ովքեր ոչ ոքի և ոչնչի առաջ չեն երկնչի, խիղճը չեն ծռի, նրանք բոլոր ժամանակների արդարության մարտիկներն են։ Անհրաժեշտ է, որ ուսուցչի այս տեսակը վերագտնվի։ Տիկին Ավետիսյանը նաև չի հասկանում այն ծնողներին, ովքեր անհանգստացած են միայն իրենց երեխաներին լավ կերակրելու մտահոգությամբ, իսկ թե ինչպիսի ապագա է նրանց սպասում` դա նրանց չի մտահոգում, միայն թե կուշտ ու ապահով լինեն, այնինչ ապահով ու իր ուժերին ինքնավստահ կարող է լինել միայն բավարար գիտելիքներ ունեցողը։ Ուրախալին այն է, որ ոչ բոլոր ծնողներն են այդպես մտածում ու գործում… Ուսուցիչներն էլ տարբեր են, ամենատարբեր գիտելիքներով, կարողություններով ու մոտեցումներով։
Պատերազմական ցուրտ ու մութ տարիներին Արցախի պետական համալսարանն ավարտած ուսանողուհին այսօր հայրենի գյուղի դպրոցի տնօրենն է… Եվ երբ հետադարձ հայացք է ձգում անցած մաքառումներով տարիներին, հուսավառվում է, որ գիտելիքը կրկին առաջին պլան է մղվում… Կիրթ, գրագետ, հայրենասեր մարդ դաստիարակելը դպրոցի ողջ կոլեկտիվի թիվ 1 խնդիրն է, ահա թե ինչու հաջողություններն ու ձեռքբերումները նրանց չեն շրջանցում։ Դպրոցի տնօրենը թվարկում է ուսումնական հաջողությունները, տարբեր կարգի սպորտային մրցումներում ու առարկայական օլիմպիադաներում ունեցած ձեռքբերումներն ու հպարտությամբ ցույց տալիս պատվոգրերն ու գովասանագրերը։ Դպրոցը մասնագետների պակաս չունի, դեռ ավելին` շատ դիմողներ կան, շատ ցանկացողներ դպրոցում աշխատելու և թափուր տեղերը, ըստ պահանջի, մրցույթով լրացվում են տեղացի մասնագետների ընտրությամբ։ Դպրոցը կլինի 10-ամյա, թե 12-ամյա` դա տնօրենի համար էական չէ, կարևորը կրթությանն ու գիտությանը, կրթության որակին լուրջ ուշադրություն դարձնելն է, որպեսզի համալսարան ընդունվելն ու ուսանելը չդառնա պարապ վախտի խաղալիք։
Ճիշտ է, Մեծ Թաղերի դպրոցը տիպային չէ, նորակառույց չէ, ինչպես մեր շատ շեներում, սակայն եղած հնարավորություններն էլ բավարար են լիարժեք կրթություն ու դաստիարակություն ապահովելու համար։