ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ ԷԻՆ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արցախի գիտական կենտրոնում կայացել է այս տարվա անդրանիկ նիստը, որին մասնակցել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Ազգային ժողովի պատգամավորներ։ Նիստի օրակարգում ընդգրկված էին ԱՀ պետական բյուջեի միջոցներով 2018-2019թթ. իրականացված գիտական թեմաների կատարման արդյունքների մասին ամփոփիչ հաշվետվությունները:
Բացման խոսքում Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Ստեփան Դադայանը նշեց, որ ներկայացված վեց թեմաները վերաբերում են Արցախում բանջարաբոստանային և կիրառական նշանակության բույսերի սնկային հիվանդությունների ուսումնասիրությանը, Արցախի նախալեռնային գոտու անջրդի պայմաններում հոշապաշտպան երկրագործության համակարգի օղակների արդյունավետությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության առանցքային փաստաթղթերում և բանակցություններում առկա իրավաքաղաքկան փաստարկներին, ԱՀ Սահմանադրության մեկնաբանություններին և այլն։
Գիտական թեմաների կատարման արդյունքների մասին ամփոփիչ հաշվետվություններով հանդես են եկել գիտական թեմաների ղեկավարները։
ՙԲանջարաբոստանային և կիրառական նշանակության բույսերի սնկային հիվանդությունների ուսումնասիրությունն Արցախում՚ թեմայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Մարգարյանի խոսքով, երկամյա հետազոտության ժամանակ մոտ երկու տասնյակ բուսատեսակներ են ուսումնասիրվել. գիտական ծրագիրը հնարավորություն է տվել Արցախի տարածքում՝ տարբեր շրջաններում, խորը գիտական հետազոտություններ կատարել։ Նա նշեց, որ այս գիտական ծրագիրը համարվում է նախորդի որոշակի շարունակությունը, քանի որ երրորդ անգամ է նման ծրագիր ներկայացվում և այն արդեն ամփոփիչ, ավարտուն տեսք ունի։ Որպես արդյունք համարվում են գիտական այն աշխատանքները, որոնք արդեն իսկ լույս են տեսել։ Հրապարակվել է 5 ուղեցույց, որոնք նվիրված են ծառատեսակների սնկային հիվանդությունների ուսումնասիրությանը և բանջարաբոստանային մշակաբույսերին։
Գիտխորհրդի նիստի մասնակիցները լսեցին նաև մանկավարժական գիտությունների դոկտոր Արպատ Ավանեսյանին (ՙՄիջնակարգ մասնագիտական, բարձրագույն կրթության համակարգի ձևավորման ուղղությունները ԼՂԻՄ-ում և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում՚), պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանին (ՙԱդրբեջանի աշխարհաքաղաքական պատմությունը՚), գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սարիբեկ Գալստյանին (ՙՀողապաշտպան երկրագործության համակարգի օղակների արդյունավետությունը Արցախի նախալեռնային գոտու անջրդի պայմաններում՚), իրավաբանական գիտությունների թեկնածու Ավետիք Հարությունյանին (ՙԱրցախի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ՚) և քաղաքական գիտությունների թեկնածու Հրայր Փաշայանին (ՙԻրավաքաղաքական փաստարկները Ղարաբաղյան հակամարտության առանցքային փաստաթղթերում և բանակցություններում՝ 1995-2003թթ.՚)։
Գիտական թեմաների ամփոփիչ հաշվետվությունները գիտխորհուրդն ընդունեց որպես ի գիտություն՝ դրանք համարելով ավարտված աշխատանքներ։ Թեմայի ղեկավարները տասնօրյա ժամկետում դրանք պետք է ներկայացնեն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարություն։
Ամփոփելով նիստը՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը խոսեց Արցախում գիտության զարգացման ռազմավարության, պետական քաղաքականության և արդյունավետ համակարգ ձևավորելու մասին, ներկայացրել այն ակնկալիքները, որ ունեն Գիտական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում։ Նարինե Աղաբալյանի խոսքով՝ գործուն քայլեր են անհրաժեշտ Արցախում գիտության զարգացման արդյունավետ համակարգի ձևավորման, նյութատեխնիկական բազայի հարստացման ուղղությամբ։ Որպես ամենաթարմ օրինակ նախարարը փաստեց հէկերի հետ կապված խնդիրը. ՙՄենք ժամանակին հռչակել ենք, որ հիդրոէներգետիկայի զարգացման ծրագիր ենք իրականացնում, և մշակել ենք ՀԷԿ-երի ստեղծման ծրագիր։ Բայց ո՞վ պետք է ուսումնասիրի, հետազոտի կոնկրետ այդ ուղղության զարգացման և բնապահպանական խնդիրները... Եթե մենք ժամանակին նախաձեռնեինք և կատարեինք նման հետազոտություն, կարծում եմ, այսօր նման երևույթներ չէին լինի, ինչին բոլորս տեղյակ ենք՚։
Ն. Աղաբալյանի կարծիքով՝ այստեղ անելիք ունի թե՜ նախարարությունը, թե՜ գիտական կենտրոնը։ ՙԻհարկե, գիտական հետազոտություններն ուղղված են տնտեսության մեջ այս կամ այն խնդրի լուծմանը, սակայն պետք է կարողանանք հստակ ձևակերպել պետական պատվերը, որն ուղղված կլինի կոնկրետ այս կամ այն ոլորտում առկա խնդրի լուծմանը: Արցախի կազմավորումից հետո մեր հանրապետությունում սկսել են գործարկվել նոր ուղղություններ, սակայն այդ ընթացքում գիտական հետազոտությունները տնտեսության մի շարք ոլորտներում բացակայում են, ինչից էլ առաջանում են բազմաթիվ հարցեր: Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ պետք է ակտիվացնել համագործակցությունը Արցախի բոլոր գերատեսչությունների հետ? կոնկրետ ուղղություններում հստակ խնդիրներ ձևակերպելու և դրանց հիման վրա թեմայի հետազոտության մրցույթ հայտարարելու վերաբերյալ՚,- նշել է ԿԳՍ նախարարը։
Ն. Աղաբալյանն առաջնահերթ խնդիրների շարքում առանձնացրել է նաև միասնական գիտատեղեկատվական բազա ունենալու հարցը և գիտական արդյունքի ներդրման ու առևտրայնացման համակարգի ստեղծումը, որը մինչ այսօր չի արվել:
Թեմաների նախահաշիվներում ներկայացված ծախսերը մեծամասամբ հիմնավորված չեն։ Խոսքը գումարների նպատակային ծախսի և աշխատանքների արդյունավետության մասին է, ասում է նախարարը և նկատում, որ հետազոտություններում մեծ թիվ են կազմում կրկնությունները, ինչը բացատրվում է նաև միասնական, գիտատեղեկատվական բազայի բացակայությամբ։
Ն. Աղաբալյանը խոսեց նաև գիտական արդյունքի ներդրման և առևտրայնացման համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։ Նրա կարծիքով, եթե լինեին համաֆինանսավորվող թեմաներ, մասնավորի հետ համագործակցությունն ինչ որ չափով կլուծեր առևտրայնացման հարցը։ Այս առումով գիտական կենտրոնի կանոնադրությունը փոխելու անհրաժեշտություն կա, որին համակարծիք են նաև գիտխորհրդի անդամները։ Կառույցի ղեկավար Ստեփան Դադայանի խոսքով՝ կանոնադրական մի շարք կետեր խոչընդոտում են կենտրոնի լիարժեք գործունեությանը։ Խոսքը մասնավորապես գիտական հետազոտությունների արդյունքների իրացման մասին է։ Կանոնակարգում կատարվելիք փոփոխությունը հնարավորություն կտա Գիտական կենտրոնին՝ իրենց իսկ կողմից արված հետազոտությունների հիման վրա տեղում ստեղծել սեփական արտադրանքը և շուկա դուրս գալ։ Այս առումով կենտրոնի հետ աշխատելու և համագործակցելու ցանկություններ կան դրսից։ ՙԳիտահետազոտական աշխատանքը դա միայն տեսականը չէ,- ասաց Ստեփան Դադայանը։- Պետք է կարողանալ այդ տեսականը կիրառել ինչ-որ բնագավառում, երկրի տնտեսության մեջ, ինչո՞ւ չէ՝ նաև շուկա դուրս գալ ու շահույթ բերել կառույցի համար՚։
Նիստին գիտխորհրդի անդամների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ, քննարկվել գիտության ոլորտին վերաբերող այլ հարցեր: