ՙԵԿԵՔ ՉՇԵՂՎԵՆՔ ԱՎԱԳ ՍԵՐՆԴԻ ԳԾԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԻՑ՚
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ
Հադրութի շրջանի Տող գյուղի Վիգեն Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության, անգլերեն լեզվի ուսուցչուհի Զոյա Ջավադյանը մանկավարժության մեջ մեծ ավանդ ունի: Նա դպրոցի (և` ոչ միայն դպրոցի) լավագույն ուսուցիչներից է: Երեխաները խորապես հարգում և սիրում են նրան, չնայած նրա չափազանց խստությանն ու պահանջկոտությանը: 2010 թվականին նա արժանացավ ԼՂՀ վարչապետի հուշամեդալի` մատաղ սերնդին կրթելու և դաստիարակելու մեծ ավանդի համար:
Կարճ բնութագրմամբ ներկայացնենք նրան: Միայն թե այս ժլատ տողերի հետևում մարդն է՝ իր աշխարհայացքով, ստացած դաստիարակությամբ, ապրած տարիներով, կայացած կյանքով:
Ծնվել ու դաստիարակություն է ստացել անցած դարասկզբում տեղի ունեցած Շուշիի ջարդերից մազապուրծ, Տողում ապաստան գտած Գասպարի Ավագ որդու և հարևան Մոխրենեսից հարս բերած Փառանձեմի բազմազավակ ընտանիքում: Ընտանիք, որտեղ աշխատանքը` ֆիզիկական թե մտավոր, գնահատվում էր որպես մեծագույն արժեք: Պայծառ մանկությունն ու այդ տարիներին ծնողներից ստացած իմաստուն խրատներն ուղեկցում էին նրան ողջ կյանքի ընթացքում:
Ավարտել է Տողի միջնակարգ դպրոցը: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում` ձեռք բերելով հայոց լեզվի և գրականության մասնագիտություն: Վարդենիսում աշխատելուց հետո վերադարձել է հայրենի երկրամաս ու աշխատանքի անցել Հադրութի շրջանի Մոխրենեսի ութամյա դպրոցում: Այստեղ աշխատած հինգ տարիների մասին ջերմությամբ ու կարոտով է հիշում. ՙՄոխրենեսի դպրոցում աշխատելուց հետո միայն զգացի ուսուցչական աշխատանքի կարևորությունը: Այդ տարիներին եմ ամենայն հետաքրքրությամբ ու լիովին ապրել այդ աշխատանքով` ձգտելով անընդհատ ինքնակատարելագործվել՚: Մեծ ջերմությամբ է հիշում դպրոցի տնօրեն Վիգեն Գրիգորյանին (հետագայում նա դարձավ Շարժման ակտիվ մասնակիցներից)՝ հիանալի մանկավարժի և լավ կազմակերպչի. ՙԵ՜վ ինքն էր եռանդով աշխատում, և՜ մեզ աշխատեցնում՚,-վերհիշում է նա:
Մոխրենեսի դպրոցում աշխատելու տարիներին Զոյա Ջավադյանը լավ ուսուցչուհու համբավ ձեռք բերեց, աչքի ընկավ… Եվ առաջարկեցին աշխատանքի անցնել շրջկոմում: Բավական երկար ժամանակ աշխատեց այնտեղ, ապա` շրջանային թերթում: Բայց, խոստովանում է, հենց այդ տարիներին զգաց, որ միայն ուսուցչի աշխատանքն է, որ կարող է բավարարել իրեն հոգեպես: Շատ էր կարոտում, անկեղծանում է նա, գուցե դրա պատճառով 1989-ին գնաց Առաքելի միջնակարգ դպրոցում աշխատելու, անգամ անտեսելով անհանգիստ այն ժամանակները, երբ այդ գյուղն առավել վտանգավոր գոտում էր գտնվում: Եվ, իրոք, վտանգը երկար սպասել չտվեց. 1990-1991թթ. ուսումնական տարվա վերջն էր, երբ գյուղի և հարևան մյուս վայրերի բնակչությունը ենթարկվեց բռնագաղթի: Բռնագաղթածների մեծ մասը հանգրվանեց Հայաստանում: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զոյա Ջավադյանն ապաստան գտավ Գառնիում` հարազատների մոտ: ՙԹեկուզ շրջապատված էի արտակարգ հոգատարությամբ,-վերհիշում է այն անմոռանալի տարիները տիկին Ջավադյանը,-միևնույն է, հոգով ու սրտով Արցախում էի՚:
1992-ին Շուշիի ազատագրումից հետո, Զոյա Ջավադյանը անմիջապես վերադարձավ Հադրութ` ի զարմանս շատերի, որոնք, հակառակը, դեպի Հայաստան ճամփա բռնելու առիթը բաց չէին թողնում:
Հարգելով ու գնահատելով նրան՝ որպես կայացած մասնագետի, իսկույն առաջարկեցին աշխատանքի անցնել Հադրութի միջնակարգ դպրոցում: Որոշ հանգամանքներից դրդված՝ մեկ տարի անց վճռեց վերադառնալ հայրենի գյուղ, որտեղ նրան սպասում էր հարազատ օջախը: ՙ26 տարի է, աշխատում եմ այստեղ,-մտածմունքի մեջ խորասուզված՝ ասում է:- Երբեմն թվում է, թե այստեղից երբևէ չեմ էլ հեռացել՚:
Վերհիշելով ճակատագրական 1988-89-ի տարիները, անկեղծորեն խոստովանում է. ՙԵս չէի կարող քաղաքականությունից անմասն մնալ, թեկուզ այդ ասպարեզից բոլորովին հեռու մարդ եմ:
Եթե ազգի ճակատագրի հարց չլիներ,-շեշտում է ուսուցչուհին,- երբևէ չէի զբաղվի քաղաքականությամբ, քանի որ ոչ միայն այդ ասպարեզից հեռու մարդ եմ, այլ նաև չեմ ընդունում քաղաքականության մեջ ընդունված, այսպես ասած, խաղի կանոնները: Բայց բախտորոշ այն 1988-89-ի տարիներին համոզված էի, որ ես պարզապես իմ պարտքն էի կատարում, հատկապես, որ մի այնպիսի տեղ էի աշխատում, որտեղից կարող էի օգնել ազատության ճանապարհը բռնած մարդկանց՚:
1988-ի փետրվարի 12-ն էր: Հադրութցիների ավագ և միջին սերունդները դեռ լավ են հիշում այդ օրը: Շրջկոմում հայտնի նիստն էր ընթանում: Օրակարգում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միավորվելու մասին Հռչակագիրը: Բուռն քննարկումներ էին ընթանում: Ժողովուրդն էլ շենքի շուրջը հավաքված սպասում էր, թե նիստն ինչ որոշում կընդունի: Քննարկվում էր Հայաստանի հետ միանալու Հռչակագիրը, բայց… Անգամ նիստի մասնակիցները չգիտեին, որ հռչակագիրը կարող է ամբողջությամբ չհամապատասխանել ժողովրդի պահանջներին: Իմանում էին միայն շրջանի կուսկոմի նեղ շրջանակի կուսակցականները: Նրանցից մեկն էլ հոդվածի հերոսուհին էր, քանի որ այդ տարիներին շրջանի կուսկոմի կարևոր բաժիններից մեկի ղեկավարն էր: Նա անգամ մի պահ չերկմտեց, որ պետք է իրազեկել մարդկանց: Նա չկասկածեց, որ իր կյանքում ամենավճռական ու ամենաարդարացի քայլն է կատարում: Արդյունքում, օրվա վերջում հանրահավաքի բազմահազար մասնակիցներ թույլ չտվեցին շեղել ճանապարհը: Իսկ Զոյա Ջավադյանը կուսակցական տոմսը հանձնեց` հայտարարելով, որ էլ չի վստահում այն կուսակցությանը, որն ի վնաս իր ժողովրդի շահերի է գործում: Նա անգործ չմնաց: Շրջանային թերթում սկսեց աշխատել` հոդվածներում կարևորելով ընթացող պատմական իրադարձությունների նշանակությունն ու անհրաժեշտությունը: Բայց քիչ անց համոզվեց, որ դա իր գործը չէ: Մանկավարժությունն էր ձգում: Իմացավ, որ Առաքելում հայոց լեզվի և գրականության ուսուցչի թափուր աշխատատեղ կա: Գիտակցելով անհանգիստ ժամանակների հետ կապված դժվարությունները, ընդունեց առաջարկը: Մեծ ոգևորությամբ էր աշխատում Առաքելում: Բայց, ավաղ, եկավ 1991-ի գարունը, երբ ՙԿոլցո՚ օպերացիայի դավադիր գործողությունների արդյունքում հայտնվեց Հայաստանում:
Այն ժամանակների իր գործունեությունն ու այսօրվա մանկավարժական աշխատանքը, խորապես համոզված է Զոյա Ջավադյանը, հայրենի երկիրը կառուցելու քաղաքականության տարբեր դրսևորումներ են: Չէ՞ որ այն տարիներին, իրավացիորեն նկատում է նա, մենք երազում էինք ապրել ազատ երկրում` օժտված մարդկային բոլոր իրավունքներով, որոնցից զրկված էինք տասնամյակներով: ՙԱյսօրվա մեր նպատակը,-շարունակում է միտքը նա,-հերոսական այդ ժամանակաշրջանին յուրահատուկ անձնվիրության, հայրենասիրության փոխանցումն է այսօրվա սերնդին: Մեր երեխաները չպետք է շեղվեն ավագ սերնդի գծած ճանապարհից: Եվ այն դեպքում կասենք, որ հաղթանակ ենք տարել, երբ այսօրվա սերունդը դառնա նախորդի արժանի շառավիղը՚:
Ասում են, դպրոցը պետք է քաղաքականությունից հեռու մնա, նույնիսկ օրենսդրորեն է դա ամրագրված: Բայց ցանկացած ուսուցչի վարած քաղաքականությունը, համաձայնեք, արտահայտվում է մատաղ սերնդին կրթելու, հայեցի դաստիարակելու, ազգային գեղեցիկ ավանդույթները նրանց մեջ զարգացնելու, բարոյական արժեքներով համակելու, մի խոսքով, լավ քաղաքացի դաստիարակելու գործում:
Այսօր այդ գործը, դժգոհում է ուսուցչուհին, ավելի է դժվարացել, քանի որ նյութապաշտությունը, շահամոլությունն օրեցօր ընդլայնում են իրենց շրջանակները: Հեռուստատեսային զանազան ծրագրերը տարիներ առաջ եթե նպաստում էին դաստիարակության ոչ դյուրին գործընթացին, ապա այսօր ավելի շատ /հատկապես շոուները/ բացասական ներգործություն են ունենում երեխաների դեռևս չձևավորված զգացմունքների, նախասիրությունների վրա: Այսօր ուսուցիչն ավելի շատ ջանքեր պետք է գործադրի հասարակության մեջ տեղ գտած հոռի երևույթները չեզոքացնելու կամ գոնե դրանց ազդեցությունը մեղմելու համար:
Ծնողն ու ուսուցիչը պետք է միշտ նույն նպատակին ծառայեն՝ երկրին լավ դաստիարակված անձնավորություն պարգևելու, հակառակ դեպքում տուժում են բոլորը` ծնողը, ուսուցիչը, երեխան, երկիրը: Իսկ մեզ նման փոքր և թշնամիներով շրջապատված ժողովրդի համար դա առավել վտանգավոր է: Եվ եզրակացությունը մեկն է՝ մենք ավելի շատ պիտի սիրենք միմիանց, մեր տունը, աշխատանքը, մեր ոսկեղենիկ լեզուն, հավատարիմ մնանք մեր ավանդույթներին, մշակութային արժեքներին` օտարին կուլ չգնալու համար:
;