ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ՎԵՐԱԶԻՆՎՈՒՄ, ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մարտի 9-ից Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում կսկսեն գործել երկու նոր արհեստանոցներ` փայտամշակման և կարի արտադրության: Արհեստանոցների կառուցման աշխատանքները ներկա դրությամբ ակտիվորեն ընթանում են: Ուսումնարանի փոխտնօրեն Վարդուհի Բալայանի հետ հանգամանալից զրույց ունեցանք ուսումնական այս հաստատությանը սպասվող բարենորոգումների շուրջ:
Նրա խոսքով` ծրագիրը կյանքի է կոչվում ՙՔրիստոնյաները կարիքի մեջ՚ միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ, որի հետ համագործակցությունն սկսվել է անցյալ տարվանից:
Կազմակերպությունը վերջերս վերափոխվել է հիմնադրամի` ընդարձակելով տնտեսական, կրթական և մշակութային իր ծրագրերն Արցախում:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, նպատակ ունենալով ընդլայնել սպասարկման ոլորտի ծառայությունները, բարելավել է որակը, խթանել այդ ուղղությամբ կրթությունը, Վարդուհի Բալայանին, որը ՙՔրիստոնյաները կարիքի մեջ՚ կազմակերպության անդամ է, անցյալ տարվա հոկտեմբերին փորձուսուցման նպատակով գործուղղել է Իտալիա` ծանոթանալու տեղի նմանատիպ կրթական հաստատությունների գործունեությանը:
Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի նոր արհեստանոցների կառուցումն էլ իրականացվում է իտալացիների կողմից, որոնց աջակցությամբ տեղի կունենան նաև դրանց վերազինումն ու առաջիկայում դասընթացների վարումը:
Արդեն 14 տարի է` Ստեփանակերտում գործում է արհեստագործական ուսումնարանը: Առաջին տարիներին այստեղ ուսուցանվող մասնագիտությունների ցանկում ընդգրկված էր կարի արտադրությունը, սակայն, ինչպես ասաց փոխտնօրենը, սովորողների խումբ այդպես էլ չի ձևավորվել նյութատեխնիկական բազայի պակասի պատճառով: Փայտամշակման արհեստանոց ունեին, բայց իտալացիների կողմից ևս մեկը կունենան` ավելի կատարելագործված և ժամանակակից պահանջներին համահունչ:
Վ. Բալայանն Իտալիայում փորձուսուցում է անցել բարձրագույն ուսումնական հաստատությունում, որն իրականացնում է նաև միջին մասնագիտական ծրագիր, և այն անվանվում է դպրոց, քոլեջ: Այդտեղ ուսուցանվում են Ստեփանակերտի արհեստագործականի նման մասնագիտություններ` խոհարարական գործ, վարսահարդարություն, կարի արտադրություն, փայտամշակման գործ, հյուրանոցային տնտեսություն, հրուշակագործություն և այլն: Սակայն մի տարբերությամբ. ՙՄեր խոհարարը կարող է միայն խոհանոցում աշխատել, ուրիշ ոչ մի տեղ: Մեր խոհարարը չի կարող սպասասրահում աշխատել, որովհետև մենք մեր երեխաներին դա չենք սովորեցնում` մտածելով, որ խոհարարը պետք է կոնկրետ խոհարարությամբ զբաղվի: Իսկ իտալացիների մոտ լրիվ կարգն է ուրիշ: Նույն խմբի երեխաները կարողանում են մի քանի աշխատանք կատարել: Ասենք` մի քանի հոգի աշխատում են ռեստորանի խոհանոցում, որոնցից երկուսը դեսերտն են պատրաստում, խմորեղենը, երկուսը` ճաշատեսակները, աղցանները, մի երկուսն էլ անմիջապես տվյալ դպրոցի բարում, որտեղից դասամիջոցներին սովորողները և ուսուցիչներն օգտվում են, 4-5-ը աշխատում են հաստատության ներսում գործող ռեստորանում` որպես մատուցողներ, երկու հոգի` որպես մենեջերներ: Հաջորդ օրը սովորողները տեղերը փոխում են: Ու այդ երեխաներն ավարտելուց հետո շատ մեծ փորձ են ձեռք բերում. կարող են աշխատել և՜ խոհարար, և՜ հրուշակագործ, և՜ մենեջեր, և՜ բարմեն, և՜ մատուցող՚: Այսինքն` Վ. Բալայանի տեսած դպրոց-քոլեջում լայն պրոֆիլի մասնագետներ են պատրաստում: Նրա կարծիքով` դա ավելի արդյունավետ կրթություն է, քանի որ այդպիսի մասնագետն աշխատաշուկայում ավելի պահանջված է:
Պայմանավորվածություն կա, որ իտալացի վարպետները ժամանելու են Արցախ և մարտի 1-ից Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում անցկացնելու են փայտամշակման և կարի արտադրության դասընթացներ: Արդեն ուղարկել են անհրաժեշտ սարքավորումները, նյութերը:
Գերխնդիրն ուսումնարանում ուսուցում կազմակերպելը չէ միայն: Վ. Բալայանն իտալացիներին ներկայացրել է տվյալ մասնագիտությունների գծով փորձուսուցման համար սեփական բազա ունենալու և արտադրություն կազմակերպելու ծրագիր, ինչն ընդունվել է: Նպատակ կա Ստեփանակերտում ունենալ սեփական ռեստորանային համալիր, որտեղ գործնական պարապմունքներ կանցկացնեն ուսումնարանի սովորողները: Նույն ձևով էլ մտահղացում կա վարսահարդարների համար ստեղծել համապատասխան բազա, որտեղ նրանք ծառայություններ կմատուցեն բնակչությանը և գումար կվաստակեն: Կար անողները պատվերներ կվերցնեն, ուսումնարանը կհամագործակցի տարբեր կազմակերպությունների հետ (hիվանդանոցներ, մանկապարտեզներ)` իրացնելու արտադրանքը, ինչու չէ, նաև անհատական պատվերներ կատարեն, եկամուտ ստանան: Ուսումնարանը կունենա արտաբյուջետային միջոցներ, որը կգոյանա իր բիզնեսից: Այդ բյուջեի հաշվին ուսումնարանը սովորողներին վերջին կուրսում վերապատրաստման կուղարկի Հայաստան, արտասահման: Այդպես և՜ սովորողների մոտ շահագրգռություն կառաջանա, և՜ ուսումնարանի բյուջեն կհամալրվի, և՜ հաստատությունն աստիճանաբար կդառնա ինքնաբավ, կարծում է փոխտնօրենը. ՙՀամոզված ենք, որ մեր թողարկած երեխան դրսում չի մնա՚: Վ. Բալայանը վաղուց թաքուն փայփայած մի երազանքի մասին էլ բարձրաձայնեց. Ստեփանակերտում ունենալ նորաձևության սրահ: Ժամանակն է, որ նորաձևությանը հետևող մեր աղջիկներն ու կանայք, ինչու չէ` նաև տղամարդիկ և, առհասարակ, բոլոր ցանկացողները կրեն իրենց ոճին համապատասխան տեղական ինքնատիպ հագուստ: Բայց մինչ այդ Վ. Բալայանը շրջում է դպրոցներով, հանդիպում 9-րդ դասարանում սովորող աշակերտների հետ, որոնք շուտով կավարտեն հիմնական դպրոցը, մասնագիտական կողմնորոշման զրույցներ ունենում նրանց ու ծնողների հետ, որպեսզի մարտի 1-ից սկսվող դասընթացների համար կոնտինգենտ հավաքի: Ցանկացողները դպրոցի դասերից հետո շաբաթական 2-3 անգամ հաճախելու են արհեստագործական ուսումնարանի նախապատրաստական խումբ, որտեղ նրանց հետ պարապմունքներ են անցկացնելու Իտալիայից ժամանած վարպետները` փայտագործներ, դերձակներ: Նախատեսվում է նաև իտալերենի ուսուցում: Նրանք կստանան հավաստագիր, իսկ սեպտեմբերի 1-ին կընդունվեն ուսումնարան:
Վ. Բալայանն նաև ասաց, որ պայմանավորվել են իտալացիների հետ ուսանողների փոխանակում կատարել. այս տարի 5 ուսանող Արցախից փորձուսուցման կմեկնի իրենց մոտ, 5 ուսանող էլ այնտեղից կգա այստեղ: Առաջին տարում որոշել են խոհարարների ուղարկել:
Ուսումնարանի հանրակրթական ծրագրերում էլ փոփոխություններ պետք է կատարվեն, կարծում է փոխտնօրենը: Նա անհրաժեշտ է համարում ուսումնական ծրագրերի մեջ մտցնել ՙԷկոնոմիկա՚, ՙՄշակույթ՚, ՙԷթիկա՚ առարկաները, լեզուներ. ՙԱզգային խոհանոցը մաս է ազգային մշակույթի, հետևաբար խոհարարը պետք է լավ իմանա այն: Նույնն էլ` փայտագործը: Ինչո՞ւ նա օտար զարդանախշերով դրվագազարդի կահույքը, այլ ոչ թե մեր ազգային: Կամ` դերձակը: Ինչո՞ւ ենք ասում, որ սպասարկման ոլորտը զարգացած չէ մեզ մոտ, որովհետև այդ ծառայությունները մատուցողները լավ չեն տիրապետում նույնիսկ մասնագիտական էթիկայի, հասարակության հետ շփման բարեկրթության նորմերին: Իսկ մենք ուզում ենք, որ զբոսաշրջությունը զարգանա մեր երկրում: Բնականաբար, օտար լեզվի իմացությունն էլ շատ կարևոր է՚: Այսքանից հետո կարծել, որ արհեստագործական ուսումնարան պետք է դիմեն թույլ կարողություններով երեխաները, ինչպես նախկինում և ցայսօր էլ այդ մտայնությունն է տիրում, ճիշտ չէ: Բոլոր բնագավառներում էլ ինչքան անձը խորացված լինի իր մասնագիտության մեջ, իսկ այդպիսին դառնում են կրթությամբ և ինքնակրթությամբ, այնքան նա բարձրակարգ մասնագետ կլինի, հետևապես` պահանջված աշխատաշուկայում:
Ինչպես տեղեկացանք փոխտնօրենից, Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում աշխատող վարպետները բոլորն էլ բարձրագույնավարտ են, բայց աշխատում են իրենց երկրորդ մասնագիտությամբ` արհեստով` տանը, դրսում, ուսումնարանում:
Հավելենք, որ այստեղ սովորողների (230 հոգի) 60 տոկոսը շրջաններից են, 40 տոկոսը` Ստեփանակերտից: Ուսումն անվճար է, սովորողները ստանում են կրթաթոշակ, իսկ շրջաններից եկածները նաև 15-հազարական դրամ բնակարանի վարձի փոխհատուցում: