ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՅԼ ԿԵՐՊ ՎԱՐՎԵԼ՝ ՙԶՎԵԶԴԱ՚ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ՊԱՏՄԵԼ Է ԲԱՆԱԿԻ ԼԵԳԵՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՙԶվեզդա՚ ռուսական հեռուստաալիքը ՙԲանակի լեգենդներ՚ ծրագրի թողարկումը նվիրել է Խորհրդային Միության մարշալ Համազասպ Բաբաջանյանին։
Քաղաքացիական բնակչությանն օգնություն ցուցաբերելու Համազասպ Բաբաջանյանի հրամանը փրկեց հազարավոր բեռլինցիների կյանքեր։ Այդ մասին ասվում է ՙԶվեզդա՚ հեռուստաալիքի տեսանյութում։
Ծրագրում ներկայացվում են 1945թ. ապրիլի 16-ից մայիսի 2-ը տեղի ունեցող իրադարձությունները, երբ ռեյխստագի գրոհի հետ համաժամանակ սկսվեց ռայխսկանցլերի նստավայրի գրոհը։ Այդ ժամանակ 11-րդ գվարդիական տանկային կորպուսի հրամանատար, գնդապետ Համազասպ Բաբաջանյանն առաջարկեց վերգետնյա և ստորգետնյա գրոհ իրականացնել գլխավոր կառավարական շենքի ուղղությամբ, որտեղ այդ ժամանակ թաքնվել էր նացիստական Գերմանիայի բարձրագույն ղեկավարությունը և անձամբ Հիտլերը։
ՙՅուրի Օզերովի ՙԱզատագրում. Վերջին գրոհը՚ կինոպատման եզրափակիչ ֆիլմում ներկայացված դրվագը սցենարիստների հորինվածքը չէ՚,- պատմում է ծրագրի հաղորդավար Ալեքսանդր Մարշալը։
Իսկ վերոնշյալ դրվագում ֆիլմի հերոսներից մեկն առաջարկում է մյուսին Հիտլերին գերի վերցնել։ Իրականում այդպես էլ կլիներ, եթե գրոհ կատարված լիներ, չէ՞ որ մինչև ռայխսկանցլերի նստավայր մնացել էր ընդամենը մի ինչ-որ 200 մետր։
Ստորգետնյա գրոհ իրականացնող խմբի հրամանատարը գնդապետ Բաբաջանյանին զեկուցեց, որ գերմանացիները պայթեցրել են Լանդվեր ջրանցքի ջրարգելակները, և թունելն արագ լցվում է ջրով։ Բայց մետրոյի կայարաններում թաքնվել էին ռմբակոծություններից պատսպարվող խաղաղ բնակիչներ և վիրավորներ, և օգնության ճիչեր էին լսվում։
Հրամանատարը հարցրեց ի՞նչ անել. փորձել, չնայած թունելի հեղեղված լինելուն, առաջ շարժվել, թե՞ վերև բարձրանալ և միանալ ցամաքային գրոհին։ Բաբաջանյանը բոլորովին այլ հրաման տվեց՝ դադարեցնել գրոհային խմբերի առաջխաղացումը և օգնություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը։
ՙԱվելի ուշ, երբ Համազասպ Բաբաջանյանն արդեն դարձել էր զրահատանկային զորքերի մարշալ, նրան հարցնում էին` ինչու է նա այդպես վարվել։ Եթե նա շարունակեր գրոհը և գրավեր ռայխսկանցլերի նստավայրը, պատերազմը մի քանի ժամ ավելի շուտ կավարտվեր, իսկ ինքը կվաստակեր մի մարդու համբավ, ով վերջակետ դրեց այդ պատերազմին։ Բայց ապագա մարշալը պատասխանում էր, որ այլ կերպ վարվել չէր կարող՚,- պատմում է հաղորդավարը։
Կյանքերի գնով հաղթանակ տանող ուղի հարթելու չկամությունը բազմիցս Բաբաջանյանի կարիերան խորտակելու պատճառ կարող էր դառնալ՚,- նշում է Ալեքսանդր Մարշալը։
Ֆիլմում պատմում են նաև Համազասպի մանկության մասին։ Բաբաջանյանների ընտանիքում եղել է 7 երեխա՝ երեք որդի ու չորս դուստր, ծնողներին դժվարությամբ էր հաջողվում հոգալ նրանց կարիքները: Նրանք անասուն էին պահում, իսկ Չարդախլուն (Բաբաջանյանի հայրենի գյուղը - խմբ.) հայտնի էր անասնապահությամբ։
ՙՏանը Համազասպին կարճ Համո էին ասում։ Բնությունը նրան բարձր հասակով չէր օժտել, սակայն բռնկուն բնավորության ու ծայրահեղ խիզախության պատճառով նրանից վախենում էին անգամ իրենից ավագ երեխաները՚,- ասում է Ալեքսանդր Մարշալը։
1945թ. հուլիսի 11-ին Մերձկարպատյան 11-րդ գվարդիական տանկային կորպուսին շնորհվեց պատվավոր ՙԲեռլինյան՚ անվանումը, իսկ նրա հրամանատար, գնդապետ Բաբաջանյանը արժանացավ Խորհրդային Միության Կրկնակի հերոսի կոչման։ Այնուհետև Բաբաջանյանին շնորհվել է գեներալի, իսկ 1967թ. զրահատանկային զորքերի մարշալի կոչում։ Նա գլխավորել է ԽՍՀՄ տանկային զորքերը, իսկ նրա ղեկավարության ներքո այդ զորատեսակը որակական առաջընթացներ է արձանագրել։
ru.armeniasputnik.am