ՙՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԼԻՆԵԼ ԱԶԳԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՌԱՎԻՂՆԵՐԸ՚
Էմմա ԲԱԼԱՅԱՆ
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, որն արդեն մի քանի տարի` նշվում է Հայաստանում և Արցախում, և որը խորհրդանիշն է հայ մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան օրվա, Ազատամարտիկների այգում մի խումբ երիտասարդներից առաձնացավ մի աղջնակ և տողերիս հեղինակին նվիրեց մի գիրք: Ծանոթացանք, և պարզվեց, որ նա ներկայացնում է նորաստեղծ ՙԱրցախի կամավորական շարժում՚ հասարակական կազմակերպությունը: Դա առիթ հանդիսացավ ներկայացնելու երիտասարդական այդ կազմակերպությանը:
Ըստ ՙԱրցախի կամավորական շարժում՚ ՀԿ-ի նախագահ Անգելինա Մանգասարյանի՝ 7-րդ Համահայկական խաղերի նախօրեին ընտրվել է ԱրՊՀ կամավորների համակարգող (ղեկավարում է համալսարանի էլեկտրոնային գրադարանը), որը մի մասն էր կամավորականների, որոնց ղեկավարն էր Արցախի բանակի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանը: Նրանց վրա էր դրված Արցախ ժամանած մարզիկներին և հյուրերին էքսկուրսավարի ծառայություններ մատուցելը: Խմբում ընդգրկված էին 14-27 և բարձր տարիքի կամավորներ: Հենց այդ խաղերի ժամանակ կամավորականները սերտացել են, և ծնվել է կազմակերպության ստեղծման գաղափարը: 2019-ի հոկտեմբերին ՙԱրցախի կամավորական շարժում՚ ՀԿ-ն ստացել է պետական գրանցում: Կազմակերպության անդամների թիվը հասնում է 150-ի, արագ արձագանքման խմբինը՝ 50-ի: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում մի քանի ուղղություններով: Ամեն մի ուղղություն ունի իր համակարգորղը. ՙՕգնության ձեռք՚ ծրագիրը համակարգում է Քրիստինե Ջալալյանը, որ մինչ այդ էլ իր խմբի հետ նախաձեռնում էր նման աշխատանքներ: Հարութ Աթայանը համակարգում է մշակոթողների պահպանության, բնապահպանության, ինչպես և միջոցառումների ժամանցային ծրագրերը, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում կամավորական աշխատանքները: Մարիամ Ջամալյանը կազմակերպում է ինտելեկտուալ խաղեր, սեմինարներ՝ տարբեր թեմաների շուրջ, ժամանցային ծրագրեր: Աստղիկ Գրիգորյանը կազմկերպության սոցցանցերի պատասխանատուն է:
Կազմակերպության նպատակներն են՝ Արցախում զարգացնել կամավորական աշխատանքները, հասարակության մեջ ձևավորել կամավորական աշխատանքների մշակույթը, դառնալ ՙԴոբրոգրադ՚ կամավորների միջազգային կազմակերպության մաս և մասնակցել միջազգային ծրագրերին:
Չնայած կազմակերպությունը նորաստեղծ է, արդեն հասցրել է իրագործել բազում ծրագրեր: Ինչպես արդեն նշվեց, կազմակերպության մշտական ծրագրերից է ՙՕգնության ձեռքը՚, որի շրջանակներում մշտապես օգնություն է ցուցաբերվում սոցիալապես անապահով ընտանիքներին՝ տանելով հագուստ, ուտելիք, երեխաներին էլ՝ խաղալիքներ: 2019-ի նոյեմբերին, ինչպես և 2020-ի հունվարին կազմակերպվել են Եղբայրական գերեզմանների տարածքի մաքրման աշխատանքներ: Նռան փառատոնի ընթացքում մեկնել են Ամարաս և մաքրման աշխատանքներ կազմակերպել նաև եկեղեցու տարածքում: Դեկտեմբերի 5-ին Կամավորականների միջազգային օրվա առթիվ անցել են փողոցներով, բաժանել փուչիկներ, բացիկներ՝ պարզաբանելով կամավորական շարժման կարևորությունը և հիշեցնելով, որ Արցախի պատմության հիշարժան էջերը միշտ պայմանավորված են եղել մեր նախնիների կամավոր գործուղղություններով: Նոր տարվա նախօրեին այցելել են Շուշիի ՙՇող՚ կենտրոն, որտեղ այցելում են սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, ստանում սնունդ, դասեր պատրաստում, անհրաժեշտության դեպքում էլ հոգեբանական ծառայություններ ստանում: Կամավորականները պատրաստել են ուրախ ժամանցային ծրագիր՝ երգեր, պարեր, հումոր: Ծրագրի մեջ ընդգրկված էին երեխաներ, որոնք հաղորդեցին անմիջական մթնոլորտ, և ՙՇող՚ կենտրոնի երեխաները (վերջիններս սովորաբար շատ կաշկանդված են լինում), որոնք ևս ակտիվ մասնակցություն ունեցան ուրախությանը: Անշուշտ, կամավորականները դատարկաձեռն չէին. նրանք նվերներ բաժանեցին կենտրոն այցելող 30 երախաներին: Անգելինա Մանգասարյանի տեղեկատվությամբ՝ այդ միջոցառման կազմակերպմանը օգնություն է ցուցաբերել նաև ԱՀ նշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը՝ տրամադրելով տրանսպորտային փոխադրամիջոց:
ՙԱրցախի կամավորական շարժում՚ կազմակերպությունն ակտիվություն է ցուցաբերում նաև ինտելեկտուալ խաղերի կազմակերպմանը՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ: Այսպես, ուշու և կոնֆու ֆեդերացիայի հետ մեկտեղ կազմակերպել են նրանց սաների քննության 4-րդ փուլը, որը նախատեսված էր բացահայտելու երեխաների զարգացման մակարդակը: Ֆեդերացիան շատ գոհ էր անցկացրած մրցույթից, ուստի և ցանկություն հայտնեց շարունակելու համագործակցությունը: Կազմակերպել են նաև ինտելեկտուալ թիմային ՙԱմենախելացի՚ խաղը, հաղթող թիմի անդամներին էլ արժանացրել են պատվոգրերի և հուշանվերների:
Կազմակերպության ուշադրության կենտրոնում էին նաև Ստեփանակերտի տուն-ինտերնատի բնակիչները, որոնց այցելել են փետրվարին՝ տանելով քաղցրավենիք, հագուստ: Սակայն տատիկներն ու պապիկներն ամենաշատը ոգևորվել են ժամանցային ծրագրից, որին անգամ մասնակցություն ունեցան, հետո էլ խնդրեցին կրկին այցելել: Անգելինա Մանգասարյանի հավաստմամբ՝ նման ծրագրերը կլինեն շարունակական:
Գիրք նվիրելու օրը կազմակերպության անդամները Վերածննդի հրապարակում, Ազատամարտիկների այգում և Ստ. Շահումյանի անվան օղակաձև պուրակում քաղաքացիներին, այդ թվում՝ նաև քաղաքապետ Դավիթ Սարգսյանին, նվիրել են 100 գիրք: Գրքահավաքին մասնակցել են կազմակերպության անդամները, որոնցից Գոհար Ավանեսյանն այդ գործին հատկացրել է 70 գիրք:
Դրամահավաքին իրենց մասնակցությունն ունեցան նաև կազմակերպության անդամները:
Հեռանկարում կազմակերպությունը նախատեսում է ունենալ կամավորականներ նաև բոլոր շրջաններում: Կաշխատեն, որպեսզի մշտական կապեր հաստատեն ԱՀ բնապահպանության և ՄԵՀԶ նախարարությունների հետ:
ՙԱրցախի կամավորական շարժում՚ կազմակերպության նախագահ Անգելինա Մանգասարյանի համոզմամբ՝ արցախցիները չպիտի մոռանան կամավորության կարևորության մասին, քանզի նրանց շնորհիվ է բոցավառվել և հաղթանակով պսակվել Արցախյան շարժումը: Կազմակերպության անդամները, գիտակցելով այդ ամենը, ցանկանում են լինել ազգի կամավորականների շառավիղները: