ՏԻԿՆԻԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՇԱԿՈՒՅԹ
Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Դու դառնում ես մի հեքիաթագործ, հրաշագործ, որ ստեղծում է կերպարներ` գրեթե կենդանի...
Երևանցի Մերի Առաքելյանի համար կարևոր է ձեռագործության ցանկացած տեսակ, բայց տիկնիկագործությունը հնարավորություն է՝ մի նոր, այլ աշխարհ բացելու: Այժմ բնակվում է Ստեփանակերտում, ստեղծում կերպարային, գրեթե կենդանի տիկնիկներ։ Իսկ թե ինչու՞ ՙգրեթե կենդանի՚՝ անկեղծանում է. որ իր բոլոր պատվիրատուները նշում են, որ տիկնիկները կարծես կենդանի լինեն, նրանց հայացքը խոսուն է: Անգամ պատրաստելիս Մերին զգում է նրանց տրամադրությունը. որոշները շատ քմահաճ են ու բացարձակ չեն սիրում նկարվել, մյուսները` հակառակը, թիթիզ են ու ժպտերեսիկ: Նրան երբեմն թվում է, իր տիկնիկները հայացքով ասում են՝ շնորհակալ եմ, որ մեզ ստեղծեցիր: 5-6 օրվա մանր ու բավականին բարդ աշխատանքից հետո աչքերի ցավին միանգամից փոխարինում է հրճվանքը...
Մերին ծնվել և մեծացել է մի ընտանիքում, որտեղ բոլորը ստեղծագործում էին: ՙՇատ անգամ ինքներս կատակում էինք, որ մեր ընտանիքը կարծես ֆաբրիկա լինի: Անգամ տատս պարապ չէր նստում ու մեզ` գործողներիս համար թել էր կծկում՚,-ավելացնում է նա՝ նշելով, որ ձեռքի աշխատանքով զբաղվելը ինքնստինքյան դարձավ ապրելակերպ:
Ձեռագործության տարբեր տեսակներով զբաղվելն իր կյանքի անբաժան մասն է. դպրոցում և ուսանողական տարիներին շյուղերով գործում էր հագուստ, իսկ առաջնեկի ծնունդից հետո սկսեց ասեղնագործել, զբաղվել դիզայնով, պատրաստել ինտերյերի համար տարբեր պարագաներ՝ սուրճի հատիկներից, բնական չորացրած բույսերից ու ժապավեններից: Ունենալով հետաքրքրասեր ու պրպտուն բնավորություն` միշտ ցանկացել է փորձել նորը: Պատմում է, որ մի օր, դուստրը խնդրեց իր համար տիկնիկ պարտաստել, և դա, կարելի է ասել, այնքա՜ն սպասված առիթն էր: Տիկնիկը հաջողվեց, բոլորը հավանեցին, ինչն էլ մեծ խթան հանդիսացավ՝ այդ գործում խորանալու ու կատարելագործվելու: Հիմա էլ, երբ նայում է իր առաջին տինիկին, այնքան թերություններ է գտնում ու զարմանում, թե ինչն էր այդքան դուր եկել մարդկանց: ՙԲայց միևնույնն է, այն ինձ համար թանկ է, որովհետև առաջին էր...՚,-ավելացնում է նա։
Այն, որ կերպարային տիկնիկները ժամանակակից աշխարհում շատ են տարածված, Մերին վաղուց էր նկատել, բայց, միևնույն ժամանակ հասկացել, որ Արցախում դրանց գոյության մասին մարդիկ չգիտեին: Ասում է, որ այդ փուլը բավականին բարդ էր` հասարակությանն ընտելացնել այն մտքին, որ դրանք շատ զվարճալի և հիշվող նվեր կարող են լինել: Իսկ արդեն ընտելանալուց հետո բոլորը ցանկանում են միայն կերպարային տիկնիկներ, որովհետև դրանք ոչ միայն շատ օրիգինալ են, այլ նաև՝ հիշողություն:
Տիկնիկները պատրաստում է թելերից, բոլորը հելյունագործ են, հավաքված են լիովին մետաղական հիմքի վրա, ինչի շնորհիվ կարող են շարժվել, ընդունել տարբեր դիրքեր, ինչով էլ տարբերվում են շուկայում առկա տիկնիկներից:
Գործն ընդլայնելու մասին երբևէ չի մտածել, բայց հստակ գիտի՝ որակյալ, սիրով կատարված, իր մեջ վարպետի ձեռքերի ու սրտի ջերմությունը կրող աշխատանքը միշտ էլ կգտնի իր տիրոջը:
ՙԵթե առաջ մարդիկ համատարած գերադասում էին չինական կամ այլ երկրների արտադրանք, հիմա սկսել են սիրել ու գնահատել մերը: Այս փաստը ողջունելի է, որովհետեև դա հայ վարպետների համար շատ մեծ հնարավորություն է ու խթան՝ ստեղծագործելու։ Իսկ, ինչպես հայտնի է, հայերը տաղանդավոր ազգ են, եթե ոգեշնչված աշխատեն, ապա սարեր շուռ կտան՚։
Մերիի գործերն Արցախում ու Հայաստանում բավականին պահանջված են: Ուրախությամբ նշում է, որ իր տիկնիկներն ապրում են նաև աշխարհի տարբեր երկրներում` ԱՄՆ, Արաբական Էմիրություններ, Ֆրանսիա, Իռլանդիա, Լեհաստան, Անգլիա, Պորտուգալիա և այլն:
Բացի կերպարային տիկնիկներից` գործում է նաև շատ ուրիշ բազմազան խաղալիքներ, աքսեսուարներ` կախազարդեր, ականջօղեր և այլն: Ասում է, որ շատ են սիրվել մանավանդ այն տիկնիկները, որոնք փոքր տարիքի երեխաների համար են նախատեսված: Նրանք նույնպես ունեն իրենց կերպարները: Կարող են լինել մրգերի, կենդանիների, ծաղիկների, ինչպես նաև պարզապես տղաների և աղջիկների տեսքով:
Դարերից փոխանցված բարոյական, հոգևոր ու ազգային արժեքներ կրելն ու պահելը բնորոշ է հային, որ կարողանում է հինը արժևորել՝ վերափոխելով նորի։ Դեռ վաղ ժամանակներում հայ կանայք հիմնականում ձեռագործությամբ էին զբաղվում, ինչն առաջներում հայտնի էր իբրև արհեստ, բայց այսօր արդեն մեր մշակույթի ճյուղերից մեկի յուրօրինակ արտացոլումն է, որը պահելու շնորհը տրված է փոքրաթիվ նվիրյալների։