ՙՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԵՂԵԴԻ՚
Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Անահիտ Գաբրիելյանի անունը ընթերցողներին ծանոթ է զանգվածային լրատվության միջոցներում տպագրված հարյուրավոր ճանաչողական, դաստիարակչական և գեղագիտական հոդվածներից, ՙԿարոտախտ՚ և ՙՇուշի՝ մոխիրներից հառնող փյունիկ՚ ժողովածուներից։ Ավելորդ չեմ համարում կենսագրությունից առանձնացնել հետևյալը. ծնվել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում, գերազանց ավարտել է Բաքվի Ախունդովի անվան ռուսաց լեզվի և գրականության ինստիտուտը։ Աշխատել է ՙԿարմիր դրոշ՚ շրջանային թերթի խմբագրությունում։ 1998-ից Շուշիի քաղաքապետարանի քարտուղարն է։ ԱՀ ԳՄ և ԱՀ ժուռնալիստների միությունների անդամ է։
Արցախի պետական համալսարանի գրադարանում մարտի 11-ին տեղի ունեցավ Ա. Գաբրիելյանի նոր հրատարակված ՙՀաղթանակի մեղեդի՚ գրքի շնորհանդեսը, որը ողջույնի խոսքով բացեց ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Զարինե Սառաջյանը` նշելով, որ միջոցառումը հրավիրվել է նաև տոնական միամսյակի առիթով, քանի որ գրքի հեղինակը կին է, որն իր գործունեությամբ, բարի գործերով գեղեցկացնում է շրջապատը։ Նշվեց, որ Անահիտը այս գրքով ընթերցողին է ներկայացել նոր խոսքով, որն իր երկրի և իր դժվարին կյանքի արտացոլումն է` գեղարվեստական խտացումներով։ Գիրքը շնչում է լավատեսությամբ և նույն կենսափիլիսոփայությամբ վարակում է ընթերցողին։
ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Անահիտ Աթայանը գիրքը որակեց որպես ռեալիզմի համապարփակ արտահայտություն, հաջողության գրավականներից ամենակարևորը նշեց լույսի արտահայտությունը և երկրին, հողին, արմատներին կառչած լինելը։ Այն մարդու կամքի, հոգեկան կորովի, կարեկցելու, ներելու անսպառ խորքեր ունի և մատնանշում է կյանքի դժվարությունները հաղթահարելու յուրատիպ ճանապարհ։ Ժողովածուի մեջ հեղինակի հպարտ, մարդկայնորեն մաքուր, անաղարտ, կյանքոտ կերպարն է, ցավի ու տառապանքի ակորդները, կորցրած, բայց հուշերի մեջ ապրող մարդիկ՝ ժանրային տարբեր ձևերում։ Ժողովածուի յուրաքանչյուր գործ գրված է տառապանքով, որի խորքում արևն է, լույսը, կյանքին կառչելու կարողությունը, կոչ՝ ավանդապահության, օջախասիրության, հպարտ ու արժանապատիվ ապրելու պատգամ ու հորդոր։ Հեղինակը հետաքրքիր մտածողություն ունի, աշխարհին, երևույթներին գեղարվեստորեն նայելու բացառիկ շնորհք, լավն ու գեղեցիկն ընկալելու անուրանալի օժտվածություն։ Գիրքը դաստիարակչական մեծ նշանակություն ունի՝ ուղղված այսօրվա և գալիք սերունդներին։
ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծուհի Զինաիդա Բալայանը ողջույնի խոսքում նշեց, որ Ա. Գաբրիելյանի հրապարակախոսությունն ու գեղարվեստական հուշապատումները առինքնող, քնարական երանգներ ունեն և ասելիքի ծանրակշիռ երակ։ Գրքում հեղինակի կենսաթրթիռ ու հետաքրքիր դիտումներն ու դիտարկումներն են, կյանքի խորքերը թափանցող նրա անհանգիստ բնույթը, անտեսը տեսնելու, զգալու, զգացածը հոգու և սրտի երակներով անցկացնելու ունակությունը։ ՙՀոգու պարտքը՚, ՙԽաչը՚, ՙՀաղթանակի մեղեդի՚, ՙՄարդը, մանկավարժը, զինվորը՚ և այլ պատմվածքներում հայրենի երկրին հասած ցավի ընկալումներն են, ճակատագրական հարվածները, պայքարի, հպարտության, ազատ ապրելու, վերքերը բալասանելու նկրտումները։ ՙՆամակների…՚ ծալքերում հեղինակի անձնական տառապանքն է, հույսի և լինելության ժամանակագրությունը, հոգու ճիչը։ Հայ կնոջ առաքինությունների մեջ է մտնում դժվարությունների և մահի հաղթահարումը, որի արտահայտությունը Անահիտի ապրած կյանքն է։
Հոգեբանական գիտությունների թեկնածու Լուսինե Ղարախանյանը ողջույնի խոսքում նշեց, որ գրքի հեղինակը գրեթե նույնանում է ստեղծագործությունների հերոսներին, հոգեվիճակներին, իսկ որոշ կրկնվող բառեր դառնում են խորհրդանիշեր ու արժեհամակարգ ներկայացնող, ասենք թե՝ խիղճ, դիմակայում, պայքար, հաղթանակ…
Գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանը խոսեց Գաբրիելյանի մասին` որպես կնոջ ուժեղ կերպարի, անհատականության, և կարևորեց միջոցառման ճանաչողական նշանակությունը։
Հանդիսավորվող գրքից հատվածներ կարդացին ԱրՊՀ բանասիրական և բնագիտական ֆակուլտետների ուսանողներ Անուշ Պետրոսյանը, Լիանա Մովսիսյանը, Մարիամ Ասրյանը, Աննա Բաբայանը, Ռուզան Բեգլարյանը, Անահիտ Առստամյանը և Լուիզա Մամունցը։
ՙՓառք Տիրոջը, որ ինձ այնքան ուժ տվեց անցնելու այս ստեղծագործական ճանապարհը, իմաստավորելու իմ ապրած ժամանակը, իմ հոգուց արմատախիլ անելու զոհի կերպարը, տուրք տալու զինվորի, մարտիկի հոգեկերտվածքին,-իր ելույթում ասաց Անահիտ Գաբրիելյանը։-Գրքի հիմնական գաղափարը պայքարն է և հաղթանակը, ես կարողացել եմ իմ կյանքից և տողերից հանել ցավն ու արցունքը։ Պատմությունները իրական են, հերոսները՝ արցախցի զինվորները, գյուղի մայրերը, Արցախյան ազգային-ազատագրական պատերազմին մասնակցած իմ եղբայրները։ Հետաքրքիր բան է կյանք կոչվածը. առաջ ապրում էինք ու երջանիկ էինք, գալիս է մի պահ, երբ գիտակցում ես, որ դու երջանիկ ես, որովհետև դեռ ապրում ես…՚։