ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԸՆԴԴԵՄ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Սվետլանա Խաչատրյան
ՙՄեսրոպ Մաշտոց՚ համալսարանի (ՄՄՀ) նախաձեռնությամբ Ստեփանակերտում մարտի 14-ին անցկացվեց միջազգային գիտաժողով` ՙՊատմություն և քաղաքականություն. կեղծարարություն, ֆոբիա, առասպելաբանություն՚ թեմայով: Մասնակցում էին գիտնականներ և մասնագետներ Արցախից, ՀՀ-ից, ՌԴ-ից: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանն ասաց, որ համալսարանն իր Կովկասագիտության կենտրոնով մշտական ուշադրության կենտրոնում է պահում նշված թեման և, իր շուրջը համախմբելով Արցախի բարեկամներին, փորձում է հակահարված տալ Ադրբեջանի հակահայ քարոզչամեքենային:
ՄՄՀ պրոռեկտոր, Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Ղարիբ Բաբայանը կարևորեց թեմայի հրատապությունը` ընդգծելով, որ այսօր Ադրբեջանում հայատյացությունը քարոզվում է պետական մակարդակով, ժխտվում է 1988-1991թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և այլ քաղաքներում իրականացված հայերի ցեղասպանությունը:
Գիտաժողովում հնչել են ավելի քան երկու տասնյակ զեկուցումներ:
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը խոսել է այն մասին, որ այսօր պատմական հիշողության պատերազմները դառնում են ավելի ու ավելի հրատապ գիտական դիսկուրսներում: Պատմական հիշողության քաղաքականությունը ներկայացվում է որպես նպատակին հասնելու գործիք, պատմական շարադրանքներ ստեղծելու միջոց, որն էլ օգտագործվում է քաղաքականության մեջ:
Այս համատեքստում քննարկելով Ադրբեջանի օրինակը` նկատում է, որ իր գոյության հարյուր տարում այս պետությունը փոխել է իր պատմական տեսլականը` մի դեպքում որպես թուրքական կոնցեպցիա, մեկ այլ դեպքում` ալբանական կամ ալանական, ընդհանրության մեջ` հակահայկական. ՙԱյդ ազգն ասում է` չխանգարեք մեզ հավատալ մեր պատմական վարկածին, թողեք մեզ համարենք այն, ինչ ուզում ենք պատմությունից: Ադրբեջանցիները չեն ուսումնասիրում պատմական նյութերը, նրանք փնտրում են իրենց համար արժանապատվություն: Եթե այդ արժանապատվությանը պետք է հասնել կեղծարարությամբ, թող լինի կեղծարարություն: Դա ճշմարտություն է, թե սուտ, երկրորդական նշանակություն ունի, եթե չասենք` զրոյական: Խոսքը գնում է ազգի գոյատևման, ինքնության մասին: Այո, ադրբեջանցին համեմատաբար նոր ազգ է և մի ազգ, որը գողանում է աշխարհի մասին իր պատկերացումները շրջապատից ու ստեղծում իր պատմությունը մեր աչքի առաջ: Եվ աշխատում են ոչ միայն պատմաբանները, այլև պետությունը՚: Բանախոսը օրինակ բերեց բոլորովին վերջերս Ալիևի պահվածքը պատմական քարտեզի առաջ, երբ նրա վրա չի տեսել Ադրբեջան անունը և որտեղ գրված էր միայն Ուրարտու: Նա զայրացել էր, թե այդ քարտեզով ինչ պատկերացում պիտի կազմեն ադրբեջանցի երեխաներն իրենց ՙպատմական՚ հայրենիքի մասին: Իհարկե, նա դրանով չի ասում, որ պետք է ուսումնասիրել պատմական ճշմարտությունը, այլ ուզում է, որ ՙստեղծեն՚ դա: Ա. Իսկանդարյանի կարծիքով` պատմական ճշմարտության մասին գիտական լեզվով վիճելը Ադրբեջանի հետ անիմաստ է, քանի որ նա ոչ միայն հաշվել կամ այբուբենը չգիտի, այլև որ նա ադրբեջանցի է և փորձում է ստեղծել շարադրանք, որում իր ժողովուրդը հարմարավետ կապրի: Մեր պետությունը պետք է անի հետևյալը. դրամաշնորհներ տա և պատմական փաստաթղթերը տարածի ամենուրեք: Ինչպես նաև ընդարձակի պատմական շարադրանքի շրջանակները: Պետք չէ սահմանափակվել միայն Խոջալուով. ՙԽոջալուն մեր պատմության նույնպիսի մաս է, որպիսին Բաքվի ջարդերն են` Կիրովաբադը, Շամխորը, Դաշքեսանը, Նախիջևանը, Ջուղայի խաչքարերը: Լռել չի կարելի՚:
Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Մաքսիմ Վասկովի (Հարավային դաշնային համալսարան, Ռուսաստան) թեման էր ՙՊատմական հիշողությունը Կովկասյան մակրոտարածաշրջանի երկրների տեղեկատվական պատերազմներում և միջպետական հարաբերություններում՚: Նա պետական հիշողությունը ներկայացրեց երեք տեսանկյունով` որպես տեղեկատվական պատերազմների գործիք, փոխզիջման հասնելու և համագործակցության ու ինտեգրման գործիք:
Հայ-ռուսական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը ներկայացրեց թալիշական շարժման պատմությունն ու արդի վիճակը: Նրա նկատմամբ մեր շահագրգռվածությունը բխում է թալիշական մշակույթի և լեզվի զարգացմանը հայ ժողովրդի հազարամյա մարդասիրական առաքելությունից: Բանախոսը պարզաբանեց, որ հայ ժողովուրդը, սկսած Մեսրոպ Մաշտոցից, միշտ մասնակցել է հարևան ժողովուրդների լուսավորության զարգացմանը: ՙՄեր նպատակն է, որ թալիշցիները պահպանեն իրենց ինքնագիտակցությունն ու ինքնատիպությունը և ի վիճակի լինեն դիմակայել ասիմիլյացիայի կործանիչ քաղաքականությանը: Քաղաքական ինչ հեռանկար ունեն թալիշցիներն Ադրբեջանում` շատ կարևոր է, բայց դա հենց իրենց` թալիշցիների գործն է՚:
Հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանի օրինակով ներկայացրեց առասպելաստեղծարարությունն ու ատելության քարոզչությունը որպես ցեղասպանական վտանգի նշաններ:
Կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող, գիտաժողովի համակարգող Հովիկ Ավանեսովը բացահայտեց ադրբեջանական դպրոցական գրականության մեջ Խոջալուի իրադարձությունների կեղծումը:
Արցախի բարեկամ, Սևծովյան- կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտից Վլադիմիր Զախարովը, իր մեկնաբանություններով հանդերձ, ՙՌուս-իրանական բարեկամության միության՚ մեդալով պարգևատրեց ՄՄՀ ռեկտորին ու պրոռեկտորին, գիտաժողովի մի խումբ մասնակիցների: