ՍՏԵՂԾՎԵԼ Է ՙՙԱՐՑԱԽ՚ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մարտի 15-ին Ստեփանակերտում կայացել է նորաստեղծ ՙՙԱրցախ՚ գիտահետազոտական ինստիտուտ՚ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Բացելով այն` հիմնադրամի գործադիր տնօրեն, Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միության (ԱԵԳՄՄ) նախագահ Ավետիք Հարությունյանը ներկայացրել է հոգաբարձուների խորհրդի ներկա անդամներին. Խաչիկ Գալստյան, քաղաքական գիտությունների դոկտոր և Ռոման Կարապետյան` պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ (Հայաստան), Մաքսիմ Վասկով, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր (Հարավային դաշնային համալսարան, Ռուսաստան), Դավիթ Բաբայան, պատմական գիտությունների դոկտոր (Արցախ) և այլք:
Ա. Հարությունյանի խոսքով` գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման գաղափարը ծագել է 2018թ. Ստեփանակերտում ԱԵԳՄՄ-ի կողմից կազմակերպված գիտության հարցերին նվիրված կլոր սեղանի ժամանակ, երբ քննարկումների արդյունքում առաջարկվել է Արցախում ունենալ գիտահետազոտական կենտրոն կամ ինստիտուտ, որը գիտական հետազոտություններին զուգահեռ ակտիվ համագործակցություն կծավալի արտաքին աշխարհի հետ: ՙՄեր գլխավոր նպատակն այն է, որ կարողանանք գիտության միջոցով Արցախը ճանաչելի դարձնել աշխարհին, և պատահական չէ, որ մեր կազմակերպության կանոնադրության մեջ հստակ ձևակերպված է նաև նրա առաքելությունը, իսկ առաքելությունը հետևյալն է` զարգացնել գիտությունը Արցախում, նրա արդյունքները ներդնել երկրի կենսագործունեության համար ռազմավարական նշանակություն ունեցող բնագավառներում` ամրապնդելով հայոց պետականությունը, գիտության դիվանագիտության միջոցով նպաստել Արցախի Հանրապետության ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային ճանաչմանը՚:
Հոգաբարձուների խորհրդի նիստը վարող, հիմնադրամի նախագահ Խաչիկ Գալստյանը հույժ կարևորեց Արցախում նման գիտական կառույցի գոյությունը, մասնագիտացված գիտական կառույց, որը կյանքի կկոչի հայ ժողովրդի համար ամենակենսական նշանակություն ունեցող խնդիրներից մեկի` արցախյան հիմնախնդրի հայանպաստ բովանդակության ստեղծումն, գեներացումը և տարածումը ամբողջ աշխարհում: Ըստ նրա` Արցախը, որպես ինքնիշխան, սուվերեն հանրապետություն, առնվազն պետք է ունենա նման մի քանի կենտրոններ:
Նիստում քննարկվեցին ՙԱրցախ՚ գիտահետազոտական ինստիտուտի ռազմավարական ուղղությունները, կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը, ՙԱրցախ՚ հրատարակչության հիմնադրման մասին, կազմակերպական հարցեր: Մի շարք առաջարկություններ ներկայացրեց Մաքսիմ Վասկովը:
Մեր ճեպազրույցը գիտնականների հետ.
Խաչիկ Գալստյան.
- ՙԱրցախ՚ գիտահետազոտական ինստիտուտը ձևավորվում է ԱԵԳՄՄ բազայի վրա, որն էլ նրա հիմնադիրն է: ԱԵԳՄՄ-ն իր գործունեության անցած չորս տարիների ընթացքում ձևավորել է մի շարք նախագծեր: Հիմա պետք է համախմբել և դրանց հիման վրա նորերն առաջ տանել: Առաջին ամենակայուն գաղափարը` ԱՀ-ն որպես ինքնիշխան պետություն, ունենա իրեն սպասարկող ուղեղային կենտրոն, որտեղ կլինեն վերլուծություններ. կներկայացվեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, հարևան պետության հակահայ քաղաքականության քայլերի և դրանց կանխարգելման և հակազդման կոնկրետ գիտապրակտիկ առաջարկություններ և երաշխավորություններ:
Պատերազմն ավարտված չէ, այն նոր ձևեր է ստանում, հիբրիդային պատերազմի բնույթ է կրում, և այդ տեսանկյունից մենք ամենօրյա ռեժիմով մեր ճշմարտությունը աշխարհին հասցնելու խնդիր ունենք: Մենք այնքան ենք համոզված մեր ճշմարտացիության մեջ, որ երբեմն հանգստանում եք, պատշաճ ուշադրություն չենք դարձնում այդ ուղղությամբ քարոզչական աշխատանքին, իսկ դաշտը լցվում է կեղծ գիտական թեզերով, պատմության զեղծարարներով, որոնք էլ գիտական հանրության մեջ, փորձագիտական հանրության շրջանակում որոշակի բացասական ֆոն են ստեղծում: Հենց դրանց հակազդման խնդիր է դնում մեր գիտահետազոտական ինստիտուտը:
Իհարկե, տարօրինակ է, որ այդ աստիճանի կարևորություն ունենալով հանդերձ` մինչ օրս Հայաստանում չունենք նմանատիպ կենտրոն: Իսկ Ադրբեջանը գրեթե ամեն երկրում ունի հակահայկական քարոզչական կենտրոնները, միայն Հեյդար Ալիևի ֆոնդը տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում հակահայկական քարոզչությունը տարածելու համար: Հայաստանում կան կենտրոններ` կառավարությանը սպասարկող և այլն, բայց դրանցից ոչ մեկը նվիրված չէ հատուկ Արցախի հիմնախնդրին: Եթե մենք ընդունում ենք, որ արցախյան հիմնահարցը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենակարևոր, առանցքային հիմնահարցն է, եթե ընդունում ենք, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախից, և այստեղ մեր երկու պետությունների անվտանգության ապահովման խնդիրն է, մենք պետք է նաև այս ուղղությամբ ջանքեր թափենք: Զինվորականներն իրենց գործը փառք ու պատվով կատարում են, գիտնականներն էլ գիտական դիվանագիտության մեջ, որն Արցախը ճանաչելի դարձնելու ամենաարդյունավետ եղանակներից մեկն է, պետք է կատարեն: Եվ ցույց տալ, որ Արցախը ոչ միայն և ոչ այնքան հակամարտության գոտի է, որքան ստեղծարար աշխատանքի դաշտ, որտեղ կան գիտնականներ և որոնք կարողանում են խաղաղ պայմաններում ստեղծագործել ու գիտական բովանդակություն արարել ի լուր աշխարհի:
Մաքսիմ Վասկով.
-ՙԱրցախ՚ գիտահետազոտական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելն ինձ համար ևս մեկ առիթ է շատ սերտ համագործակցել Արցախի գիտնականների հետ: Երկար տարիներ է, ինչ համագործակցում եմ ՙՄեսրոպ Մաշտոց՚ համալսարանի հետ: Համալսարանական կրթություն- գիտահետազոտական-գիտալուսավորչական աշխատանքը մեկ միասնական համակարգ է: Ո՞րն եմ համարում իմ դերը այդ աշխատանքում: Առաջին հերթին` զարգացնել գիտական շփումները, որպեսզի Արցախի տեսակետը, տեղեկատվությունը, որ գալիս է ձեր կողմից, առավելագույնս ներկայացվի և առավելագույնս լսելի լինի Ռուսաստանում` ակադեմիական շրջանակում, ԶԼՄ-ներում և այլուր:
Ես ընդհանրապես Արցախը չեմ բաժանում Հայաստանից: Արցախը սուրբ, բազմաչարչար հայկական հող է, այն հայ ժողովրդի հողն է, և կարծում եմ` Ռուսաստանի համար ամենալավ դաշնակիցը, եղբայրը հայ ժողովուրդն է: Մենք, անկասկած, պետք է աջակցենք Հայաստանին, բացարձակապես կապ չունի, որ այդ հակամարտությունը ներկայացնում են իբրև Հայաստանի ու Ադրբեջանի միջև, միևնույն է, մենք պետք է աջակցենք Հայաստանին: Իսկ Հայաստանին աջակցել` նշանակում է աջակցել Արցախին: