ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅԻ ԵՐԿՈՒ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵԿ ՔՐԵԱԿԱՆ ԴՐԱՄԱՆ
ՙՄայրիկ՚ և ՙՊարադի փողոց, տուն 588՚ ֆիլմերն Անրի Վերնոյի երկու գլուխգործոցներն են: Նա այդ ֆիլմերը նկարահանել է 1990-ականների սկզբին: Նրանցում արտացոլված է իր ընտանիքի պատմությունը, որն իր վրա զգացել է Հայոց ցեղասպանության սարսափները:
Հետագա տարիներին նա այլևս ոչինչ չի նկարահանել: Ըստ երևույթին, գլխավորը, ինչ Վերնոյը կարող էր կինոյում ասել, նա արդեն ասել էր: Ռեժիսորը կյանքի վերջին տարիներն անց է կացրել Ժնևի լճի ափին գտնվող իր տանը` վարելով հանգիստ ու մեկուսի կյանք:
Մինչև ՙՄայրիկ՚ և ՙՊարադի փողոց, տուն 588՚ ֆիլմերն Անրի Վերնոյն աշխատել է կինոյի բոլորովին այլ ժանրերում: ՙՆա նկարահանում էր Ժան Գաբենին և Ֆերնանդելին, Դանիել Դարիեին, Իվ Մոնտանին… Սակայն Անրի Վերնոյն ամենաամերիկամետ ֆրանսիացի ռեժիսորն է՚,- գրում էր Paris Match ամսագիրը:
Սկսած 1950-ականներից Վերնոյը ստեղծել է կատակերգություններ, ինչպես նաև դիտարժան արկածային և դետեկտիվ ֆիլմեր: Այսօր նրա այդ գործերն այդքան էլ հայտնի չեն: Մենք որոշել են լրացնել այդ բացը և ձեզ ենք ներկայացնում Անրի Վերնոյի երեք ֆիլմերի մի փոքր ընտրանի` երկու կատակերգություն և մեկ քրեական դրամա:
1.ՙԱյդքան տարբեր ճակատագրեր՚ (1954թ.)
Անրի Վերնոյի ստեղծագործական կենսագրությունը կապված է գրող Անրի Թրուայայի հետ ոչ միայն ՙՄայրիկ՚ ֆիլմի ստեղծման պատմությամբ: Վերնոյն այն նկարահանել է պատմվածքների համանուն ժողովածուի հիման վրա, որոնք նա գրել է Թրուայայի առաջարկով: Երկու Անրիներին կապել է նաև ՙԱյդքան տարբեր ճակատագրեր՚ կատակերգությունը, որի սցենարի հեղինակներից մեկը Թրուայան էր:
ՙԱյդքան տարբեր ճակատագրեր՚ ֆիլմը (ուրիշ անվամբ` ՙՀինգոտանի ոչխար՚), որը Վերնոյը նկարահանել է 1954թ., միանգամից երկու կինոմրցանակների ուշադրությանն է արժանացել. նրան շնորհվել է Լոկարնոյում (Շվեյցարիա) անցկացվող միջազգային կինոփառատոնի ՙՈսկե ընձառյուծ՚ մրցանակը, իսկ երկու տարի անց առաջադրվել է ՙՕսկար՚ մրցանակի` լավագույն գրական սկզբնաղբյուրի համար:
ՙԱյդքան տարբեր ճակատագրեր՚ կինոկատակերգությունը, որում նկարահանվել են ֆրանսիական կինոյի երկու մեծագույն կատակերգուներ Ֆերնանդելը և Լուի դե Ֆյունեսը, պատմում է Տրեզիլյան կոչվող մի փոքրիկ գյուղի մասին: Մի անգամ այնտեղ մի ուշագրավ դեպք է տեղի ունենում` Էդուարդ Սեն-Ֆորժեի ընտանիքում ծնվում է 5 երկվորյակ: Երբ նրանք մեծանում են, հայրը կռվում է նրանց հետ ու տնից վռնդում: 20 տարի անց համագյուղացիները որոշում են կռվարար հորը հաշտեցնել իր զավակների հետ:
2.ՙՄեղեդի նկուղից՚ (1963թ.)
ՙՄեղեդի նկուղից՚ քրեական դրամայի հիմքում Ջոն Թրինյանի ՙՄեծ խաղագումար՚ վեպն է: Ֆիլմի գլխավոր դերակատարները Ժան Գաբենն ու Ալեն Դելոնն են: Մեծ էկրաններ դուրս գալով` կինոնկարն արժանացել է հանդիսատեսի լայն արձագանքին` հետագայում դառնալով ժանրի հանրահայտ դասական օրինակ: ՙՄեղեդի նկուղից՚ ֆիլմը ներառվել է 1963թ. լավագույն արտասահմանյան ֆիլմերի ցուցակում` ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի վարկածով: 1964 թվականին առաջադրվել է ՙՈսկե գլոբուս՚ մրցանակի` ՙԼավագույն արտասահմանյան ֆիլմ՚ անվանակարգում:
3. ՙՀարյուր հազար դոլար արևի տակ՚ (1964թ.)
ՙՀարյուր հազար դոլար արևի տակ՚ արկածային կատակերգությունը հանդիսատեսին տեղափոխում է Հյուսիսային Աֆրիկայի մի փոքր քաղաք: Այնտեղ բեռնափոխադրումներ իրականացնող մի ընկերություն է ժամանում` առեղծվածային բեռով բարձված նոր կցավագոնով, որը պետք է Նիգերիա ուղարկվի: Այդ առաքելության համար ընկերության սեփականատերը վարձում է կեղծ անձնագիր ու կասկածելի հեղինակություն ունեցող մի մարդու:
ՙՀարյուր հազար դոլար արևի տակ՚ ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը Ժան Պոլ Բելմոնդոն է, ում հետ Անրի Վերնոյին կապում էր ամուր ընկերությունը: Դերասանը և ռեժիսորը ծանոթացել են 1960թ. ՙՖրանսուհին և սեր՚ կատակերգության նկարահանումների ժամանակ: Այդ պահից ի վեր Բելմոնդոն նկարահանվել է Վերնոյի ֆիլմերից շատերում, հաճախակի 1970-ականներին` ՙԿոտրանքով գողություն անողները՚ (1961թ.), ՙՍարսափ քաղաքի վրա՚ (1975թ.), ՙԻմ թշնամու դիակը՚ (1976թ.):
Հայտնի է, որ իր բռնկուն բնավորության պատճառով Ժան Պոլ Բելմոնդոն վիճում էր իր հետ աշխատած ռեժիսորներից շատերի հետ: Բացառություն էր Անրի Վերնոյը: Այդ մասին Բելմոնդոն մի անգամ ասել է Ժան Պիեր Լավուանյային տված հարցազրույցում:
Ժան Պիեր Լավուանյա. -Այն մեկը, ում հետ դուք երբեք չեք վիճել, Անրի Վերնոյն է…
Ժան Պոլ Բելմոնդո. -Երբեք: Մենք միասին ութ ֆիլմ ենք նկարահանել: Նա սիրում էր կինոն: Նա սիրում էր վտանգավոր հնարքներ նկարահանել, իսկ ես, ինչպես հայտնի է, պաշտում են դրանք կատարելը: Նա նաև շատ համբերատար էր, հանդուրժում էր բոլոր զավեշտախաղերը, որոնք խմբի հետ միասին նրա գլխին խաղում էինք: Հաճախ միայն որոշ ժամանակ անց էր գլխի ընկնում, որ դա կատակ էր: (Ծիծաղում է): Նա վեհանձն մարդ էր…
Պատրաստեց
Հռիփսիմե ԳԱԼՍՏՅԱՆԸ
www.armmuseum.ru