[ARM]     [RUS]     [ENG]

ՄՆԱՅՈՒՆ ՈՒ ՀԻՇԱՐԺԱՆ ԷՋԵՐ…

Սիրվարդ Մարգարյան

 Ժամանակային առումով որքան հեռանում ենք Արցախյան շարժման ու պատերազմի տարիներից, այնքան նորովի են հառնում ոչ հեռու անցյալի անցքերն ու իրադարձություները…Այնքան ավելի պարզ, հստակ ու նորովի են հառնում մեր հերոսների սխրագործությունները: Նրանք շատ չէին, սակայն  շատ հարցերի պատասխանները գտան սեփական կամքը վահան դարձնելով ու կենդանի սուր  դառնալով, պատրաստ ողջակիզման՝ հանուն պատմական հայրենիքի բռաչափ հատվածի: Ժամանակի հրամայականով չհայտարարված պատերազմի կիզակետում հայտնված Արցախ-Երկրի կամավորականները աննախադեպ հաղթանակների կերտման առաջամարտիկներ դարձան՝ ժամանակի պահանջ հրամայականով: Նրանց սխրագործությունների մասին շատ է գրվել ու դեռ կգրվի, ու ժամանակի ծիրում նրանք իրենց հավերժ կենդանի ներկայությամբ կլուսավորեն սերունդների ճշմարիտ ու անխոտոր ճանապարհը: Ասվածի վկայություններից  է գրող, ԱՀ ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Բեգլարյանի հեղինակությամբ նորերս լույս տեսած  ՝՝Ես մի զարկն եմ…Շուշիի գունդ՛՛ ստվարածավալ գիրքը:

Կազմող-հեղինակի խոստովանությամբ՝ ժողովածուն կազմելիս օգտվել է թերթերից, գրքերից, համացանցից, գրառել է մասնակիցների ու ականատեսների հուշերը՝ փորձելով մեկ ՝՝տանիքի՝՝ տակ հավաքել գնդի մասին շարադրված նյութերը և ամփոփ գրքով ներկայացնել ընթերցողներին: Հեղինակի դիտարկմամբ՝ բոլորիս պարտքն է եկող սերունդներին, աշխարհի բոլոր ծագերում ապրող հայերին ու մեր բարեկամ ժողովրդին փոխանցել անուն առ անուն պատերազմում հաղթանակած, ինչպես իրենց արյամբ պաշտպանած, այնպես էլ հպարտությամբ տուն վերադարձած մեր հերոսների կյանքն ու գործունեությունը: Իսկ մարտադաշտ մտած ամեն մի զինվոր, լինի  կին թե տղամարդ, հերոս է:

Գրքի հիմնական ՛՛հերոսը՛՛ Շուշիի գունդն է  /յոթերորդ  պաշտպանական  շրջան/, որն իր կարևոր դերն է ունեցել հաղթանակների կերտման ճանապարհին: ՊԲ համակարգում ստեղծված զորամասերից, թերևս, ամենակարճ կեսագրությունն ունեցավ Շուշիի պաշտպանական շրջանը: Այն կազմավորվեց 1993 թ. սկզբներին և գործեց մինչև 1996 թ. ապրիլի 1-ը: Սակայն այդ անչափ կարճ ժամանակահատվածում զորամասի անձնակազմը կարողացավ կերտել իր ուրույն ձեռագիրը: Արցախի պաշտպանության համար մղված մարտերում իրենց կյանքը զոհաբերեցին գնդի 128 մարտիկներ, տասնյակ ազատամարտիկներ պագևատրվեցին շքանշաններով ու մեդալներով: ԼՂՀ  ՛՛Մարտական խաչ՛՛ շքանշանի արժանացան Վ. Իշխանյանը, Վ. Կասյանը, Ս. Բեգլարյանը /հետմահու/, Վ.Ավագյանը, Ս. Հարությունյանը, Վ. Գևորգյանը, Գ. Առուստամյանը, Մ. Թառանյանը, Ա. Աղաջանյանը /հետմահու/, Վ. Համբարձումյանը, Գ. Առաքելյանը, Մ. Սարգսյանը և ուրիշներ:

Խնամքով կազմված փաստավավերագրական ժողովածուն հայտ է ներկայացնում լրացնելու գնդի տղաների սխրանքների  մասին  պատումաշարերը: Միայն նման բազում հրատարակությունների շնորհիվ հնարավոր կդառնա ի մի բերելու Արցախյան ազատագրական պայքարի ամբողջական պատմությունը: Ժողովածուի խմբագիր ու գրքում ընդգրկված մի շարք ակնարկների հեղինակ, գրող-երգահան Դավիթ Միքայելյանի տեսանկյունով, մեր՝ ապրողներիս պարտքն է  հավերժացնել ազատամարտի նահատակների հիշատակը և տրամաբանական ավարտին հասցնել շարունակվող պայքարը: Այդ առումով Գագիկ Բեգլարյանի Շուշիի պաշտպանական գնդի անցած ճանապարհի մասին կազմած գիրքը խոր հարգանք ու խոնարհում է նահատակված մարտիկների պայծառ հիշատակին: Մարտական գունդը մասնակցել է Արցախի ամենատարբեր բնակավայրերի ազատագրման թեժ ռազմագործողություններին, ընդհանուր հաղթանակի մեջ ունեցել իր արժանի ներդրումը:

Գրքում բերված  փաստերը, իրադարձությունների վավերականությունն ու կենդանի վկայությունները հավաստումն են այն իրողության, որ Շուշիի պաշտպանական գունդը արցախյան ազատամարտի ժամանակ սկզբնավորված այն առաջին զորամասերից է, որ, ձևավորվելով կամավորական ջոկատների ընտրանիով, մարտական փառավոր ճանապարհ է անցել՝ պատերազմի տարեգրության մեջ թողնելով մնայուն, հիշարժան էջեր՝ լի սխրագործություններով, անդառնալի կորուստներով և անմոռանալի հիշողություններով: Պատմությունն այդ՝ խիզախ հրամանատար Վաչագան Իշխանյանի գլխավորությամբ, կերտել են գնդի տղաները՝ շարքային զինվորից մինչև հրամանատար: Սամվել Հարությունյանը, ով կռվում էր Վաչագան Իշխանյանի գլխավորած վաշտում, հպարտությամբ է պատմում մարտական այն ընկերների մասին, որոնք ոչ մի վտանգի առաջ կանգ չէին առնում և հաճախ ՛՛մահը նրանց կողքով էր անցնում՛՛: Գրքում զգալի տեղ է հատկացված պատերազմի աղջիկներին ու նրանց կատարած սխրագործություններին: Իրական փաստերն ու երևույթներն ամբողջանում են նրանց ու Շուշիի գնդին ձոնված չափածո տողերով, որոնց հեղինակները արցախցիներին /և ոչ միայն/ քաջ հայտնի մարդիկ են, ոմանք էլ ժամանակի թելադրանքով գրիչը սրով փոխարինած նվիրյալներ: Ժողովածուի ՛՛արժանիքներից՛՛ են նաև գրքի էջերում զետեղված և արդեն պատմական դարձած լուսանկարները, որոնք էլ իրենց հերթին լրացնում,  ամբողջացնում ու առավել հավաստի են դարձնում իրադարձությունների կիզակետում հայտնված ու պատերազմի բովում թրծված նվիրյալների կերպարները:

Կազմող-հեղինակի ջանքերով գրքում զետեղվել են նաև Շուշիի գնդի զոհված ազատամարտիկների կենսագրական հակիրճ տվյալները: