[ARM]     [RUS]     [ENG]

Կարոտ, որ կարմրախայտ ձկան համ ու գույնն ունի

Նվարդ Սողոմոնյան

 Պատահական  զանգ հնչեց, և ակնոցներով սիրունատես մի կին ծանոթություն տվեց. <<Չե՞ս հիշում, Արուսն եմ, գետաշենցի Արուսը>>,- սկայպում  աղջկաս ուսանողական ընկերուհին էր՝ Ֆրանսիայից։

Սահակյան Արուսը… Երևան, Նորքի երկրորդ զանգված, ուսանողական հանրակացարան, որտեղ 2-3 օրով հայտնվել էի։1993 թվականն էր։ Արցախում մոլեգնած պատերազմ, Երևանում՝ ցուրտ, մութ տարիներ, հացի գիշերային հերթեր… մի բուռ ոսպ կամ լոբի գտնելը մեծ ուրախություն էր ուսանողի համար։ Ձմռան սառնաշունչ ցրտին շրջանայինից, որտեղ գտնվում էր Երևանի պետական համալսարանը, աղջիկները ոտքով բարձրանում էին Նորքի զանգված. Էջմիածինցի Նանարը՝ իրավաբանականից, ղափանցի Կարինեն՝ կիբեռնետիկ… Ասպրամը չդիմացավ, լուռ արցունքներ հոսեցին։ Արուսը հուսադրեց. նա ընկերուհիներից 1-2 տարով մեծ էր, և, բացի դրանից, կյանքը նրան կոփել էր։ Ընկերուհիները նրա մասին շատ քիչ բան գիտեին. աղջիկը ժամանակ  չուներ կիսվելու, անընդհատ վազքի մեջ էր՝ և' սովորում էր, և' աշխատում։ Նրան նույնիսկ <<շուստրի>>-ճարպիկ մականունն էին կպցրել։ Գերազանց էր սովորում, դժվարին իրադրություններում կարողանում էր ընկերուհիներից ավելի արագ կողմնորոշվել, արդարամիտ էր, անկեղծ, բամբասանքներից՝ հեռու։ Եթե աղջիկներից որևէ մեկին հանիրավի նեղում էին, պաշտպան էր կանգնում։ Կիսաքաղց՝ չտաքացվող սենյակներում ցրտից սրթսրթում էին, բայց հումորը, ծիծաղն անպակաս էին. բոլորը՝ հավասար, բոլորը՝ մտերիմ, սիրով։ 18-20 տարեկան էին։ Քննությունների արանքում Արուսը ընկերուհիներին տանում էր գյուղ, որտեղ ապրում էր Սահակյանների բռնագաղթած ընտանիքը։ Տաք վառարանը, Արուսի մոր թխած լավաշ հացի բույրն ու տնական կաթնասերի համը ուսանող աղջիկների հիշողության մեջ մնացին։ Իսկ թե գետաշենցի ընտանիքը ինչպես և ինչու է հայտնվել Նախիջեվանին սահմանակից  Տիգրանաշեն գյուղում, այդ մասին ոչ Արուսն ու եղբայրները, ոչ ծնողները խոսք չէին բացում. երկիրը դաժան պատերազմի մեջ էր, պատերազմը ներկա էր, ու ինչ-որ բան հիշելու, պատմելու համար ոչ սիրտ կար, ոչ ժամանակ։

Այսպես է եղել.1991թ.  ապրիլի 30-նն էր։ Գյուղը դեռ չարթնացած՝ շրջակա բարձունքները գրավված էին։ 100-120 զրահատեխնիկա շրջապատել և խփում էր գյուղամերձ ժայռերին։ Ուղղաթիռները շատ ցածր պտտվում էին, թևերի տակ նկատելի էին հրթիռները։ Խորհրդային բանակը Ադրբեջանական  օմօնի հետ սկսել էր հայտնի <<Օղակ>> ռազմագործողությունը՝ հայաթափելու համար Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը։ Երկու գյուղերից սպանվածները 25-ն էին. կացնահար, գնդակածեծ, խոշտանգված։ Վիրավորների թիվը անցնում էր 100-ից, պատանդ վերցրածների թիվը 90-նն անց էր։ Դիակները թաղվեցին տների բակերում։ Թաթուլ Կրպեյանը զինակիցների հետ գյուղի մեջ հերսաբար կարողանում է գերի վերցնել գնդապետ Մաշկովին և զրահատեխնիկայի 14 անձնակազմին, ապա բանակցությունների մեջ մտել ու դավադրաբար սպանվում է ։ Հայերի մոտ գտնվող 14 պատանդ զինվորները փոխանակվում են 27 հայ պատանդների հետ՝ ծեծված, այլակերպված, խոշտանգված։ Պատանդների փոխանակումներից հետո գյուղի գնդակոծումը  գնդացիրներից ու ինքնաձիգերից ավելի էր սաստկանում։ Բարձրախոսով պահանջում են զենքը հանձնել, գյուղը թողնել։ Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը գյուղի գետնահարկերից մեկում տեղի  է  ունենում ճեպխորհրդակցություն, որտեղ որոշվում է զինամթերքն ամբողջությամբ, մինչև վերջին փամփուշտը՝1 գնդացիր, 4-5 ավտոմատ,150 որսորդական հրացան, ինքնաշեն նռնակներ, դուրս հանել։ 300-350 հոգի 3 խմբերով լեռնային արահետներով զգույշ, աննկատ, պիտի բարձրանային Քեփազ սարը, թեքվեին դեպի Շահումյան, որտեղ անվտանգ էր։

…Գյուղն օղակած զինվորների շղթան բացվում է, մարդիկ լցվում են <<թռիչքահրապարակ>>։ Ծեր, կին, երեխա, թվով 3 հազար հոգու ռազմական ուղղաթիռներով տեղափոխում են Ստեփանակերտ, մի քանի օր հետո այստեղից ով ինչպես կարող էր՝ հասնում է  Հայաստան։ Առանձնացված 700 տղամարդկանց Գետաշենից ավտոբուսներով  տեղափոխում են  Իջևան։ Թռիչքահրապարակից ծեծելով, անարգելով, կամայական ընտրությամբ երիտասարդ և միջին  տարիքի մարդկանց քշում են գերության Գանձակի, ապա՝ Բաքվի բանտերը։

-Արուս, իսկ ձեր ընտանիքի ճակատագի՞րը…

-Հայրս աշխղեկ էր,Գանձակի շատ թաղամասեր ինքն էր սարքել, մայրս մանկավարժ էր։ 6 երեխա էինք՝ 5 տղա, 1 աղջիկ։ Գյուղում հիմանականում բազմաերեխատեր էին, ամեն ընտանիքում՝ միջինը 5-6 երեխա։ Երեխան հոգս չէր, այլ՝ երջանկություն։ 6-7 տարեկանից դաշտում օգնում էին մեծերին, մոռ էին հավաքում։ Գյուղում եկամտի հիմնական աղբյուրը ազնվամորին էր, ամբողջ տարին բերք էինք հավաքում։ Հարուստ գյուղ էր. տղամարդկանց մի մասը արտագնա աշխատանքի էր, մնացածը հող ու այգի էին մշակում կամ բերքը իրացնում։ Ամեն բակում 2-3 մեքենա կար, հայրս գյուղում արդեն 3 տուն էր կառուցել տղաների համար։ Երեք հազար բնակչությամբ Գետաշենում գործում էր 3 միջնակարգ դպրոց, մեկը՝ ռուսական։ Ընտանիքներն՝ ամուր, ավանդույթներն՝ ազգային։ Գետաշենը Անդրկովկասի ամենամեծ գյուղն էր համարվում, բայց թուրքը քաղաքի կարգավիճակ չէր տալիս։ Մենք դեռ այն ժամանակ հասկանում  էինք թուրքի վարած հակահայկական քաղաքականությունը։ Համառ ու դիմացկուն էինք£ Մենք հայի էն տեսակն էինք, որ ամուր է կպչում հողին ու ջրին, մենք ստեղծող էինք, մենք թույլ չէինք… Կորցրինք Գետաշենը, հիմա  այնտեղ օձերն ու կարիճներն են բնակվում։

Բռնագաղթից հետո մեր ընտանիքը շատ դժվարություներ տեսավ. մեծ ախպորս՝ Գագիկին, ով 25 տարեկան էր և գրանցումը՝ ռուսաստանյան, անձնագրային ռեժիմի պատրվակի տակ մեզնից առանձնացրին։ Հայրս հետ դառավ, որ մնա նրա հետ, մինչև, իբր, գործը պարզվի, բայց նրան  ծեծելով զոռով քշեցին ուղղաթիռի մեջ։ Մեր հարևանին՝ 4 -5 երեխատեր, ասացին՝ գրոհային ես ու վառելով, խոշտանգելով սպանեցին։

Երկու տարի Գագիկից ոչ մի լուր չունեինք, հորս որոնումները, ընդհուպ մինչև Ռուսաստան, ոչ մի արդյունք չտվեցին։ Երկու տարի հետո, 1993-ին Կարմիր Խաչի միջոցով նամակ ստացանք, որ ողջ է, Բաքվի բանտերից մեկում է։ Մյուս եղբայրս՝ Պարույրը, որ ուսանող էր, զինվորագրվել էր Տիգրանաշենի ինքնապաշտպանության ջոկատին, պոստում վիրավորվեց։ 1996-ին, հրադադարից հետո, Գագիկը բանտից եկավ, իսկ Պարույրը 14 տարի հիվանդանոցներում տառապելուց հետո, մահացավ։ Գագիկը բանտից որ եկավ, շատ  էր փոխված, միշտ ընկճված, միշտ լուռ, ինքնամփոփ, մարդախույս։ Միայն մեկ անգամ բացվեց, ինձ պատմեց, որ հանցագործ տարրերի, գողերի ու մարդասպանների հետ էր նստած։ Սկզբում շատ էին տանջել, ծեծել, խոշտանգել, բայց հետո հետները <<լեզու է գտել>>, տեսել են շնորքով է, մազ կտրել, կոշիկ կարել-կարկատել գիտի ու խնայել են։ Չամուսնացավ, հիմա 55 տարեկան է։ Փախստականի դժվար կյանքով ենք ապրել, վերքերը մինչև հիմա մրմռում են։ Շրջապատում ոչ բոլորն էին մեզ հասկանում, պատմություն չիմացողները նույնիսկ մեղադրում էին գաղթելու համար, պիտակներ էին կպցնում՝ ըմդհուպ մինչև <<շուռ տված>>, շատ ծանր էր նման խոսքեր լսելը։ Ծնողներս գաղթելուց հետո շատ խեղճացած, ընկճված էին։ Ես բնավորությամբ ուժեղ էի։

- Մտքովդ չի՞ անցնում վերադառնալ։

- Առայժմ՝ ոչ։ Բռնագաղթից հետո միայն տառապանք ու չարչարանք եմ հիշում, նույնիսկ՝ աշխատանքի անցնելուց հետո։ Շերտավորում եմ տեսել, խտրականություն եմ տեսել, շփացած պաշտոնյաների լկտի վերաբերմունք եմ տեսել, արհամարհանք՝ ազնվության, աշխատասիրության, քրտինքով մի կտոր հացը վաստակողների հանդեպ։

- Հիմա ուրիշ վերաբերմունք է…

- Չգիտեմ։ Փախստականի ցավը միայն գաղթ տեսածը կհասկանա։ Ինձ համար շատ դժվար էր։  Ես միշտ պայքարի մեջ եմ եղել։ Ինքս պաշտպանության կարոտ՝ թիկունք էի կանգնում  ուրիշներին։ Ես մանկուց եմ կոփվել, Գետաշենում 14 տարեկանից աշխատել եմ, երբ դրա կարիքը չկար։ Ուսանողական տարիներին միշտ վազվզուքի մեջ էի։ Երկրորդ կուրսից իրավագիտություն եմ դասավանդել պոլիտեխնիկում, 100-120 հոգանոց կուրս Էր, ու ոչ մի ծպտուն, և  ինչ հետաքրքրությամբ էին լսում։ Ավարտելուց հետո մրցույթով ընդունվեցի արդարադատության նախարարություն, ստիպված էի մի քանի տեղ աշխատել, որ հասցնեմ հիվանդ եղբորս համար դեղ գնել։  Պատկերացրեք Երևանի վիճակը, տրանսպորտը, ընտանիք, երեք երեխա… նախարարություն, որտեղ 5-10 րոպե ուշացման համար պետը զեկուցագիր էր գրում, որտեղ աշխատանքի  ընդունվածների մեծ մասը… <<թիկունք>> ունեին։ Ես ռոբոտ էի դարձել։ Պատերազմից հետո՝ նյութապաշտություն, հարստանալու մոլուցք,  խորացած շերտավորում,  մասնավոր համալսարանը մի կերպ ավարտածները ծանոթով, կաշառքով պաշտոն էին ստանում։ Սովին, ցրտին դիմացա, բայց հետո եկավ մի պահ որ… գուցե եղբորս մահը… գուցե երեխայիս անբուժելի հիվանդությունը, գուցե ինձ մոտ սկսած նյարդային ծանր հիվանդությունը, գուցե այն, որ ինձ, մի քանի աշխատակցի ևս, առաջարկեցին աշխատանքից ազատման դիմում գրել, երևի հիշում եք, Երևանում կատարված հայտնի դեպքը՝ ԴԱՀԿ-ի և մեր նախարարի միջև։ Չնչին աշխատավարձից զրկվելու հեռանկարը լցված բաժակի վերջին կաթիլն էր։

- էն տարիներին շատերի համար էր դժվար եղել։

- Մեզ համար կրկնակի դժվար էր, մեր ընտանիքի կորուստները կրկնապատկված էին։ Ես հոգնել էի։ Իմ մեջ այլևս պայքարելու ուժ չկար։ Ես, որ ինձ ուժեղ էի կարծում՝ փախա… իմ տառապամքից, ինքս ինձնից։ Բռնեցի օտարության ճանապարհը։ Հայտնվեցի օտարության մեջ, որպեսզի կարողանամ <<պաշտպանել>> իմ երեխաներին, ապահովեմ նրանց ապագան։ Օտարության մեջ էլ հեշտ չի եղել. առնետներով, ոջիլներով լիքը էժանագին հյուրանոցային համար Միլանում՝ մինչև Հայկի ուսանող դառնալը։ Իմիջայլոց, 5 և ավելի լեզուների է տիրապետում։ Երկրորդ զավակս գիտության ճանապարհն է ընտրել, բարձրագույն մաթեմատիկա, ինժեներություն է սովորում։

 Տղայիս թոշակով ենք ապրում, ամիսը՝ 500 եվրո, ես սովոր եմ քչով բավարարվել, նաև մազ եմ կտրում, որպես կամավորական մանր մունր գործեր եմ անում։ Ես սովոր եմ տնտեսել։ Տանն եմ  լավաշ թխում։ Մոտակա դաշտից բանջար եմ քաղում, տապակում։ Մի անգամ Փարիզում ապրող ծանոթ լրագրողի համար ժենգյալով հաց տարա,  զարմացան, հավեսով կերան։ Ֆրանսիացիներին էլ է հայկական խոհանոցը դուր  գալիս։ Նրանցը ուրիշ է, աֆրիկյան սուր համեմունքներով, շատ բան՝ կիսահում, ծովամթերքներ շատ են սիրում։ Մեր կարմրախայտից հետո էստեղի ձկները ինձ շատ անհամ են թվում։ Երազում միշտ Գետաշենն եմ տեսնում, մեր Կապուտան լիճը։ Գետը ահարկու խշշոցով իջնում է Քեփազ սարից, գյուղը բաժանում երկու մասի։ Ծնվում- մեծանում էինք գետի ուժեղ խշշոցի տակ, ու ձայնի ուժգնությունը չէինք զգում։ Հիմա, որ համադասարանցիներս համացանցով տեսաժապավեններ են ուղարկում, գետի խշշոցից սիրտս նեղվում է։

Այստեղ էլ կյանքը հեշտ չէ.ահաբեկչություն, պայթեցումներ, փախստականներ, մարդ վախենում է մարդաշատ վայրերում լինել։              Իբր եղածը  քիչ է, հիմա էլ կորոնավիրուսը, մեկուսացած ենք, դաս-դպրոց չկա։ Ամենահանգիստ, ամենախաղաղ տեղը, երևի, Ղարաբաղն է…

Մեր զրույցը մի պահ ընդհատվեց ու նորից միացանք.

- Հարևան երեխաները ձուկ էին բռնել, մեծ էր, երևի փորի մեջ ձկնկիթ կար։ Համոզեցի տանեն լիճը գցեն։

- Մեր զրույցը ձայնագրել եմ, Արուս։

- Ոնց  հարմար է… բայց չէի ուզենա, որ նայեն… հոգուս մեջ։ Իմ հեռանալը ես թուլություն եմ համարում։ Սա վատ օրինակ է։ Ես հուսալքվեցի, ես թողեցի պայքարի դաշտը…