[ARM]     [RUS]     [ENG]

…Եվ հասկացան, որ ուժն է ծնում իրավունքը

Նվարդ Սողոմոնյան

 1991թ. ապրիլ-օգոստոսին Ադրբեջանի ՆՆ հատուկ նշանակության ջոկատների, օմօն, և ԽՍՀՄ ներքին գործերի, ինչպես նաև Գանձակում  տեղակայված ԽՍՀՄ ՊՆ 4-րդ բանակի թիվ 23 դիվիզիայի ուժերով իրականացվեց մի լայնամասշտաբ ռազմագործողություն,  որը պատմության մեջ մտավ <<Օղակ>> խորհրդանշական  անունով։ Ադրբեջանական բանտերն ու  մեկուսարանները  լցվեցին հազարավոր խաղաղ բնակիչներով, ովքեր 20-րդ  դարի  մայրամուտին կրեցին  թուրքական բանտի բոլոր սարսափները։ Լեռնային  Ղարաբաղում ոտնահարվում էին մարդու ապրելու, ազատության և անձի անձեռնմխելիության  իրավունքները։ Խաղաղ բնակչության հանդեպ զանգվածային  բռնություններն իրագործվում էին  խիստ ծրագրված  ու մշակված ձևով։ Ադրբեջանը և ԽՍՀՄ գերագույն ղեկավարությունը այդ ձևով փորձում էին խեղդել Արցախի հայության ազատ ապրելու ձգտումները։ Հայոց հինավուրց հողին պատերազմ  պարտադրեցին, ստիպեցին զենքի դիմել և սեփական շեմին պայքարել մարդկային տարրական իրավունքները պաշտպանելու համար։ <<Օղակ>> ռազմագործողությանը մասնակցել են ԽՍՀՄ նախագահ Գորբաչովը՝ <<հայ գրոհայիններին զինաթափելու մասին>> հրամանագրով, 1990 թ. հուլիսի 15-ին,  1991-ի օգոստոսի 19-ին պետական հեղաշրջման խռովարարների բարձրագույն խումբը՝ ՊՈՒՏՉ-ը, ովքեր քաջատեղյակ էին, թե ինչ է կատարվում երկրամասում, Ղարաբաղի և նրան հարակից շրջանների  արտակարգ դրության պարետությունը՝  իր փոփոխվող գեներալներով, ԼՂԻՄ իրավապահ մարմինների առաջին դեմքերը՝  Պլավսկի, Իվանով, Կովալյով, ովքեր Ադրբեջանի և Խորհրդային Կենտրոնի դրածոներն էին։

 Ադրբեջանական օմօնի և ԽՍՀՄ ՆՆ զորքերի զորամասերի գործողությունների հետևանքով սկզբի 2-3 շաբաթվա ընթացքում դատարկվեցին Գետաշենն ու Մարտունաշենը, Բերդաձորի ենթաշրջանն իր 4 գյուղերով, Հադրութի շրջանի 14  հայկական գյուղեր։ 1991-ի մայիսի 15-16-ին Ստեփանակերտ քաղաքից կալանվեցին մի քանի  տասնյակ մտավորականներ։ Ռազմագործողության <<սցենարը>> հետևյալն էր.    խորհրդային  կոմունիստական վարչակարգի   տրամադրած զրահատանկերից և ուղղաթիռներից կրակի տակ էին  առնում  հայկական գյուղերը, ահաբեկում, սպանում,  գերեվարում, հետո խորհրդային զորամասերը հետ էին քաշվում, օմօնը և ազերական բաշիբոզուկների խմբերը  մտնում էին ու սկսվում էր թալանը, կողոպուտը, որն ուղեկցվում էր բռնություններով։  Ադրբեջանի իշխանությունները չէին  թաքցնում մարզը հայաթափելու իրենց նպատակը։ Եթե  երիտթուրքերը նախորդ դարասկզբին հայկական հարցին վերջ տալու լավագույն ձևը ցինիկաբար համարել են հայության ոչնչացումը, հայրենազրկումը, ապա  դարավերջին նրամց ցեղակիցները վարվեցին  նույն ձեռագրով. Ադրբեջանի ղեկավարները նույնիսկ չէին ժխտում  բռնության, թալանի, խոշտանգման փաստերը։ Մութալիբովը և Դաշդամիրովը իրենց արտահայտություններում գործածում էին այն միտքը, որ <<քաղաքականությունը ճերմակ ձեռնոցներով չի իրագոծվում>>։ Բազմաթիվ փաստաթղթեր, հայկական և ոչ հայկական  աղբյուրներ վկայում են, որ 1991-ին կատարվածը ցեղասպանություն է։

  Հետ նայենք, իմաստավորենք անցյալը՝ ապագան ապահովելու համար։ Իր հոգու մեջ ստրուկը սպանելու համար ժողովուրդը ճանապարհ պետք է անցներ, և անցավ։ Եվ հասկացավ, որ ինքն է միայն  իր բախտի, իր ճակատագրի տերը։ Որ թույլին  կարեկցում են, բայց չեն պաշտպանում։ Որ ազատությունը չեն մուրում։ <<Օղակ>> ռազմագործողության հետևանքով դաժան  խոշտանգումները, աներևակայելի բռնություններն արցախցուն ստիպեցին գտնելու ազատ ու անկախ ապրելու բանաձևը։  Պատմությունը ցույց է տվել, որ օտարը չի կարող բարեփոխել քո դրությունը։

Արցախը ոտքի ելավ պաշտպանելու իր հողը, իր տանն ապրելու իրավունքը։ Հասկացանք, որ ուժն է ծնում իրավունքը, որ հողն ու ազատությունը պահելու միակ ուղին պայքարն է, և ամբողջ Արցախով մեկ բռնկվեց պատերազմի, ազգային ազատագրական պայքարի կրակը։

Պարտադրված պատերազմում հազարավոր հայորդիների արյամբ բարձրացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության շենքը, հայկական այս երկրամասում վերականգնվեց հայոց պետականությունը։ <<Ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով կսրբեն իրենց երկիրը և ապա այդ սրբացած հողի վրա կբարձրացնեն շենքն  իրենց անկախության։ Այլ կերպ չի ստեղծվել և ոչ մի հայրենիք>>. արեգին Նժդեհ։

Պատմության ընթացքը անշրջելի է։ Այսօր Արցախում ապրում են 1991-ի <<Օղակ>> ռազմագործողության ժամանակ բռնության ենթարկվածները, ականատեսները, այսօր հանրապետությունում հասակ է առել մի սերունդ, ով չի զոհի իր ազատությունը, հողի վրա ապրելու իր իրավունքը։ Վկայությունը՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ տասնյակ նահատակների գնով պաշտպանվեց հող-հայրենին։ Աշխարհում ոչ մի ուժ չի կարող մեզ շեղել մեր ընտրած ճանապարհից։