[ARM]     [RUS]     [ENG]

Ոգու ... ''Սահմանային գոտի''

Նվարդ Ալեքսանյան

 Անվանի բանաստեղծուհու արձակ ստեղծագործությունները, որքան անսպասելի, նույնքան էլ որպես օրինաչափություն են երևում՝ կազմելով ամբողջական շղթայի օղակ։ Իսկ շղթան արվեստագետի բեղուն ճանապարհն է, նրանով ապրած կյանքը և ժամանակի հետ նոր գույներ առնող հետագիծը։

Պատմվածքների մեծ մասին, որը տեղ է գտել Նվարդ Ավագյանի <<Սահմանային գոտի>> գրքում, ծանոթ եմ, ինչպես ասում են, արարման պահից։ Դրանք դեռ հետո պիտի ժողովածուի մաս կազմեին, իսկ առաջին ընթերցողներից մեկը լինելս պայմանավորված էր մի քանի տարվա համատեղ աշխատանքով։ Ստեղծագործական շատ հարցեր հաճախ էին դառնում մեր խոսակցության թեման, և արդի հայ գրականության շուրջ՝ ավելի լայնահուն ու երկար ճամփա անցածի նրա կարծիքն ու գնահատականները երբեք չէին ամփոփվում սեփական եսի հոլովույթում։ Իր համար գնահատելին բարձարժեք գրականությունն է, իր տեսանկյունն էլ՝ ուրիշ լինել չէր կարող։

Նվարդ Ավագյան արվեստագետն էլ իր ստեղծագործական ուղին անցել է մեծ քննության ելածի պես։ Հանրության կողմից ընդունված բանաստեղծուհին, նաև՝ որպես մերօրյա հանրապետական թերթի երկարամյա աշխատող, Արցախի լրագրողական բանակի հայտնի ռմբարկուներից էր։ Մայր թերթի էջերում պարբերաբար երևացող նրա հեղինակած հրապարակումների ատաղձը լրագրողի՝ իր երկրի, հայրենիքի առջև պատասխանատվությամբ, ներկայով ու ապագայի մտահոգությամբ ապրելու սկզբունքն էր։

Եվ հենց իր ստեղծած վավերագրական արձակն է տողին առաջնորդել գեղարվեստական խոսքի նոր տիրույթներ։ <<Թալիո>> վեպին ժամանակ անց հետևեց <<Սահմանային գոտի>> պատմվածքների ժողովածուն։ Այս գիրքը հենց առաջին իսկ պատումից ընթերցողին որոշակիորեն տրամադրում է, որ ներկայացվող աշխարհը լինելու է իր հերոսների՝ տարբեր կենսադիրքի տեր մարդկանց, ոչ հաճո, ավելի ճիշտ՝ դաժան առերեսումը սեփական ճակատագրերին։ Եվ, պատում առ պատում, ամբողջանում է մարդուն իր կործանարար ճիրաններում պահող ներհակ հույզերի ու դրամատիկ իրադարձությունների թատերաբեմը՝ որպես իրարամերժ պատկերներից ստեղծված մեր կյանքի խճանկար։

Հեղինակը, լինելով այդ ամենի կիզակետում, թվում է, տեղի տալով նրանց ճակատագրի հանդեպ ունեցած իր մտահոգությանը, հաճախ փորձում է հետ պահել նրանց անկումից, ինքնամերժումից։

Սակայն հերոսները, ընկրկելով կյանքի կտրուկ շրջադարձերից, հայտնվում են անդունդի եզրին։

Ու սահմանային գոտին դառնում է այստեղ հայտնվածների համար բախտորոշ ցատկահարթակ, որը կարող է նրանց բնականոն կյանք վերադարձնել, կամ էլ կուլ տալ անդառնորեն։ Ճակատագրականն ու վճռորոշը՝ բանականության ու հույզերի հետ դաշնությամբ ապրելու ուժն է, սեփական արժանապատվության գիտակցումը, և կողքից ինքն իրեն գնահատելու, իր գորշ ստվերից հրաժարվելու ներքին ազատության դրսևորումը։ Քայլ առ քայլ հետևելով իր հերոսներին, հեղինակն էլ նրանց հետ հայտնվում է սահմանային գոտում, մեկ՝ ահով հետևելով նրանց խելագար վազքին, կյանքի ընդունված կանոնները մերժող ջղագրգիռ փնտրտուքին, մեկ էլ՝ ինքնագոհությամբ, հոգի խաղաղեցնում փրկված հերոսներին ցանկալի հանգրվան հասցնելու համար։ Ասել է թե՝ սահմանային գոտին առկա է բոլորիս կյանքում, երբեմն այնտեղ հայտնվածի կամքի ուժով այն կարող է ընդարձակել իր տիրույթները, ժամանակ ու հնարավորություն տալ կարևոր որոշումներ գտնելու համար, հաճախ էլ, մազե կամրջի պես, առաջին իսկ պահից երերալ՝ փետուրի ծանրություն անգամ չպահելով...

Եվ անդունդի հերթական ավարն իրեն պատած թանձր խավարով ու հոգու համրությամբ մարդն է։ Միաժամանակ, ըստ հեղինակի, սահմանային գոտին նաև մոգական ուժ ու զորություն ունի։ Իբրև հոգու կործանման ու կյանքի սահմանագիծ, հենց այստեղ են ի հայտ գալիս մարդու կենսական բոլոր ուժերը, և ինքնափրկության մղումը նրան տանում է իրական ու երազային ափեր։ Անհատի փրկությունը կյանքից անխնա հարվածներ ստացած ու դրանից ընկրկած մարդու ինքնանորոգման չմարող ձգտումն է, որ բոլոր երազանքներից էլ թանկ է ու միայն ուժերի գերլարումով կարող է իրականություն դառնալ։ Հեղինակը նաև չի խնայել իր հերոսներին, իր ստեղծած աշխարհը չի պատկերել հոռի երևույթները սքողողի կեղծ բարեպաշտությամբ, իրավամբ հետևելով այն իմաստնությանը, որ ճշմարտության դառնահատիկը ոգու զորության հրաշքով կարող է կենաց ծառի փոխարկվել՝ ի հեճուկս ճակատագրի դաժան դիպվածների։ Սա է Նվարդ Ավագյանի <<Սահմանային գոտի>> գրքի կենսահաստատ փիլիսոփայության ուրվագծած սահմանը։