[ARM]     [RUS]     [ENG]

''Դեռ պիտի կերտեմ Մարզպետունու արձանն իր անդավաճան ձիու վրա'' 85-ամյա նահապետը՝ հոբելյանի նախաշեմին

Դավիթ Միքայելյան

 Քանդակագործ, հանրապետության ժողովրդական նկարիչ Ալբերտ Հարությունյանի անունը դեռ անցյալ դարի 50ական թվականներից է շրջանառվում արվեստի համահայկական դաշտում։ Նրա ստեղծագործությունները (քանդակները) զարդարում են ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլեւ նախկին Խորհրդային Միության տարբեր երկրների գողտրիկ պուրակներն ու զբոսայգիները, հրապարակները՝ որպես մշակութային արժեքներ, գրավելով արվեստասերների ուշադրությունը։ Դրանցով այսօր. իրավամբ, հպարտանում է ոչ միայն քանդակների հեղինակը, այլեւ նրա պայծառ երեւակայության ծնունդը հանդիսացող գործերի երկրպագուները։

Ու այսօր 85ամյա հոբելյանի նախաշեմին գտնվող շուրջ 100ի հասնող արձանների ու քանդակների հեղինակը՝ հետադարձ հայացք ձգելով անցած ուղուն, բաց ճակատով ներկայանալով հանրությանը, շարունակում է իր բարձրաճաշակ արվեստով անմնացորդ ծառայել հայրենիքին։

Առաջին լուրջ հանդիպումը գեղարվեստի զարմանահրաշ աշխարհի հետ, կայացավ 1957թ. երիտասարդության եւ ուսանողների համաշխարհային փառատոնի օրերին՝ Մոսկվայում բացված երիտասարդ նկարիչների միջազգային ցուցահանդեսում, ուր Ա. Հարությունյանի <<Հողագործը>> քանդակը գրավեց հանձնախմբի ուշադրությունը եւ արժանացավ առաջին կարգի դիպլոմի։ Ապա տարիների հետ ընդլայնվեց նրա ստեղծագործությունների շրջանակը՝ երիտասարդ հեղինակին բերելով ճանաչում ու հեղինակություն։

<<60ական թվականներին Ստեփանակերտում ստեղծագործող մտավորականների մի հրաշալի ջոկատ էր ձեւավորվել, որը նորանոր խիզախումներ էր ձեռնարկում ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության պայմաններում։ Ես այն երջանիկ արվեստագետներից եմ, ում գործերը դժվարությամբ, բայց այնուամենայնիվ, տեղ էին գտնում Ստեփանակերտի հրապարակներում, պուրակներում եւ զբոսայգիներում. ասում է նա։  Ինձ հաջողվեց աստիճանաբար  հաղթահարել արգելքները, կամք  ու հաստատակամություն դրսեւորել ու  լուսավոր երազներ փնտրել խավարի դեմ պայքարում>>։

Այդ տարիներին էր, որ նա ստեղծեց մի շարք ուշագրավ դիմաքանդակներ, մոնումենտալ ծավալի աշխատանքներ, ձեռք բերեց համահայկական հնչեղության քանդակագործի համբավ։

 Մի օր էլ, ինչպես ասում են, <<կանաչ լույս վառվեց>> իմ առջեւ,-  պատմում է քանդակագործը,- հայրենական Մեծ պատերազմում զոհված  նավթագործների հիշատակին Բաքվում հուշարձան էր նախատեսված կառուցել, ինչի առիթով մրցույթ էր հայտարարվել։ Արցախից մրցույթին մասնակցում էինք ես ու ճարտարապետ Յուրի Հակոբյանը։ <<Ու, քանի որ մենք ազգությամբ հայ էինք, չէինք կարծում, թե որեւէ հաջողության կարող ենք հասնել։ Բարեբախտաբար, մրցույթի արդյունքներն ամփոփվեցին փակ քվեարկությամբ։ Հանձնաժողովը, որի մեջ ընդգրկված էին տարբեր հանրապետությունների արվեստագետներ, մեր նախագիծը լավագույնը ճանաչվեց։ Հետագայում քանդակը ձուլելու ժամանակ ռուս անվանի քանդակագործ Վալենտին Ցիգալը, նկատելով կառուցվելիք համալիրի լայնածավալ մոդելները, քաջալերեց մեզ, ու մեր միջեւ մտերմություն հաստատվեց։ Տարիների ընթացքում ամրապնդվեց մեր բարեկամությունը։ Ու այսօր երախտագիտությամբ եմ հիշում հանգուցյալ իմ վարպետին, ում միջամտությամբ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ  դարձա>>։

Գաղտնիք չէ, թե արցախցի արվեստագետի համար որքան դժվար էր իրականացնել փայփայվող որևէ գաղափար, մտահղացում։ Մարզի ղեկավարների վրա Բաքվի ճնշումները անկատար էին թողնում հայրենասիրական ցանկացած ձեռնարկում։ Այդ առումով, Ստեփանակերտում Մեծ Հայրենականում զոհված արցախցիների հիշատակին կառուցված համալիրը բացառություն էր...

<<1975 թվականին էր, երբ ճարտարապետ Յուրի Հակոբյանի հետ ինքնավար մարզի ղեկավարներին ներկայացրինք համալիրի նախագծերը, հիշողություններն է քրքրում քանդակագործը։  Սկզբում լռության  մատնվեց մեր առաջարկը։ Ապա որոշ ժամանակ անց կուսակցության Ստեփանակերտի քաղկոմի առաջին քարտուղար Զ. Մովսիսյանի միջամտությամբ Բ. Կեւորկովն <<արձագանքեց>> մեր խնդրանքին։ Նրա անմիջական հանձնարարությամբ էլ սկսվեցին համալիրի շինարարական աշխատանքները։ Շաբաթվա մեջ գրեթե մեկերկու անգամ այցելում էր մեզ եւ անձամբ հետաքրքրվում կառույցի ընթացքով։ Մայիսի 9ին, Մեծ հաղթանակի 30ամյակի  կապակցությամբ համալիրը պիտի շահագործվեր։ Ու նա պահանջում էր արագացնել աշխատանքի տեմպերը, շահագրգռված էր, որ կառույցն ինքնատիպ լինի, բայց ոչ <<ճչացող>>։ Մի օր էլ, երբ մեզ այցելեց, կամարակապ պատերն էինք հարթաքանդակում։ Համալիրի շինարարությունն ամբողջովին իրականացվում էր վարդագույն տուֆով։ Զգում էինք, որ ընդհանուր առմամբ, մեր աշխատանքը գոհացնում է նրան, սակայն նկատելով ընդգրկուն ծավալներով սյունազարդ կամարները, բարկացած դիմեց ինձ. <<Ի՞նչ է, մտադիր եք նոր Սարդարապատ կառուցե՞լ Ղարաբաղում... Չլինի՞ ինձ դատարանի առաջ եք ուզում կանգնեցնել։ Դուք մտածում եք, որ ես պիտի պատասխան տամ Բաքվին>>,- իր անհանգստությունը չթաքցրեց Բ. Կեւորկովը>>։

Ասում են, այցելելով հուշահամալիր, Հ. Ալիեւը ժամանակին խիստ կշտամբել է մարզկոմի առաջին քարտուղարին՝ <<խիստ ազգային>> կառույցի համար։ Սակայն հետագայում, Բ. Կեւորկովը մի առիթով, երբ Հայաստանից գրողներ էին ժամանել Ստեփանակերտ, խոստովանել է, թե համալիրը, որ Սարդարապատն է  հիշեցնում, ցնցել է իրեն. <<Այստեղ պարզապես զանգերն են միայն  բացակայում>>,- ասել է նա։ Ի դեպ, Ա. Հարությունյանն է հանդիսանում նաև այստեղ տեղադրված Խորհրդային Միության արցախցի հերոսների հարթաքանդակների հեղինակը, որոնք առանձնակի շուք են հաղորդում հուշահալիրին։

Ալբերտը նաեւ Թուրքմենիայի մայրաքաղաքի մուտքի կոթողի հեղինակն է։ Հանգամանքների բերումով, 40 օր մնալով Աշխաբադում, այցելել էր նկարիչների միություն, ուր էլ նրան առաջարկել էին <<էսքիզներ ներկայացնել մայրաքաղաքի մուտքի կոթողի համար>>։ Մեկ շաբաթ անց նախագծերը պատրաստ էին, որոնք հավանության արժանացան եւ գործը հանձնվեց արցախցի քանդակագործին։ Երբ, կոթողը շահագործվեց եւ հոնորարը բավականին գայթակղիչ էր, մշակույթի նախարարությունը պատվիրեց եւս մեկ հուշարձան կառուցել մայրաքաղաքում, սակայն Ա.Հարությունյանը պատճառաբանեց, թե Ստեփանակերտում կիսատ գործեր շատ ունի ու պիտի ավարտին հասցնի։

Ա. Հարությունյանի կարծիքով, Մուրացանի հուշարձանը, որպես արվեստի գործ, ամենահաջողվածն է, ամենակատարյալը։ Շատ է սիրում նաեւ մայրաքաղաքում տեղադրված Գրիգոր Նարեկացու հարթաքանդակը։ Խորհրդային Միության կրկնակի հերոս, խիզախ օդաչու Նելսոն Ստեփանյանի, ծովակալ Իսակովի արձանները՝ բերդաքաղաք Շուշիում և Ստեփանակերտում։    

Մուրացանի մարմարակերտ հուշարձանի հանդիսավոր բացումը կատարվեց  շուքով, հանդիսավորությամբ։ Մեծ թվով գրողներ ու արվեստագետներ, մտավորականության ներկայացուցիչներ էին հավաքվել։ Բնականաբար, եկել էին եւ  հյուրեր՝ Երեւանից... Ներկա էր ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանը, ով բարձր կարծիք հայտնեց Ա. Հարությունյանի քանդակի վերաբերյալ։

Արվեստագետի գործերում ուրույն տեղ ունեն Հայրենական պատերազմում նահատակվածների հիշատակին՝ Բերդաշենում կառուցված <<Մայր Արցախ>>   հուշարձանը, Մեծ Թաղերում՝ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի կիսանդրին, գրող Լեոնիդ Հուրունցի հարթաքանդակը, որ տեղադրվել է Երեւանում ու Ստեփանակերտում։ Ստեղծագործությունների այդ շարքը երկար կարելի է շարունակել...

<<Ծրագրեր, մտահղացումներ շատ ունեմ,- խոստովանում է Նահապետը։-  Գրեթե ավարտական փուլում է գտնվում Վաչագան Բարեպաշտ թագավորի արձանը։ Մտադիր եմ կերտել Նարեկացու վեհաշուք, մեծածավալ արձանը եւ այն տեղադրել Ստեփանակերտում կառուցված մայր տաճարի տարածքում։ Դա կլինի իմ նվերը՝ հավատացյալ ժողովրդին։ Վաղուց եմ երազում կերտել նաեւ Գեւորգ Մարզպետունու հերոսական կերպարը՝ իր անդավաճան  ձիու վրա>>...