[ARM]     [RUS]     [ENG]

ԴՊՐՈՑՆԵՐՈՄ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԱՆՑԿԱՑՎԻ, ԻՍԿ ԲՈՒՀ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿՀԱՆՁՆՎԻ ՄԵԿ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Այդ մասին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ խոսելով կորոնավիրուսի  պայմաններում ուսումնական տարվա ավարտի և բուհերի ընդունելության գործընթացի մասին։

Այս տարի դպրոցներում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն անցկացվի 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին, ինչպես նաև՝ 12-րդ դասարանի ավարտական քննություններ։ Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա։ Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը։ Փոխադրական քննություններ չեն անցկացվելու նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարններում, ամփոփումը տեղի է ունենալու նույն ձևով։ Այս կարգը կգործի նաև քոլեջներում և ուսումնարաններում, իսկ ավարտական դիպլոմները կստանան մինչև հունիսի 5-ը։ Մեդալի քննություններն այս տարի չեն անցկացվի,  բայց հավակնորդներին հնարավորություն կտրվի մասնակցելու հաջորդ տարի անցկացվելիք քննություններին։

Բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի  ոչ թե մի քանի պարտադիր քննություն, այլª ընդամենը մեկը։ Այն կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում։ Մինչև մարտի 15-ը մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվեն քննությունների համար վճարված գումարներըª փոխանցման միջոցով։

Քոլեջներում և ուսումնարաններում ընդունելությունը կատարվելու է օգոստոսին՝ հիմնականում ատեստատների գնահատականներով, բացի արվեստի և առողջապահական հաստատություններից, որտեղ իրականացվում է մեկական քննություն նույն սկզբունքներով, ինչ բուհերի ընդունելության ժամանակ։

Ա. Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ուսումնական տարին հեռավարով են ավարտելու, առկա լսարանային դասեր չեն լինելու եւ մայիսին նույնպես հեռավար կրթությունը շարունակվելու է։ Ինչ վերաբերում է Վերջին զանգի արարողությանը, նախարարը նշեց, որ համավարակի ավարտից հետո կորոշեն մեկ օր, և այն կանցկացվի։

Ինչպես տեղեկացանք ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնից, որոշ առանձնահատկություններով հանդերձ, Արցախում նույնպես տեղի կունենան նույն գործընթացները։