[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԱՇՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԳ Է

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 Աշոտ Գրաշի-110

 

 <<Ազգ փառապանծ>> (Ա. Բաբաջանյան), <<Գարուն Երևան>> (Ա. Խաչատրյան), <<Հայոց կռունկներ>> (Ստ. Ջրբաշյան), <<Բարի արագիլ>>, <<Շաղոտ-շողոտ>>, <<Անուշիկ իմ քույրիկ>> (Ալ. Հեքիմյան) և  հայոց երգադարանի շատ այլ հանրաճանաչ երգեր հաճույքով լսում ենք՝ հաճախ չիմանալով դրանց տեքստերի հեղինակին, որը մեր հայրենակիցն է՝  բանաստեղծ Աշոտ Գրաշին, որի ծննդյան 110-ամյակը լրացել է այս տարի։ Ինչպես որ կյանքում էր համեստ, աննկատ՝  եթերային իր պոեզիայով, այնպես էլ շարունակում է մնալ հետմահու, չնայած նրա անունն ամենուր ուղեկցվում է երգի ու երաժշտության հետ։ 

Աշոտ Գրաշին (Աշոտ Բաղդասարի Գրիգորյան, Գրաշի գրական  անունը կազմված է բանաստեղծի ազգանվան և անվան սկզբնատառերից) ծնվել է 1910 թ. մայիսի 9-ին՝ Բաքվում։ Արմատներով արցախցի է։ Մարտունու շրջանի Թաղավարդ բնակավայրը հայրական գյուղն է։ Նրա  բազմաթիվ բանաստեղծություններ ղարաբաղյան թեմայով են, բանաստեղծություն ունի նվիրված նաև հայրենի Թաղավարդին։ Գրաշին խորհրդային տարիներին շատ հարվածներ է ստացել գրաքննադատների կողմից, որոնք նրան համարում էին աշուղ, որ, իբր, նրա ստեղծագործությունները գաղափարական խորություն չունեն, նրանցում անտեսված են խորհրդային մարդու բարձր իդեալները, որ գրողը, հեռացած իրականությունից՝ բնության մեջ իր ես-ն է ամփոփել։ Ավ. Իսահակյանն այն քիչ գրողներից էր, որ պաշտպանության տակ էր առել Գրաշուն՝ ասելով. <<Նա գարնան արտույտի պես նետվեց երկինք՝ աշխարհով մեկ Ղարաբաղի գովքը հնչեցնելու>>։

Ինչպես նշեցինք, հայ նշանավոր կոմպոզիտորներ երգեր են գրել Գրաշու բանաստեղծությունների տեքստերով և ամենաշատը՝ Ալեքսեյ Հեքիմյանը, որը, ինչպես հայտնի է, շատ ուշ վերադարձավ իր արմատներին (նրա հայրը շուշեցի էր, որը գրողի վաղ մանկությունից լքել էր ընտանիքը)։ Եվ դրանում մեծ ազդեցություն էր ունեցել Ա. Գրաշին։ Հարցազրույցներից մեկում կոմպոզիտորի որդին՝ Միքայելը, ասել է. <<Ղարաբաղյան թեման հայրիկի մոտ ծնվել է Աշոտ Գրաշու հետ ծանոթանալուց հետո>>։ Սիրված կոմպոզիտորը երգերի շարք ունի՝ նվիրված Ղարաբաղին, որոնց թվում է Ա. Գրաշու բանաստեղծության հիման վրա գրած <<Ղարաբաղի եղնիկ>>-ը։ Եվ  պատահական չէ, որ այդ ծանոթությունից հետո Ալ. Հեքիմյանի մոտ բուռն ցանկություն առաջացավ  լինել Ղարաբաղում, որն իրականացավ 1981թ.։ Նա եղավ նաև Գրաշու հայրենի գյուղում։ Թաղավարդցի թոշակառու մանկավարժ Յուրի Բեգլարյանի համար անմոռաց է այդ հանդիպումը, որի ժամանակ անվանի կոմպոզիտորն առաջարկել էր Գրաշու անունով կոչել գյուղի դպրոցը։ Դա իրականացվեց 1990 թվականին։

Գրաշու ծննդյան 100-ամյակի կապակցությամբ նրա հայրենակից, գրող, լրագրող  Վանիկ Սանթրյանը կազմել և հրատարակել է Գրաշու <<Արի գնանք Ղարաբաղ>> խորագրով ժողովածուն, որի մեջ ամփոփված է գրողի ստեղծագործույթյունների առաջին շրջանի (1934-1954թ.) պոեզիան, մի փունջ այն բանաստեղծություններից, որոնց հիման վրա երգեր են գրել անվանի կոմպոզիտորները։ Հեղինակը գրում է. <<Մոսկվայում, մի հանդիսության ժամանակ ներկա էին Էդուարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Առնո Բաբաջանյանը… Առաջին անգամ պետք է հնչեր Գրաշու <<Ազգ իմ փառապանծը>>-ը։ Առնոն ասաց՝ եթե անգամ մենք երաժշտություն չգրենք, Գրաշու բանաստեղծությունը երգ է։

Գրաշին մահացել է  Երևանում, 1973թ. փետրվարի 28-ին։ Մահացել է, բայց չի մոռացվել, նա ապրում է իր երգերում, բանաստեղծություններում։ Գրաշու անունով փողոց կա Ստեփանակերտում։