[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱՐՏՎԵՑ ԲՈՒՀԵՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Հունիսի 10-ին լրացավ բուհերի ընդունելության  հայտերի ընդունման ժամկետը, որը սկսվել էր մայիսի 25-ից։  Այս տարի մասնագիտությունների ընտրության  և ընդունելության դիմում-հայտերի ընդունման  գործընթացը կատարվել է միաժամանակ ԱՀ գնահատման և թեստավորման  կենտրոնի կողմից՝  պայմանավորված արտակարգ իրավիճակի թելադրած հանգամանքներով։ Ինչպես հայտնի է,  մինչ կորոնավիրուսը, ըստ մասնագիտությունների հայտարարված առարկայական երկու-երեք քննությունների փոխարեն, որոնց համար դիմորդները հայտագրվել էին փետրվար ամսից,  նրանք  հիմա կհանձնեն մեկ քննություն, և անհրաժեշտություն էր առաջացել այն <<վերընտրել>> կամ նորից հայտագրվել։ Եթե նախկինում բուհերն ընդունել են մասնագիտությունների, իսկ ԳԹԿ-ն՝ ընդունելության քննությունների դիմում-հայտերը, հիմա այդ երկու գործընթացն  իրականացնում է վերջինս։ Կարելի է հասկանալ ծանրաբեռնվածության աստիճանն այս օրերին, երբ, չնայած հայտարարվել էր, որ  դիմում-հայտերը ԳԹԿ-ն ընդունելու է առցանց, դրա համար վաղօրոք ուսումնական հաստատություններ ուղարկելով բացատրական նյութերը, որոնք  տեղադրված են նաև ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում, միևնույն է, դիմորդների գերակշիռ մասը  նախընտրել է անձամբ ներկայանալ և տեղում լրացնել հայտերը։ Չնայած ԳԹԿ-ի շենքային ոչ այնքան պատշաճ հարմարություններին, Կենտրոնի ղեկավարությունը  կարողացել է ապահովել հակահամաճարակային սանիտարահիգիենիկ պայմանները և սոցիալական հեռավորություն պահելով՝ ընդունել շուրջ 680 դիմորդի հայտերը։

Ինչպես տեղեկացանք ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանից, լարվածությունը մեծապես պայմանավորված է եղել նաև նրանով, որ դիմորդների մեծ մասը ճիշտ պատկերացում չի ունեցել հայտերի լրացման նոր ձևի մասին։ <<Իհարկե, նրանք մեղավոր չեն, որ վերջին ամիսներին դպրոց չեն հաճախել, և բոլորը չէ, որ ճիշտ են հասկացել ընդունելության նրբությունները։ Դրա համար թե՜ հեռախոսով, թե՜ առկա ձևով նրանց մեկ առ մեկ բացատրել ենք, որ  հետագայում մրցույթի ժամանակ  խնդիրներ չունենան>>։ Ըստ ԳԹԿ տնօրենի՝ խնդիրը հիմնականում կապված  է լինելու դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայության հետ։ Յու. Քարամյանն ասաց, որ առաջնորդվում են ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ, որտեղ նշված է, թե ըստ մասնագիտությունների քանի դիմորդ պետք է ընդունեն անվճար և վճարովի ուսուցման համակարգում։ Նրա խոսքով՝ բացառվում է, որ այս տարի նշված տեղերից ավելի դիմորդներ ընդունեն։ <<Տվյալ մասնագիտությամբ կարող են ընդունվել միայն 1-ին տողով ընդունված դիմորդները,  3-րդ, 4-րդ…, 7-րդ  տողով նշվածները կարող են գալ այստեղ, եթե 1-ին տողով նշվածների դեպքում թափուր տեղեր լինեն։ Այստեղ նրբությունը դա է։ Դա ճիշտ ձև է, քանի որ գերակայությունը տրվում է մասնագիտական կողմնորոշմանը>>,- ասաց նա։

Միասնական քննություններն անցկացվելու  են հուլիսի 1-10-ը՝ քննական կենտրոններում։ Ներբուհական քննությունն անցկացվելու է տվյալ բուհում, ինչպես նաև՝ մրցույթը։ Քննությունների հիմնական փուլն ավարտվելու է հուլիսի 15-ին, իսկ հուլիսի 18-22-ը անցկացվելու է լրացուցիչ փուլ՝ թափուր տեղերի համար։