[ARM]     [RUS]     [ENG]

...ԵՐԲ ՏԵՍՆՈՒՄ ԵՍ ԺԱՄԱՆԱԿԻԴ ԹԵՎԵՐԸ

Անի Մանգասարյան

  ,,Ճեպընթաց,, -ի  իմ ուղեկիցը  բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, հրապարակախոս, բ.գ.դ. ,  պրոֆեսոր,  ԼՂՀ գիտության վաստակավոր  գործիչ Սոկրատ Խանյանն է:

 

Եկա... հողագործ իմ հոր պատվերով  և գորգագործ  իմ մոր համաձայնությամբ: Եկա՝ օջախի սյունը դառնալու համարձակությամբ, որովհետև երկրին երգ էր պետք, երգեր գրեցի, երկրին զենք էր պետք, զենքեր կրեցի:

 

Օրը բացվում է ... հոգսը փեշերին, և ես իմ բաժին հոգսը սիրով եմ քաշում՝ առանց հուշերի գիրկը  նետվելու  և  դառնում եմ  օրվա ծառան:

 

Ամենալավ ժամանակը ... երբ տեսնում ես ժամանակիդ թևերը:

 

Ժամանակը երկար է թվում ...  երբ ոչինչ չես անում  և անիմաստ է իր  անտարբեր վազքով, երբ չես կարողանում այն իմաստավորել:

 

Տարիները ... Աստծո   պարգևած  հզոր թևերն են,  և զորանում ես միայն ու  միայն  ջանքի ավիշով:

 

Անգամ  եթե  տաղանդավոր ես... թե գիշեր ու ցերեկ  չես աշխատում, դառնում ես նույնը, ինչպես՝ բոլորը: Տաղանդը և աշխատանքը շենշող  բարիք են: Տաղանդը և ծուլությունը պալար-չարիք են:

 

Ոգեշնչումը ... կյանքս կյանք դարձնող  իմ անհուն սերն է:

 

Բառը կարող է ... փրկել աշխարհը, կարող է նաև հալածել, կարող է զրկել: Այդ նա է, որ բուժում է  և ենթարկում հավերժական չարչարանքի:

 

Իմաստություն գտա ...  երբ մտա ժողովրդիս արդար պայքարի  շարքերը:

 

Գնում եմ դեպի ...  Մեծն Լոռեցու  երգած Անհունը:

 

Վստահ եմ ...  որ  ինձ չեն մոռանալու, որ իմ թոռները Արարատի գագաթին  ծածանելու են  Հայոց նոր կյանքի  դրոշը:

 

Եթե կարողանայի ... պատասխանեմ բանաստեղծական տողերով .

Առաջին հերթին կմիանայի մայր Հայաստանին,

Արցախի ճամփով  տուն կբերեի  տուֆակերտ Անին,

Վանա ծովի մոտ  կզարկեի իմ ՝ հովվի վրանը,

ափիս մեջ առած  թագավորանիստ  այգեստան Վանը,

Հոգուս մեջ վառած  ֆիդայիների  վրեժ-ցասումը,

կազատեի մեզ էպոս նվիրած բարձր Սասունը,

Սիրտս կտայի  Հայոց Միացյալ  երկրի  լուսայգին,

կնորոգեի  Նոյյան  Տապանը Մասիսի գագաթին: