[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Հուլիսի 2-ին Հայաստանում և Արցախում մեկնարկեցին միասնական քննությունները: Դիմորդները քննություն են հանձնում օտար լեզու առարկաներից: ԱՀ գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանից տեղեկացանք, որ Արցախում հայտագրվել է 119 դիմորդ, որոնցից անգլերեն հանձնում են 96, ֆրանսերեն` 2 և ռուսաց լեզու` 19 դիմորդ: Անգլերենի քննությունն անցկացվում է Ստեփանակերտի հ. 1, հ. 2, հ. 7 դպրոցներում, իսկ ֆրանսերեն և ռուսաց լեզու առարկաներինը` հ. 2 հիմնական դպրոցի քննական կենտրոնում: 

Քննություններն անցկացվում են անվտանգության աննախադեպ պայմաններում` հաշվի առնելով պարետատան որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները:
Հ. 7 դպրոցի քննական կենտրոնում, որտեղ մենք եղանք մինչև քննությունն սկսվելը, ամեն ինչ համապատասխանում էր արտակարգ վիճակի պայմաններին: Քննական կենտրոնի ղեկավար` դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը տեղեկացրեց, որ նախօրեին դպրոցի ամբողջ տարածքը, բակը, մարզադահլիճը, որտեղ անցկացվում է քննությունը, ախտահանվել են:
ԳԹԿ տնօրենի տեղակալ Արև Ղուլյանն ասաց, որ Կենտրոնի կողմից ամեն ինչ արվել է դիմորդների առողջության ապահովության համար: Սոցիալական հեռավորությունը պահպանված է, այդ նպատակով նաև գծանշում է արված: Առավոտյան 8-ն անց կեսին դիմորդները հրավիրվել են քննական կենտրոն` ստանալով սանիտարական անհատական պաշտպանիչ միջոցներ և գրիչ:
Չնայած երկու օր առաջ ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը առցանց հորդորել էր ծնողներին, որ տանը հաջողություն մաղթեն քննություն հանձնող իրենց զավակներին, այնուամենայնիվ, հ. 7 դպրոցի բակում բավականաչափ հավաքվածներ կային: Ստեփանակերտի անչափահասների գործերով բաժնի պետ Վահրամ Բալայանն ասաց, որ հասարակական կարգի պահպանման և նոր կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի նպատակով ոստիկանության կողմից վերակարգեր են նշանակված, իսկ ինքը` բաժնի պետը, վերահսկողության նպատակով շրջում է քննական կենտրոններով, որպեսզի ծառայությունն իրականացվի պատշաճ կերպով:
Քննության թափանցիկությունն ապահովելու համար, ինչպես ամեն տարի, քննական կենտրոնում տեսախցիկ է տեղադրված, և ծնողները բակում գտնվող մոնիտորի միջոցով կարող են հետևել քննության ընթացքին: Ոստիկանության և ԳԹԿ ներկայացուցիչները հետևում են, որ նրանք մոնիտորին մոտենան հինգ-հինգ` պահելով սոցիալական հեռավորությունը:
Մեր այդտեղ գտնվելու պահին քննական կենտրոն հերթով այցելեցին ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը« ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը: Ծնողներից մեկը հարց ուղղեց ԳԹԿ տնօրենին, թե արդյո՞ք դրական ստացած դիմորդը կընդունվի, և ստացավ պատասխան, որ դա կախված կլինի մրցույթից: Քանի տեղ նախատեսված է կառավարության որոշումով, այնքան դիմորդ կընդունվի: Անգլերեն լեզու մասնագիտությունում կա մրցույթ և, բնականաբար, կընդունվեն առավել բարձր միավորներ ստացած և առաջին տողով հայտագրված դիմորդները:
Փորձը ցույց է տվել, որ անգլերեն առարկայի քննությանը դիմորդները լավ պատրաստված են գալիս, հավելեց Յու. Քարամյանը:
ԱՀ ԿԳՄ նախարարը չնայած հունիսի 29-ին էր առցանց հաջողություններ մաղթել դիմորդներին` հորդորելով վստահել իրենց ուժերին, գերադասեց շրջել քննական կենտրոններով, ու նաև առկա ձևով ողջունել դիմորդներին:
Հիշեցնենք, որ արտակարգ վիճակով պայմանավորված` դիմորդներն այս տարի ընդամենը մեկ ընդունելության քննություն են հանձնում: Այս փոփոխությունը դրական գնահատեցին դիմորդներն ու ծնողները այն բանի համար, որ վերջին ամիսներին իմանալով այդ մասին` երեխաները կենտրոնացել են միայն տվյալ առարկայի վրա:
Միասնական քննությանը նախատեսված է 2,5 ժամ: Այս տարի« նախորդ տարիների 5 օրվա փոխարեն« քննությունների գնահատականները հայտնի կդառնան երեք օր անց, բայց դիմորդները կարող են իրենց արդյունքները քննությունից անմիջապես հետո նախապես իմանալ ԳԹԿ կայքում տեղադրված ճիշտ պատասխանների միջոցով:
Հուլիսի 2-ին դիմորդները հանձնեցին նաև ներբուհական քննություն. Արցախի պետական համալսարանում` ընդհանուր ֆիզիկական պատրաստություն առարկան, Շուշիի տեխնոլոգիական համալսարանում` գծագրություն, ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանում` մասնագիտական:

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի