ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵՑԻՆ. ԱՌՋԵՎՈՒՄ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄՆ Է
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հուլիսի 8-ին դիմորդները հանձնեցին վերջին միասնական քննությունները: Այս տարի, համավարակով պայմանավորված, քննություններն անցան մեկ փուլով` առանց լրացուցիչ փուլի: Ինչպես տեղեկացանք ԱՀ ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանից, հուլիսի 11-12-ին ՀՀ բողոքարկման հանձնաժողովը կքննարկի ստացված բողոքները, կուղարկվեն դիմորդների` ճշգրտված գնահատականներով ցուցակները, որից հետո ԳԹԿ-ն ձեռնամուխ կլինի ընդունելության մրցույթի անցկացմանը:
Այս տարի, իրավիճակով պայմանավորված, դիմորդները հանձնել են մեկ քննություն: Նախորդ տարիներին էլ եղել են մասնագիտություններ, որտեղ դիմորդներն ընդունվել են մեկ քննությամբ: Սակայն այն մասնագիտությունները, որտեղ մրցույթը մեծ է, հանձնում էին 2 կամ 3 քննություն, ինչպես, օրինակ, ՙՖինանսներ՚, ՙԻրավագիտություն՚, ՙՄիջազգային հարաբերություններ՚, ՙԲուժական գործ՚: Լա՞վ է, թե՞ վատ, որ այս տարի դիմորդները հանձնեցին մեկ քննություն: Ընդհանուր առմամբ, նրանք ու ծնողները գոհ են դրա համար, քանի որ ստիպված չէին ամեն քննության համար սթրեսի ենթարկվել: Եվ ամենակարևորը` երկու կամ երեք առարկա պարապելու փոխարեն վերջին մի քանի ամիսներին դիմորդները կենտրոնացել են մեկ առարկայի վրա, որը տվյալ մասնագիտության համար պրոֆիլային է: Մեկ քննություն հանձնելը լավ է այն դիմորդների համար, ովքեր բարձր միավոր վաստակելով` արդեն իսկ իրենց ընդունված են համարում, կամ էլ դրական գնահատական ունենալով` հնարավորություն ունեն առաջին հայտով ընտրած մասնագիտությունում մրցույթով չանցնելու դեպքում մասնակցել ուրիշ մասնագիտությունների կամ բուհերի այն մասնագիտությունների թափուր տեղերի մրցույթին (եթե, իհարկե, ժամանակին հայտագրվել են), որտեղ մրցութային քննությունը նույն առարկայից է: Բայց վատ է այն դիմորդների համար, ովքեր այդ մեկ քննությունից չեն հաղթահարել 7,5 միավորի շեմը. նրանք արդեն կտրվել են և չեն կարող ընդունվել մեկ այլ մասնագիտության գծով: Նախորդ տարիներին այդպես չէր: Դիմորդը, երբ, օրինակ, ՙԻրավագիտություն՚ մասնագիտության համար պահանջվող երեք առարկաներից որևէ մեկից բացասական գնահատական էր ստանում, շարունակում էր հանձնել մյուս երկու քննությունները և« դրական ստանալու դեպքում« ընդունվում այդ առարկաները մրցութային համարվող ցանկացած մասնագիտություն: Այս դեպքում մասնագիտական կողմնորոշումը երկրորդ պլան էր մղվում: Արցախի պետական համալսարան ամեն տարի շուրջ 150 դիմորդ այդպես էր ընդունվում:
ԳԹԿ տնօրեն Յու. Քարամյանն ընդունելության կարգում այս նորամուծությունը դրական է համարում: Ըստ նրա` հիմա մասնագիտորեն կողմնորոշված երեխաներն են բուհ մտնում: ՙԴա մենք քննարկելիս ենք եղել տարիներով, և այս տարի, համավարակով պայմանավորված, առիթ է եղել, որ ընդունելության կարգում փոփոխություն մտցնենք: Ինը տարի գործում էր 2012թ. կառավարության որոշմամբ հաստատված կարգը: Ճիշտ է, որոշ կոսմետիկ փոփոխություններ կատարվել էին, բայց դրանք սկզբունքային չէին: Հիմա, ելնելով իրավիճակից, այս տարվա համար փոփոխություններ կատարեցինք կարգում և օգտվելով առիթից` նաև այդ սկզբունքային փոփոխությունը կատարեցինք՚,-ասաց Յու. Քարամյանը:
ՙՄենք պետք է պատրաստենք մասնագետներ, ոչ թե բոլորին տանք բարձրագույն կրթություն՚,-պնդում է Յու. Քարամյանը` սխալ համարելով տարբեր մասնագիտություններով հայտագրումը: Նա կողմ է, որ դիմորդը հայտագրի մեկ մասնագիտություն, բայց տարբեր բուհերի համար. ՙԵրեխան ուզում է դառնալ ֆինանսիստ կամ իրավաբան, Հայաստանում և Արցախում ինչքան բուհեր կան այդ մասնագիտությունները պատրաստող, թող դրանց մրցույթին մասնակցի: Այսինքն` մասնակցի մեկ մասնագիտության, բայց տարբեր բուհերի մրցույթների: Դա նշանակում է, որ նա նվիրված է այդ մասնագիտությանը: Բայց երբ նրա համար կարևորը ոչ թե մասնագիտությունն է, այլ բուհ ընդունվելը, այդ կրթությունը իմաստ չունի: Որ ավարտելուց հետո իրենց մասնագիտությամբ չեն աշխատում` պատճառներից մեկն էլ դա է: Դրա համար էլ խնդիրը սկզբից պետք է լուծվի, ոչ թե վերջից: Մենք պետք է երևույթի պատճառները գտնենք, ոչ թե հետևանքները վերացնենք: Կրթության հիմնական նպատակը մասնագետներ պատրաստելն է, ոչ թե սոցիալական խնդիրներ լուծելը՚:
Հասկանալի է, որ այս պարագայում համալսարանները բողոքելու են, քանի որ բավարար քանակով ուսանողներ չեն ունենա:
Այդ մտահոգությունը հնչեց օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ, ինչի առնչությամբ նա ասաց. ՙԹույլ առաջադիմություն ունեցողները չպետք է ընդունվեն բուհ: Մենք չպետք է խնդիր դնենք մեզ համար ապահովել բուհերի գոյատևումը: Եթե դրա արդյունքում Հայաստանում բուհեր են փակվելու, թող փակվեն: Եթե արդյունքում մենք պետք է գնանք մասնագիտությունների, ֆակուլտետների, բուհերի միավորման, պետք է անենք այդ քայլերը, որպեսզի ունենանք բովանդակություն և արդյունք՚:
Մի քանի օրից կանցկացվի ընդունելության մրցույթը: Այստեղ ի հայտ կգա մեկ քննության հարուցած բացասական կողմը. դժվար է լինելու մրցույթի անցկացումը, հատկապես ՀՀ բուհերին Արցախին հատկացված տեղերի համար: Բանն այն է, որ սահմանափակ քանակով տեղերի համար կարող է մրցեն հավասար միավորներ ստացած դիմորդներ: Օրինակ` Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի 4 անվճար տեղերի համար պիտի մրցակցի քիմիա առարկայից ՙ20՚ միավոր ստացած հինգ դիմորդ: Մրցույթն անցկացնող ԳԹԿ-ն հավասար միավորների դեպքում առաջնորդվելու է կարգով սահմանված այլ չափորոշիչներով (տվյալ մասնագիտության առարկաներից հանրապետական օլիմպիադաներում, տարբեր մրցույթներում դիպլոմը, ատեստատի միջին գնահատականը և այլն):