ԳԼԽԱՎՈՐ ՊԱՀՈՑՆ ԻՐ ՀՈԳՍ ՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
95 տարի առաջ` քաղաքական գործիչ Արմենակ Կարակոզովի նախաձեռնությամբ և մի խումբ ընթերցասեր մտավորականների ջանքերով, ԼՂԻՄ ժողկոմսովետը որոշում ընդունեց գրադարան հիմնելու մասին։
Գրադարանը սկզբնական շրջանում տեղավորված էր Ստեփանակերտի Կոմունիստական փողոցի թիվ 1 տանը։ Այն համարվում էր մի յուրահատուկ դպրատուն` ընթերցասերների համար, այստեղ էին անցկացվում անգրագիտության վերացման խմբակի պարապմունքները։
Գործունեության նախնական փուլում գրադարանն ուներ 2097 կտոր գիրք, 50 ընթերցող՝ օրական 15-20 հաճախականությամբ, և մեկ աշխատող։ Բոլոր գրքերը նվիրատվություններ էին։ 1925 թվականից գրքային ֆոնդն սկսում է հարստանալ պետության կողմից հատկացված միջոցներով։ Տարեցտարի գրադարանային կյանքն աշխուժանում է՝ ավելանում են գրքային ֆոնդը, ընթերցողների թիվը, հաճախումները, աշխատատեղերի քանակը։ Կազմակերպվում էին հանդիպումներ նշանավոր մարդկանց, գրողների հետ։ Հատկապես նշանակալից էր հանդիպումը բանաստեղծ Հակոբ Հակոբյանի հետ /1928 թ./, ով նույնպես մեծաքանակ գրքեր է նվիրել գրադարանին։ Գրադարանը կրում էր Մաքսիմ Գորկու անունը։ 1961 թվականին գրադարանին տրամադրվեց նոր, հարմարավետ շենք Կիրովի փողոցի վրա /ներկայումս՝ ազատամարտիկների, թիվ 3/։ 1989-ից գրադարանը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը։ 2009 թվականից գրադարանավարներն ունեցան իրենց տոն օրը՝ հոկտեմբերի 7-ը, ինչը գրադարանային աշխատողների աշխատանքի գնահատման ևս մեկ վկայություն է։
Շատերն հենց այստեղ՝ Մ. Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում են բարեկամացել գրքի հետ, նրանց համար շատ մութ անկյուններ են լուսավորվել, հարցերը՝ պատասխան ստացել։ Միշտ բարեհամբյուր, աջակից, միշտ ժպտերես՝ այսպես են հիշում ընթերցողները գրադարանի աշխատողներին։ Իսկ միջոցառումները, գրական երեկոները, հանդիպումները՝ ջերմ, անմիջական։ Պատերազմի հետևանքով տուժել են հանրապետության տարածքում գտնվող բոլոր գրադարանները։ Հանրապետական գրադարանի շենքը ևս տուժել է արկերի բեկորներից, բայց, բարեբախտաբար, ընդհանուր պահոցը չի տուժել։ Հանրապետական գրադարանի տնօրեն Անաիդա Բաղրյանը, ով քառորդդարյա գրադարանային աշխատանքի փորձ ունի, ուրախությամբ է փաստում, որ ընթերցողների թիվն օր-օրի ավելանում է, նույնիսկ արդեն ընթերցողների հաշվառման քարտերը չեն հերիքում։ Գրադարանային ֆոնդում այսօրվա դրությամբ առկա է 176 հազար 521 կտոր գիրք, ընթերցողների թիվը 3325 է, հաճախումները՝ 55 հազար 986, իսկ տածքը՝ 81 հազար 585։ Այս վերջին շրջանում ընթերցողների մեծ հոսք է նկատվում, հատկապես ակտիվ են դպրոցականներն ու ուսանողները, բացի ծրագրային գրականությունից՝ գեղարվեստական գրականությունն է պահանջված նաև, մի մասն էլ գալիս է օրաթերթերի համար: Այժմ, երբ ընթերցասրահը ժամանակավորապես չի գործում, թերթերի հավատարիմ բարեկամները գալիս, ոտքի վրա վերցնում, նայում են ու գնում։ Նախկինում գրադարանը ստանում էր շուրջ հարյուր անուն թերթ ու ամսագիր, ներկայում՝ ընդամենը 19 անուն թերթ ու 5 ամսագիր։ Անցած տարի գրադարանը ձեռք է բերել 348 միավոր նոր գրականություն, որից 187 միավորը նվիրատվություն է։ Այս տարվա ընթացքում էլ գրքային ֆոնդը թարմացվել-հարստացել է նոր հրատարակություններով, փորձում են նորահրատարակ գրքերը ձեռք բերել ըստ ընթերցողների պահանջարկի։ Այդքանով հանդերձ, գրադարանը հանդիսանում է նաև հանրապետության գլխավոր պահոցը... Այստեղ են պահվում ՙՍովետական Ղարաբաղ՚ թերթի հավաքածուները` 1923 թվականին լույս տեսած առաջին համարից մինչև մեր օրերը, բացակայում է 1991թ . հավաքածուն միայն, 1992-94 թթ., ճիշտ է, ոչ լրիվությամբ, բայց պահպանվել է։ Հարուստ գրականությունից բացի, պահպանվում են նաև խորհրդային շրջանի բոլոր թերթերն ու ամսագրերը։ Պահոցի հավաքածուներից օգտվում են ուսանողները, գիտաշխատողները, ամենատարբեր միջոցառումների կազմակերպիչները, պատմաբան Հրանտ Աբրահամյանը շուրջ երկու տարի օգտվել է պահոցի հավաքածուներից, և ոչ միայն նա։
Հանրապետական գրադարանի աշխատողները հուսով են, որ հեռու չէ այն օրը, երբ կունենան նոր շենքային պայմաններ՝ ժամանակակից բոլոր հնարավորություններով։ Այսօր, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները կայուն ու մնայուն տեղ են զբաղեցնում մեր կյանքում ու կենսոլորտում, և ընթերցողների մի զգալի մասը գիրքը փոխարինել է համացանցով, այնուամենայնիվ, շատ-շատերը նախապատվությունը տալիս են գրքի հետ անմիջական շփմանը։ Իսկ գրադարանի իրավասու ու համերաշխ կոլեկտիվը, պահպանելով տարիներով ստեղծված ու արմատավորված լավագույն ավանդույթները, միաժամանակ փորձում է քայլել ժամանակին համընթաց։