ԱՐՑԱԽԸ ԺՈՂՈՎՐԴԻՍ ԲՅՈՒՐԵՂԱՑԱԾ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է ...
Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Օրը կարճ է ... Ժամանակը թվում է երկար ու առաձգական, սակայն այդ՝ հարաբերականորեն մեզ տրված ժամանակահատվածը, անցնում է ակնթարթի պես, իսկ հաճախ, այն ակնթարթից էլ քիչ է թվում։ Առօրյա հոգսերով ծանրաբեռ չենք էլ գնահատում մեր օրը՝ ասել է թե՝ մեզ տրված ժամանակը, որը մեզանից ցավոք հեռանում է անդարձ-անվերադարձ... Բացահայտենք մեր օրը, մեր ոչ միայն հացիվ, այլև բանիվ կենսակերպ-ապրելակերպը, մեր առաքելությունը ... բացահայտենք արվեստագետի, ուսուցչի, աշխատավորի, հողի մշակի, գրողի, բժշկի, մի խոսքով՝ ամենքի ու յուրաքանչյուրի հետ։ Մեզնից յուրաքանչյուրն այս արևի տակ իր առաքելությունն ունի, իր անելիքն ու ասելիքը, և փառք Աստծո՝ մարդ արարածը միայն հացիվ չէ... Ճանաչենք մեր երևելիներին, նվիրյալներին, Երկրի արժանավոր ու արժանապատիվ քաղաքացիներին, ունկնդիր լինենք նրանց խոսքին ու ակնդիր նրանց գործին ու պահվածքին, բացահայտենք մեր մերձավորին, որի անունն է՝ Երկրի Քաղաքացի, իսկ հակիրճ՝ նվիրյալ... ՙԲացահայտում ՚ հյուրասրահի իմ առաջին հյուրն է Արցախյան շարժման առաջամարտիկ, ԱՀ Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր, գեղանկարիչ Սերգեյ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ։
-Կյանքը ակնթարթ է, և այդ բովանդակ ակնթարթի մեջ ի՞նչպես է ապրում Սերգեյ Առստամյանը...
- Ավելի ճիշտ՝ կյանքի իր ակնթարթներն է ապրում նկարիչ Սերգեյը, ով շատերի պես գալիս է իր մանկությունից։ Երկրորդ-երրորդ դասարանից նկարելու փորձեր էի անում, յոթ տարեկան էի, երբ ձեռքս ընկավ հայ-ռուսական կերպարվեստի առնչություններին վերաբերող մի գիրք, Բաշինջաղյան, Սարյան, Այվազովսկի, ռուս հայտնի նկարիչներ ու այդ օրվանից անդառնալիորեն սիրահարվում ու իմ կյանքը կապում եմ նկարչական արվեստի հետ։ Յոթերորդ դասարանում արդեն համոզվեցի, որ գտել եմ իմ աշխարհը և այդ աշխարհի միջոցով պիտի բացահայտեմ ինձ ու առ այսօր էլ բացահայտում եմ։ Ավարտեցի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այդ ընթացքում ծառայեցի նաև խորհրդային բանակում ու վերադարձա Ստեփանակերտ։ Թոթովանքները վերջացան, սկսվեց հասուն փնտրտուքների շրջանը, ներքին բացահայտումների, հետագիծ թողնելու շրջանը։ Չեմ կարող ասել՝ բավարարված եմ, գոհ կլինեի այն ժամանակ, եթե շարունակեի կրթությունս, գնայի երազանքներիս հետևից, բայց կյանքն իր չգրված օրենքներն ունի. ես ծնողներիս միակ արու զավակն էի և պիտի տուն վերադառնայի, նրանք իմ կարիքն ունեին, մորս աչքը տունդարձիս ճանապարհին էր։ Չեմ փոշմանում, կյանքը ինձ՝ ազատ ունկնդրիս համար, ակադեմիա է, նաև բնավորությամբ պրպտող էի ու գնալով խորացա, վրձնելով իմ Աշխարհը։ Ակադեմիական հմտություններն ինձ անհրաժեշտ կեցվածքի մեջ են պահում, ես այդ ոճով նկարելու պահանջ եմ զգում, կապ չունի` բնանկար է, դիմանկար, թե նատյուրմորտ... դեղձն այնպես պիտի նկարես, որ նայողը շոշափողի զգացողությունն ունենա, նրա վրայի թավիշը զգա։
- Կարո՞ղ ենք ասել, որ դու քո ժամանակը բացահայտել ես քո կտավներով։
- Միանշանակ, բայց պիտի հավելեմ, որ նաև ապրելուս իմաստն եմ բացահայտել գույների լեզվով ու խաղով, և ի վերուստ տրված միակ հնարավորությունը փորձել եմ ծառայեցնել ժողովրդիս։ Քառորդ դար է, ինչ արվեստանոցում եմ, ստեղծագործում եմ։ Մինչև վերջ հնարավորություններս մզել-քամել եմ փորձում։ Եթե իմանամ, որ ապրելուս տասնհինգ օր է մնացել և արձակված է դատավճիռս, կրկին կձգտեմ ներկերս մինչև վերջ օգտագործել։ Իմ կարծիքով, յուրաքանչյուր մարդ մինչև վերջ պիտի օգտագործի ի վերուստ իրեն տրված ՙներկերը ՚... Ես կյանքի, արարման կարոտ ունեմ, կարոտ, որն ինձ մղում է ստեղծագործելու, իսկ ստեղծագործական աշխարհը կանգառ չունի։ Անիմաստ ապրող և մշտապես կյանքից դժգոհող մարդկանց չեմ հասկանում։ Մեր կյանքին իմաստ հաղորդողը մենք ենք ու միայն մենք։ Յուրաքանչյուր պահ պիտի ձգտենք ճիշտ ապրել, սոսկ գոյատևելը խորթ է իմ հոգուն, սրտին և կյանքի հանդեպ իմ ընկալումներին։ Շտապիր ապրել՝ սա ինձ համար օրվա ու ժամանակի հրամայական է։ Ես ներդաշնակության ձգտել եմ ոչ միայն արվեստում, այլև ողջ կյանքիս ընթացքում։ Շատ եմ կարևորում ներդաշնակությունը բոլոր բնագավառներում և հատկապես ընկերական հարաբերություններում։
- Ապրածդ տարիների գլխավոր դասը ո՞րն ես համարում։
- Մեծագույն դասը կյանքն ինքն է որ կա, Օմար Խայամը կասեր՝ ՙԵթե քո կյանքից գեթ մի պահ անցնի, չթողնես առանց խնդության անցնի, կյանքի իմաստը հենց ինքն է, որ կա, ինչպես որ ապրես, այնպես էլ կանցնի ... ՚:
- Արվեստի նվիրյալ լինելուց զատ, դու նաև երկրիդ քաղաքացին ես, ո՞րն է քաղաքացու քո բանաձևումը։
- Երկրի քաղաքացու գոյաբանությունը յուրաքանչյուրիս արյան մեջ է, Երկիրը մոր պես մշտապես ներկա է մեր կյանքում, և որպես քաղաքացի՝ ողջ գիտակցական կյանքի ընթացքում պատասխանատվություն ենք կրում նրա հանդեպ... 1992-ից կամավորական ջոկատների կազմում էի, բանակի կազմավորումից հետո էլ շարունակել եմ ծառայել, 1994 թվականի վերջերին գեներալ Իվանյանի հրահանգով մի խումբ նկարիչներով խնդիր ենք ստացել ձևավորել նորաստեղծ ուսումնական կենտրոնը։ Բանակից զորացրվել եմ 1995 թվականին, երբ արդեն հաստատված էր հրադադարը։ ԱՀ պետական պարգևներից ՝ ՙԵրախտագիտություն՚ և ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալների էսքիզների հեղինակը ես եմ։ Սա է իմ կյանքի հակիրճ ՙՈդիսականը՚, իսկ եզրահանգումը՝ ես քաղաքացի եմ, թե ոչ, թողնում եմ ձեզ ... ՀՀ Ազգային պատկերասրահի հավաքածուում իմ գործերից էլ են ընդգրկված, այնպես որ՝ ՙՀըբը կյանքս ի՞նչի անցավ՚ հավերժահունչ հարցը իմ պարագայում պատասխան ունի։
- Քո վրձնով Արցախյան բացահայտումներ շատ ունես... իսկ խոսքո՞վ...
- Արցախն իմ ժողովրդի խտացված, բյուրեղացած պատմությունն է, իմ հայրենիքն է, որտեղ հանգչում են նախնիներիս աճյունները, և որտեղ նաև հյուլեական իմ մասնակցությամբ կերտվում է Գալիքը՝ Ծովից Ծով Հայաստանը` երազանքից իրականության վերածելու տեսլականով հուսավառված։