ԵՐԲ ՀՈՂԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է
Վան Նովիկով
Ազատամարտիկ –գյուղատնտես-այգեգործի կռիվը հիմա քար ու մացառուտի հետ է։ Գյուղի երբեմնի բարեբեր սևահողերը սրտացավ մշակին սպասելու պարապից հոգնեցին և որոշեցին հանձնվել անտառին։ Թփակալվեցին, մացառոտվեցին։ Տասնամյակներով պարապ հողատերն իր բաժին սեփականության տեղը միայն թղթով լավ գիտի։ Ուզող եղավ՝ տասնապատիկ թանկ կվաճառի, չեղավ՝ թող մացառի ու թղթի բաժին մնա։
Անտառային արահետն անընդհատ ոլորվում է վեր, այնքան, մինչև համոզի, որ մոլորվել ես։ Մրգատու այգի՜։ Անտառամիջո՜ւմ։ Ամառային տապն ու արկածախնդիր ճանապարհն ափսոսում են ճամփու դնել մյուրիշենցի գյուղատնտեսին փնտրող անծանոթին։ Հասցնում են մինչև Ռաֆիկի ամրոցայգու անմատչելի դարպասներն ու հանձնում բախտի քմահաճույքին։ Կուզես՝ ասպետավարի փակ դարբասի բարձունքը գրավիր, չես ուզի՝ ճանկռոտելով մացառապարիսպը ճեղքիր։ Թեժ պայքար մացառների դեմ։ Երկու դեպքում էլ՝ հերոսական ճիգերիդ վաստակած բերկրանքը երկար չի տևի։ Վերջացող վայրի անտառի ու ձեռակերտ այգու սահմանապահը, սարսափազդու՝ մեկ, երկու, թե երկգլխանի գամփռ է /համենայն դեպս, անսպասելիությունից ու վայրագ շոգից նման տպավորությունը բացառված չէ/։ Նույն շոգի ազդեցությամբ, կարելի է մտածել, թե այլընտրանք ունես, բայց նախընտրելի է քնած զույգ գամփռները շրջանցող ճանապարհը, և անաղմուկ առաջանալն այնքան, մինչև Ռաֆոն խունացած զինվորական համազգեստի թևքով աչքերից կսրբի քրտինքն ու կնկատի։ Մինչ այդ պահը, թերևս, ոչ-ոք այդչափ չի փայփայել այն փրկարար հույսը, որ այս կյանքում, գոնե վերջին անգամ, այգեգործ կտեսնի։ Ոդիսևսը վկա։ Նորատունկ ծառերի արանքում մի ձեռքով բանջարանոցային մշակաբույսեր, մյուսով՝ կաթիլային ոռոգման խողովակները հողին պահ տվող տիկինը՝ ուսուցչուհի Նարինեն, վերջինն է նկատում ամուսնու թիկնապահությամբ մոտեցող մահապարտիս։ Հողոտ ձեռքը պաշտպանության առած դեմքին՝ քրտնած արևն արծաթափայլ է ժպտում։ Այդ պահին հողի մշակին կարոտած տարեց ընկուզենին կփարթամի?։ Ծղրիդների երգ-երգոցը Ռաֆոյի ձայնից բարձր է հնչում, բայց առանց ներդաշնակ ձայնակցության ընկուզենու հեքիաթը կիսատվելու էր։
Երբ մացառուտները խեղդող օղակի մեջ էին առել շրջակայքն ու սպառնում էին հասնել անտառ, սահմանապահ ընկուզենին գիտեր, որ Ռաֆոն մարտադաշտից կգա... ու մեջք-մեջքի՝ մեկ հեկտարանոց հողակտորին նոր կյանք կտան։ Ընկուզենին գիտեր, որ երբ հողը պահող կա՝ վերադարձող անպայման կլինի։ Եկավ։ Երկնեց հողը։ Ծնվեցին նոր ընկուզենիներ։ Հետո խնձորենի, սալորենի, կեռասենի... Հաստաբուն ընկուզենին տասնամյակներով կարոտել էր հողն ամուր փայփայող ձեռքերին ու քրտնաթոր հողվորի թիկունքին։
Պապերի տնկած ընկուզենին ու Ռաֆոն միմյանց երբեք չեն հարցնում՝ երբ է հողը հայրենիք դառնում, որովհետև հողը տիրոջը չճանաչեր՝ չէր ծաղկի։ Մատղաշ տերևներով ընկուզենիներն իրենց անդրանիկ պտուղներով շնորհակալ ծիկրակում են պապին ու Ռաֆոյին։
Երկու-երեք տարեկան են տնկիները։ Անտառային սևահողն անգամ ամռանն է խոնավ ։ Պետք է միայն ձեռք մեկնել, որպեսզի առողջ մեծանան։ Կաթիլային ոռոգման համակարգն իսկն այստեղի համար է։ Պետությունն էլ այգեգործին է ժամանակին ձեռք մեկնել։ Համագյուղացիները, մինչդեռ, թերհավատ են։
-Ռաֆո, դրանք մինչև բերքատու դառնան՝ աչքդ ջուր կկտրի։
Մինչդեռ ոչ-ոք չնկատեց, որ ծերուկ ընկուզենին այլևս միայնակ չէ։ Միչդեռ ոչ -ոք չգիտի, որ այգեգործը երազում թոռների հետ զբոսնում է՝ ճաքճքած իր ձեռքերով հիմնած այգում ։
-Մեր պապերն ու հայրերը անտառներ, այգիներ հիմնեցին ու ավանդեցին մեզ։ Մենք ի?նչ ենք թողնելու մեր սերունդերին...
Ռաֆոյի հայացքը միշտ հեռվում է։ Վերջերս զորացրված որդին, սարեր այն կողմ, կորցրած անասուններն է փնտրում։ Մինչդեռ՝ շոգի ինկվիզիցիայի ահից, դժվարանում եմ քիթս ընկուզենու ստվերից սանտիմետր անգամ դուրս թողնել։
…Ռաֆոն ներքին համոզմունք ունի՝ որդին քաղաք չի գնալու…
Հ.Գ.Մարտունու շրջանի 5 գյուղական համայնքերի գյուղատնտես, այգեգործ Ռաֆիկ Խաչատրյանը բնակվում է հայրենի Մյուրիշենում։ Ազատամարտի մարտադաշտերից վերադառնալուց հետո ձեռնամուխ է եղել հայրենի հողը ծաղկեցնելու գործին։ Նրա գործունեությունը չի շրջանցում գյուղատնտեսության գրեթե ոչ մի ճյուղ՝ անասնապահություն, հողագործություն, մեղվապահություն, ջերմոց և այլն։ Վաստակած եկամուտից էլ երբեմն մասհանումներ է կատարում՝ նպատակաուղղելով հայրենի գյուղի ենթակառուցվածքների բարելավմանը։Այգեգործն ափսոսանքով է նշում, որ համայնքի նախկինում բարեբեր սևահողերի մեծ մասը, տարիներով անմշակ մնալու հետևանքով, ներկայում թփակալվել են։ Մյուրիշենի տարածքի բարձրադիր անտառների շնորհիվ այստեղ հողը գրեթե միշտ խոնավ է։ Ըստ այգեգործի՝ կաթիլային ոռոգումն անհրաժեշտ է տնկիների բնականոն աճի համար պահանջվող խոնավությունը մշտապես պահպանելու համար։ Վարձակալական հիմունքերով ձեռքբերված 1 հեկտար հողատարածքում մշակվող այգին Ռաֆիկ Խաչատրյանը նպատակ ունի ընդլայնել՝ հարակից կրկին թփակալված հողամասի հաշվին։ Այդուհանդերձ, հարևան անմշակ ու մացառապատ վարելահողերի սեփականատերերն այնքան էլ հակված չեն դրանք մատչելի գներով վաճառելուն կամ վարձակալական հիմունքերով տրամադրելուն։ Ռ. Խաչատրյանի հաղորդմամբ, որոշ հողատարածքների սեփականատերերի մասին էլ միայն անուններով են լսել, այն էլ՝ գյուղապետարանի գրանցամատյանով միայն։ Այգու հողամասը Խաչատրյանների ընտանիքը վարձակալել է պետպահուստային ֆոնդից, որը նախկինում նույնպես անհայտ հասցեով սեփականատիրոջ է պատկանել։ Տարիներ շարունակ անմշակ մնալու հետևանքով այդպիսի հողահանդակներն աստիճանաբար թփակալել են։ Ներկայում դրանք մշակության համար վերստին պիտանի դարձնելը կրկնակի աշխատատար ու ծախսատար է։ Խաչատրյան ընտանիքի՝ հիմնականում բարձրադիր վայրերում աճող մրգատեսակներով այգում, աչքի են զարնում ընկուզենիները։ Մյուրիշենցի այգեգործն այգին ընդլայնելու նպատակ ունի։ Հարևան թփակալված ու անմշակ հողամասի սեփականատիրոջ հետ՝ փոքրիշատե մատչելի գնի շուրջ, տևական բանակցոություններն առայժմ շարունակվում են։