[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԸ` ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Նոր ուսումնական տարվա առթիվ հերթական ավանդական ուսուցչական խորհրդակցությունը Ստեփանակերտում էր: Խորհրդակցությունների մեկնարկը տրվել էր օգոստոսին և անցկացվել բոլոր շրջաններում ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի մասնակցությամբ:

Մայրաքաղաքի ուսումնական հաստատություններում անցած ուստարվա աշխատանքների ամփոփ հաշվետվությամբ հանդես եկավ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի վարիչ Թերեզա Ղարախանյանը: Ապա ԿԳՄ նախարարն արժեքավոր գրքերով պարգևատրեց ամառվա ընթացքում նախարարության կողմից հայտարարված ընթերցանության ֆլեշմոբին ակտիվորեն մասնակցած աշակերտներին ու նրանց ուսուցիչներին:

ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը ներկայացրեց սովորողների արտաքին ընթացիկ գնահատման, քննությունների հայտագրման, բուհերի ընդունելության գործընթացի, ներառական կրթության հարցերի վերաբերյալ տեղեկություններ:

ԿԳՄ փոխնախարար Միքայել Համբարձումյանն անդրադարձավ բոլորին հետաքրքրող ուսումնական պլանին` նշելով, որ առարկայացանկում, գնահատման համակարգում փոփոխություն չկա: Տեղեկացրեց, որ լրամշակվել և հաստատվել են մի քանի կարգեր, Ազգային ժողովի քննարկմանն են ներկայացված ՙՀանրակրթության մասին՚ օրենքում փոփոխությունները, օրակարգում է ՙՀեռավար կրթություն իրականացնելու՚, ՙԵրկարօրյա ծառայությունների մասին՚ իրավական փաստաթղթերի հաստատումը: Անդրադառնալով ուսուցիչների թափուր տեղերին` փոխնախարարը ցավով նշեց, որ հանրապետության դպրոցներում ազատ է ընդհանուր 6700 ժամ, տեղերը լրացվել են ընդամենը 15 տոկոսով: Նա ուսուցիչներին կոչ արեց, որ յուրաքանչյուրը գոնե մեկական հետնորդ պատրաստի: Ըստ նրա` այս հարցի շուրջ պետք է մտածել ազգովի:

Իր ելույթը ԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանն սկսեց նրանից, որ աշխարհը գնում է դեպի ուսուցչի մասնագիտություն, քանի որ այն ամենահրատապն է, նրանից է կախված հասարակության բարեվարքությունը, բոլոր մասնագիտությունների որակը կապ ունի ուսուցչի տված գիտելիքների հետ: Նա ընդհանուր գծերով ներկայացրեց ԿԳՄ նախարարության առաջիկա 5 տարիների քաղաքականությունը` նշելով, որ ՀՀ-ի հետ Արցախը գտնվում է նույն կրթական դաշտում, և պատմականորեն ու ժառանգորեն կապված ենք միմյանց հետ: Տեղեկացրեց, որ սեպտեմբերի 19-ին Արցախում հյուրընկալվելու է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, և համատեղ ընդգրկուն քննարկումներ կծավալվեն կրթության նոր չափորոշիչների վերաբերյալ: Երկու նախարարությունների միջև կստորագրվի հուշագիր այն մասին, որ Արցախը մասնակցի կրթական իրավական բոլոր փաստաթղթերի մշակմանը, որ արվում է ՀՀ-ում, որպեսզի Արցախի ուսուցչությունն ունենա իր առանցքային խոսքը: Նա վստահեցրեց, որ Արցախը կներկայացնի իր տեսակետը` առանց հուզական երանգների, առանց թեման քաղաքականացնելու. ՙՄեր հիմնական քաղաքականությունն ազգային արժեքների փոխանցումն է, պահպանումը և հանրահռչակումը: Մենք այս հայեցակարգից դուրս չենք գալու: Գիտենք` ուր ենք գնում և ինչի համար ենք գնում. սա է մեր տեսլականը՚:

Լ. Ղարախանյանն այնուհետև անդրադարձավ ուսուցիչների սոցիալական ապահովության երաշխիքներին` հույս հայտնելով, որ դրանք չեն ուշանա, քանի որ հարցը գտնվում է բարձր իշխանությունների ուշադրության ներքո: Նա հորդորեց ուսումնական հաստատությունների ղեկավարներին լավ տիրապետել ոլորտի իրավական փաստաթղթերին: Համակարգը լինելու է շատ թափանցիկ: Այս տարվա առաջին դասարանցիների թվայնացված ընդունելությունը ցույց տվեց, թե ինչքան դրական կողմեր է ապահովել այն, և շարունակելու են վերահսկողությունն իրականացնել այդ կերպ:

Լ. Ղարախանյանը մերժողական վերաբերմունք արտահայտեց որոշ կոլեկտիվներում տիրող խմբավորման երևույթների դեմ` ասելով, որ կողմ է խմբային /թիմային/ մտածողությանը, բայց ոչ խմբավորմանը: Չպետք է ուսումնական հաստատությունում լինեն ղեկավարի ֆավորիտներ: Կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ իրեն պետք է արժանապատիվ զգա: Այս եզրակացությանը նա հանգել է պաշտոնավարման հարյուր օրվա ընթացքում քաղաքացիների` տարբեր օրերի ընդունելության արդյունքում ունեցած տպավորությունների հիման վրա։

Ավարտելով խոսքը` Լ. Ղարախանյանն համոզված ասաց, որ հետևողական է լինելու նախարարության սկզբունքը պաշտպանող որոշումներում:

Խորհրդակցությունը եզրափակեց ԱՀ պարետ Ժիրայր Միրզոյանը:

Շարունակելով նախարարի այն միտքը, որ ուսուցչի մասնագիտությունը եղել և միշտ էլ լինելու է արդիական` նա ասաց. ՙԵս` որպես պարետ, համարում եմ, որ այս տարվանից ուսուցչի պաշտոնը լինելու է ամենաճակատագրականը: Արցախում ավելի ճակատագրական պաշտոն, քան ուսուցչինն է, տնօրենինը և դպրոցի վարչական աշխատողներինը, ես չեմ տեսնում, քանի որ սեպտեմբերի 14-ից բոլոր ուսումնական հաստատությունները դառնալու են մեր երկրի հանրային ամենամեծ շփումների օջախը: Համավարակի դեմ պայքարը բոլորիս պարտականությունն է, բայց ես այսօր դիմում եմ ձեզ` որպես մտավորականության, որպես մեր երկրի խնդիրներին ծանոթ և բավականին ներուժ ունեցող մարդկանց՚: Նա կոչ արեց կրթական հաստատություններում դրսևորել հակահամաճարակային ամենապատասխանատու վարքագիծ` ասելով, որ այլ ճանապարհ չունենք համավարակի դեմ պայքարելու: Տեղեկացրեց, որ վաղվանից տրամադրվելու են համավարակի դեմ պայքարի ուղեցույցները: Դպրոցներն ապահովված կլինեն բոլոր անհրաժեշտ նյութերով և ջերմաչափող սարքերով: Բայց որքան էլ կատարյալ լինեն համավարակի դեմ կարգերը և բավարար` նյութերը, ամենակարևորը բարձր գիտակցականությունն է, որն իբրև վարքագիծ պետք է սերմանվի նաև աշակերտների մեջ, ընդգծեց պարետը:

Խորհրդակցությանը բոլոր ելույթ ունեցողները պատասխանեցին ներկաների հարցերին: