ԲԱՑՕԹՅԱ ԳՐԱԴԱՐԱՆ
Լուսինե ՇԱԴՅԱն
Ստեփանակերտի Ազատամարտիկների միության պուրակն այսուհետ հետաքրքիր ու ցանկալի վայր կդառնա ոչ միայն փոքրիկների, այլ նաև ընթերցասերների համար: Այգում իր դռներն է բացել առաջին բացօթյա գրադարանը:
Այս անգամ Awesome foundation Artsakh հիմնադրամը հաղթող է ճանաչել փողոցային գրադարան ունենալու գաղափարի հեղինակ Մարիամ Գևորգյանին։ ՙԳրքերի ու ընթերցանության հանդեպ ունեցած առանձնահատուկ սիրուց ծնվեց նախաձեռնությունը: Ոգևորված եմ շատ, նաև վստահ, որ այն խթանելու է ընթերցասիրությանը: Գիրքը չպետք է դարակում մնա ու փոշի հավաքի: Այն պետք է անընդհատ շրջանառվի ու կյանք ստանա: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօր գիրքը հետաքրքրում է երիտասարդներին՚:
Հեղինակի խոսքերով՝ նույն թեմայով հիմնադրամ հայտ էր ներկայացրել նաև Դմիտրի Սահակյանը: Ունենալով նույն պատկերացումներն ու գաղափարները, որոշեցին հանդես գալ համատեղ նախագծով: Նրանց միացան մարդիկ, ովքեր ևս հետաքրքրված են ծրագրով: ՙԱՀ ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանը ողջունեց մեր գաղափարը և պատրաստակամություն հայտնեց ցանկացած հարցով աջակցել մեզ՚,- նշում է հեղինակը՝ համոզված, որ նորարարական ծրագիրն ընթերցանության նոր ալիք կբարձրացնի մեր քաղաքում:
Մասնագիտությամբ Մարիամը գյուղատնտես է՝ բույսերի պաշտպան: Աշխատում է ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում: Սիրում է իր աշխատանքը, նպատակ ունի կրեատիվություն ցուցաբերել նաև այս ոլորտում:
Գրադարանի բացառիկությունը բացօթյա լինելու մեջ է: Մշակույթի ժամանակակից այս վայրը պատրաստ է սիրով հյուրընկալել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ընթերցել, գիրք գնել, նվիրել, կարծիքներ փոխանակել, գրքի մասին քննարկումներ կազմակերպել: Այստեղ հնարավոր կլինի նաև բազմապիսի միջոցառումներ անցկացնել, ինչպես« օրինակ« Գիրք նվիրելու տոնը: Գրադարանի գրքերում դրոշմված ՙԲացօթյա գրադարան՚ կնիքը կօգնի վերահսկողություն սահմանել գրքի վրա:
Փոքրիկ գրադարակներում տեղադրված գունագեղ գրքերը հետաքրքրեցին նաև փոքրիկ Մարիային: Մարիամը նշեց, որ աղջնակն իրենց առաջին ամենափոքրիկ գրքասերն է. ՙՄշակում ենք նաև գաղափարներ, որոնք կհետաքրքրեն հենց երեխաներին՚:
Ինչ խոսք, բացօթյա գրադարան ունենալն իսկապես ողջունելի ու հետաքրքիր գաղափար է: Հաճելի է, երբ անցորդները կանգնում ու հետաքրքրվում են գրադարակի պատերին գրված հայ և արտասահմանյան գրականության նշանավոր դեմքերով: Իսկ այգու մաքուր օդում, իրականությունից զերծ գիրք ընթերցելով, հաստատ կգտնենք երբևէ ինչ-որտեղ կորցրած մեր մի մասնիկը: