ԱՐՎԵՍՏԱԳԵՏ, ՈՒՄ ԿԱՐՈՏՈՎ Է ՀԻՇՈՒՄ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Այսօր նա կդառնար 70 տարեկան
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կոլեկտիվի անդամները, հանդիսատեսները, արվեստի երկրպագուները ցավով ու ափսոսանքով, նաև հպարտությամբ են հիշում նրան: Անկեղծ լինենք, հպարտանալու, գնահատվելու (մեծարվելու) առիթ մեկ անգամ չէ, որ նրան ընձեռվել է` բեմարվեստին անմնացորդ նվիրվելու, իր տաղանդը հանդիսատեսին շռայլորեն նվիրաբերելու համար...
Սամվել Վիրաբյան մարդը, արտիստը, արվեստագետը երևույթ է հայկական բեմում, ով ավելի քան 40 տարի անմնացորդ նվիրվեց թատրոնին, ստեղծեց բազմաթիվ մնայուն կերպարներ ու, որպես տաղանդավոր դերասան, հավերժեց հանդիսատեսի, ժողովրդի հիշողության մեջ: Նրա պատկառազդու տեսքն ու խրոխտ ձայնն այնպես ներդաշնակ ու ընդգծված, տիպական էին, որ դերասանին հնարավորություն տվեցին հախուռն կերպով ինքնաբացահայտվել ամենաբարդ ու հակասական իրավիճակներում: Ս. Վիրաբյանն ՙանկաշկանդ՚ ՙճեմում՚ էր բեմում ու ցանկացած դեր խաղում համոզիչ, ինքնատիպ ոճով՝ վիրաբյանական երանգներ հաղորդելով մեկնաբանվող կերպարին:
1976-ին էր։ Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ավարտական քննությունների ժամանակ Զիմզիմով էր խաղում Սունդուկյանի ՙՊեպո՚ պիեսում։ Բեմադրությանը ներկա էր նաեւ այն ժամանակվա Ստեփանակերտի պետթատրոնի տնօրեն, անվանի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանը, որը շատ հավանեց Սամվելի խաղը եւ անկաշկանդ զրույցի ընթացքում անձնական մտերմություն հաստատվեց նրանց միջեւ։ Գ. Գաբրիելյանը երիտասարդ դերասանին հրավիրեց Արցախ եւ առաջարկեց անդամագրվել պետական թատրոնի կոլեկտիվին։ Այդ օրվանից էլ Ս. Վիրաբյանն անմնացորդ կապվեց Արցախ աշխարհին։ Եկավ, երբ ծանր ժամանակներ էին ու, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պատճառով, երիտասարդները հեռանում էին։ Եկավ, ու Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը դարձավ նրա երկրորդ հարազատ օջախը, ուր եւ մարմնավորեց շուրջ 120 մնայուն կերպարներ։ Հետագայում Սամվելը խոստովանեց, որ ամենասիրված դերերն ինքը հենց այստեղ է խաղացել եւ իրեն երջանիկ է համարում, որ ՙբախտ է վիճակվել խաղընկեր դառնալ երախտավորներ Թամարա Մելքումյանին, Բենիկ Օվչյանին, Սուրեն Համզոյանին, Մարգո Բալասանյանին՚...
ՙԹատրոնն իմ տարերքն է, ու ես նրանով եմ հաղորդակցվում հանդիսատեսին, ժողովրդին, որը ոգեշնչման պահին հոգեւոր սնունդ է մատակարարում...,- ասում էր Ս. Վիրաբյանը։ -Դրական կերպարներն ինձ ավելի հոգեհարազատ են, որոնք ինքնամաքրվելու, զուլալվելու հնարավորություն են ընձեռում եւ մշտարթուն պահում իմ հավատը։ Հատկապես պատասխանատվության մեծ զգացում ես ապրում, երբ դասական կերպար ես մարմնավորում։ Դա ուղղակի երջանիկ առիթ է, որով դերասանը փաստորեն հղկում է իրեն, կյանքի կենսափորձ ձեռք բերում, կատարելագործում իր խաղարվեստը։ Շատ եմ հուզվում, մանավանդ, երբ գլխավոր դեր եմ ստանձնում։ Գերլարված ու ներամփոփ ապրումների մեջ կյանքը կարծես թե նորովի է բացում իր գաղտնիքները, մարդկային փոխհարաբերությունների ծալքերը։ Ու ավելի զգաստ ես դառնում, սթափ հայացքով փորձում ընկալել կյանքի երեւույթները։ Ուզում ես, որպեսզի աշխարհի երեսից չարն իսպառ վերանա եւ բարին ընդմիշտ հաղթանակի՚…
Սիրված դերասանի խրոխտ ձայնը հանդիսատեսներից շատերին է հմայել եւ, որպես աղոթքի շշունջ« հավերժել նրանց ունկերում։ Ճշմարիտ արվեստն, իրոք, ապրեցնում է մարդուն՝ նրան մղելով արարման եւ ոգեշնչման։ Այդ տեսակետից Սամվելն իր սերնդակիցների մեջ բացառիկ այն երջանիկներից է, որին հաջողվել է ՙսրտեր գերել՚ եւ շարունակ ընդլայնել իր կերպարների շրջանակը։ Նրա խաղի մեջ ոչ միայն տեսանելի, այլեւ ՙշոշափելի՚ են կերպարների խառնվածքն ու բնավորությունը, ժամանակի բարդ ու հակասական երեւույթները, ինչը վկայում է դերասանի անառարկելի վարպետության մասին։ Խոսքն ու դիմախաղը փոխհյուսվում են իրար, եւ նա ձգտում է նորովի ընկալել ու բացահայտել աշխարհը, ուրվագծել փորձությունների մեջ հայտնված հայ մարդուն (Ժորա Հարությունյան, ՙԱյստեղ ապրել է մարդը՚) դրամատիզմով լի կյանքը, նրա ապրումներն ու զգացումները, տագնապներն ու ոգեւորությունը։ Եվ, անգամ իր խռովահույզ, փոթորկող հոգու ճիչն ընդհանրացնելով (Վարդան Ադամյանի կերպարում), երեւակայության շնորհիվ յուրովի բացահայտելով իր աշխարհը, նա մնում է միշտ խորհող ու լավատես։
Հատկանշական է, որ Սամվելը ցանկացած ներկայացման մեջ, լինի դա ողբերգություն, կատակերգություն կամ պատմական դրամա, տաղանդի ուժով կարողանում է իր ոճն ու ինքնությունը հաստատել, ստեղծել ՙսեփական ձեռագիրը՚` միշտ անվրեպ մնալով հանդիսատեսի ուղեկցող հայացքից, որը նրա բեմարվեստին սիրահար է ու անհամբերությամբ է սպասում նոր կերպարի մարմնավորմանը։
ՙԻմ ստեղծագործական անցած ճանապարհի համար ես պարտական եմ բեմի ուսուցիչներիս՝ արվեստագետներ Ռուբեն Զարյանին եւ Լուիզա Սամվելյանին, ճանաչված ռեժիսոր, հանգուցյալ Հովհանես Կարապետյանին, որոնք օգնեցին իմ տեղը գտնել բեմում եւ հանդիսատեսին հուսախաբ չանել,- հաճախ էր խոստովանում Սամվելը։ -Ես բազմանդամ ընտանիքում եմ մեծացել։ Եվ, բնականաբար, պարտական եմ եւ ծնողներիս։ Ի դեպ, գլխավոր ՙմեղավորը՚ հենց հայրս է, որ ինձ ճակատագրով ընդմիշտ կապեց թատրոնին« եւ ես ոտից գլուխ սիրահարվեցի... Նա հրաշալի երգում էր Սայաթ Նովայի, Ջիվանու եւ Հավասու երգերը, իսկ թատրոնի համար պարզապես գժվում էր, ու երբեք փող չէր խնայում, որպեսզի 9 երեխաներով նոր ներկայացման գնանք,- վերհիշում էր դերասանը։ -Տարիներ առաջ էր, Արցախից հյուրախաղերի էինք մեկնել Վանաձոր՝ իմ ծննդավայրը« եւ ՙԽաչմերուկ՚ բեմադրության մեջ գեներալ-բժիշկ Վարդանի գլխավոր դերը պիտի խաղայի։ Հայրս, որ վատառողջ էր եւ մորս հետ եկել էր ներկայացումը դիտելու, այդպես էլ չկարողացավ կողմնորոշվել, որ ես եմ գեներալի կերպարը մարմնավորում։ Ու ներկայացումն ավարտվելուց նա հուսահատ գոռաց. ՙԷս իշու ձագը բա ու՞ր մնաց՚։ Ես կուլիսներից դուրս եկել« սպասում էի նրա շնորհավորանքներին։ Նա թե՝ ՙՏղա, դու էն գեներալի դերը խաղացողի պես արտիստ պիտի դառնաս, որ քեզնով հպարտանամ՚։ Ես նրան ասացի, որ թատրոնի ՙգեներալը՚ հենց ես եմ։ Հայրս հայացքը բարձրացրեց եւ հուզմունքից արցունքախառն ասաց. ՙՏեր Աստված, տանս արտիստ ծնվեց...՚։
Զրույցի ժամանակ Սամվելը բազմաթիվ կերպարների էր անդրադառնում, որոնք նա կերտել է Ստեփանակերտի պետական թատրոնում։ Նա չէր թաքցնում, որ իր համար ամենասիրված դերերն են Բարխուդարն ու Ռուստամը (ՙՆամուս՚), Արամյանը (ՙԽաչմերուկ՚), Գիժ Դանիելը (ՙՉար ոգին՚), Կամիլոն (ՙՁմեռային հեքիաթ՚), Գարեգինը (ՙՔո սերը՝ քո տունն է՚), Գոգին (ՙ40 օր համբառնալուց առաջ՚), շուրջ 50 կերպարներ։ Ս.Վիրաբյանի մնայուն դերակատարումներից է մնում ՙԱրցախյան Բալլադ՚ (Վ.Հակոբյան) ներկայացման մեջ նրա կերտած գյումրեցին, որն առանձնանում է իր հարուստ կոլորիտով։
Մի առիթով, երբ Սամվելին հարցրի, թե արմատներով ո՞ր կողմից է սերվում, նա լրջացավ, ապա տեղիք տալով կատակին ասաց, որ ինքն էլ է մի տեսակ դժվարանում կողմնորոշվել։
ՙԵս պատմեմ՝ ինքներդ որոշեք, թե որն է իմ ծննդավայրը,- ժպտում ու քրքրում է կենսագրության էջերը։ - Պապս ղարսեցի է, գաղթական, տատս՝ գյումրեցի, ինքս Լոռվա աշխարհում եմ ծնվել, բայց ապրում եմ Ստեփանակերտում։ Կինս Արցախից է, բայց չկարծեք թե բնակություն եմ հաստատել Ստեփանակերտում ու նոր միայն ամուսնացել։ Դեռ Երեւանում էի, երբ Միքայելն ու Վարդուհին լույս աշխարհ եկան։ Հետո մյուս երեք զավակներս Արցախում ծնվեցին« ու այժմ բազմազավակ հայր եմ, չորս թոռնիկների պապիկ... Սիրտս նեղվում է, երբ լսում եմ, որ տեղանուններով՝ իրար ղարաբաղցի, սիսիանցի, ապարանցի կամ լոռեցի են կոչում, չեմ հանդուրժում նման ՙտարանջատումը՚, ուղեղիս մեջ տեղավորել չեմ կարողանում։ Մի՞թե դրա համար էր Արցախյան ազատամարտը, ազգային ազատագրական սուրբ շարժումը, որ այնքան կորուստներ ունեցանք։ Դեռ որքան չլուծված հիմնախնդիրներ կան, եւ առաջնահերթ` Արցախի խնդիրը։ Իսկ նոր փորձություններին դիմակայելու, վերջնական հաղթանակ ապահովելու համար միմիայն համերաշխությամբ ու միասնությամբ կարող ենք բռունցքվել ու անպարտելի մնալ՚,- գտնում էր նա։
Սամվել Վիրաբյանի համոզմամբ, խաղաղությունից թանկ բան չկա աշխարհում։ Երբ նրան հարցնում էի, թե ինչ կցանկանար մաղթել ժողովրդին, ասում էր. ՙՊատերազմ բառը թող էլ չօգտագործվի, մանավանդ« որ ինքս ուղղակի խորշում եմ դրանից։ Առիթից օգտվելով` կցանկանայի օրհնել մեր աղջիկներին՝ ՙթող իրենց տանողի տանը մնան՚, ծնեն եւ Հայրենիքի համար խիզախ ու քաջարի արծիվներ դաստիարակեն՚...